Երեխաները սոցիալական պաշտպանության կարիք ունեն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 18, 2010 17:25
Ենոք Շատվորյան

Ենոք Շատվորյան

«People in need» չեխական կազմակերպությունը՝ տեղական գործընկեր  «Հույս և օգնություն» հկ-ի հետ համատեղ լրագրողների մասնակցությամբ կազմակերպել էր «Երեխաների աշխատանքը ՀՀ-ում» թեմայով կլոր սեղան- քննարկում, որը նպատակ ուներ բարձրաձայնել երեխաների սոցիալական խնդիրները:

«Հույս և օգնություն» հկ-ն ներկայացնող Ենոք Շատվորյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց «Սաքո» 5-րոպեանոց սոցիալական հոլովակի դիտումը, որը պատմում է  բազալտի մշակման արտադրամասում 13-ամյա Սարգիսի դժվար աշխատանքի մասին: «Այս տղան աշխատում է այնպիսի պայմաններում, որ ծանր է համարվում նաև մեծահասակների համար,- ասաց Շատվորյանը,- բացի այդ, նա ձեռնոց չունի, իսկ քիթն ու բերանը պաշտպանված չեն քարի հղկելուց առաջացած փոշուց»:

Շատվորյանն ասում է, որ Հայաստանում երեխաների զբաղվածության և աշխատանքային գործունեության մասին շատ քիչ վիճակագրություն գոյություն ունի:

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների` 2008 թ. հաշվառված է գործատուների մոտ օրինականորեն ձևակերպված 1100 16-18 տարեկան  երեխա, որոնց  ներդրումը բոլոր աշխատողների համամասնությունում կազմում է 0.1 տոկոս: Իսկ  2004 թ. այդ ցուցանիշը եղել է 3000 երեխա և 0.3 տոկոս:

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը պատրաստել է «Անչափահասների աշխատանքը Հայաստանում» զեկույց, որը ներկայացրեց Միրա Անտոնյանը:

Ուսումնասիրությունն արվել է 2007 թ.հունիս-դեկտեմբեր ամիսներին 1066 տնային տնտեսություններում: Այն Հայաստանում անչափահաս երեխաների աշխատանքային պայմանների ու  զբաղվածության մասին ամենաթարմ զեկույցն է:

Ուսումնասիրությանը մասնակից տնային տնտեսություններից 369-ը Երևանում են, իսկ 697-ը այլ մարզերում և գյուղերում: Ըստ մարզերի բաշխվածության` երեխաների զբաղվածությունն ամենաշատը Շիրակի մարզում է` 15.6 տոկոս, իսկ ամենաքիչը` Երևանում` 3 տոկոս: «Դա կապված է երկրաշարժի և դրան առնչվող այլ խնդիրների հետ»,- ասաց Անտոնյանը:

Երեխաների փող աշխատելու դրդապատճառներից գերակշռում է ընտանիքների նյութապես անապահովության խնդիրը` 64.6 տոկոս, իսկ 27.2 տոկոսը դա անում է ինքնահաստատվելու և գրպանում գումար ունենալու նպատակով:

Երեխաների հետ աշխատող խումբն առնչվել է տարբեր իրավիճակների, որոնցից մեկը պատմեց Միրա Անտոնյանը: Նա ասում է, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում, մի ընտանիքի մայրը ստիպում էր 11-ամյա երեխային արթնանալ առավոտյան ժամը 6-ին և կթել 11 կովերը, որովհետև ինքն այդ ժամանակ պետք է կթեր գյուղի ֆերմայի կովերը, որտեղ աշխատում էր: «Չէ ՞որ այդ ժամանակ երեխան պետք է քնած լինի, կամ ինչպե՞ս կարելի է երեխային այդպես ծանրաբեռնել»,- ասում է նա:

Միրա Անտոնյան

Երեխաների աշխատանքի մեկ այլ օրինակ էր Էջմիածնի վանքերից մեկի բակում մի երեխայի ձեռքի աշխատանքների վաճառքը: «Իհարկե, լավ է, որ երեխան պատրաստում է ձեռքի աշխատանքներ,- մեկնաբանում է Անտոնյանը,- բայց վաճառքի պահը երեխաների հոգեբանության վրա լավ չի ազդում: Չէ՞ որ նրանք ընկնում են հաճախորդների հետևից և խնդրում գնել այդ իրերը»:

Անտոնյանն ասում է, որ երեխաների աշխատանքը կիրառող գործատուների մեծ մասը չի պահպանում աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կանոններն ու պայմանները:

«Մինչդեռ երեխաներն այս կամ այն պատճառով աշխատում են` զրկված լինելով մանկության փոքրիկ ուրախություններից և ամենակարևորը` կրթության հաշվին,- ասաց նա,- որովհետև, մանավանդ բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքների ժամանակ երեխաները ամիսով չեն հաճախում դպրոց»:

Ուսումնասիրությունը եզրափակվում է  «արգելք,  թե՞ կանխարգելում» հռետորական հարցով:

«Քանի որ Հայաստանը աղքատության բարձր մակարդակ ունի և շատ ընտանիքներում երեխաների վաստակած գումարը զգալի ներդրում է ընտանիքի բյուջեում, ճիշտ չէ արգելել երեխաների աշխատանքը,- ասաց Անտոնյանը,- մանավանդ, որ նրանք դա կարող են անել թաքուն, սակայն պետք է ուղղորդել  գործընթացը, որպեսզի նրանց աշխատանքը հնարավորինս չվնասի ու չխաթարի երեխաների մանկությունը»:

Դիտվել է 2984 անգամ:
Print Friendly

Leave a Reply