«Մենք մեզ չենք ուզում որևէ մեկից գերադասել, բայց որևէ մեկն էլ հաստատ մեզնից գերադասելի չէ». Ա. Ռուստամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 4, 2012 17:38

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Դաշնակցության` “միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ” կարգախոսով հասարակության լայն շերտերին համախմբելու նախաձեռնությանը:

“Այս նախաձեռնությունը բխում է մեր այն ձևավորված համոզումից, որ`

-նախ անհրաժեշտ է ձևակերպել և ընդունել այն առաջնահերթությունները, որոնց իրագործմամբ է հնարավոր դուրս բերել երկիրը այս տևական տեղապտույտից և ապահովել նրա անվտանգ ու արագընթաց զարգացումը, —

-առկա է ընտրությունների նկատմամբ հասարակության ծայրահեղ անվստահություն, առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չունի հասարակության մոտ բավարար վստահություն,

-ընտրությունները անխուսափելի իշխանափոխության վերածելու գործնականում միակ հնարավորությունը ընդդիմադիր զանգվածի լիարժեք համախմբումն է,

-վերջապես Հայաստանի ապագան կախված է նրանից, թե պետության ապագա գլուխը որքանով է այս մարտահրավերները կարևորելու և կստանձնի դրանք հաղթահարելու հանձնառությունը”:

Ըստ Ռուստամյանի` Հայաստանին այսօր պետք է ազգային պետական ուղեգիծ, որպեսզի երբևէ չզիջենք մեր շահերն ու նպատակները զարգանալու պատրվակով, ազատություն և ժողովրդավարություն է պետք, որպեսզի չզիջելու համար հնարավոր լինի զարգանալ, արդարություն է պետք, որպեսզի հանուն ներազգային համերաշխության բոլորին տրվեն հավասար հնարավորություններ և բոլորն օգտվեն ստեղծված բարիքներից. “Սա է երաշխավորում Դաշնակցության առաջարկած 7 կետանոց օրակարգի կատարումը”,-հավաստիացրեց նա,-հետևաբար, առանց միասնական օրակարգի ընդունման և դրա կատարումը երաշխավորող ճանապարհային քարտեզի համաձայնեցման անպտուղ և սին է միացյալ թեկնածուի որևէ փնտրտուք”:

Միաժամանակ, ռուստամյանը հայտարարեց. “Մենք մեզ չենք ուզում որևէ մեկից գերադասել, բայց որևէ մեկն էլ հաստատ մեզնից գերադասելի չէ”:

Ռուստամյանը բոլորին հրավիրեց դեկտեմբերի 6-ին խորհրդաժողովի՝ ավելի լայն լսարանի առջև քննարկելու միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ գնալու ստեղծված հնարավորությունը:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply