Պետբյուջե 2013-ի քննարկումն ամփոփվեց. ընդդիմությունը դեմ է քվեարկելու

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 4, 2012 17:17

2013 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերամշակված տարբերակը չգոհացրեց խորհրդարանական ընդդիմությանը: ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու ՀԱԿ-ը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին: Իր դիրքորոշման մասին որևէ հայտարարությամբ հանդես չեկավ ԲՀԿ-ն: Փոխարենը բյուջեի նախագիծը դրական համարեցին Օրինաց երկիր և Հանրապետական խմբակցությունները:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում հարց ուղղեց ընդդիմադիր գործընկերներին. «Լավ, էդ բյուջեում հեչ մի փոքր լավ բան չկա՞: Այլ բան է, որ ասեք `բաշխումը լավ չեք կատարել կամ էս ինչ բանը կարելի է էսպես անել, բայց մի ասեք` բյուջեն վատն է: Գոնե ասեք` բավարար չէ»:

Քանի որ Գալուստ Սահակյանը կարծում է, որ «ոչ» ասելով առաջ չեն շարժվում, ուստի նա հայտարարեց, որ իրենց խմբակցությունն «այո» է ասելու բյուջեի նախագծին:

Նրան նաև զարմացնում է այն, որ ընդդիմադիր գործընկերները միջանցքում մի բան են խոսում, ամբիոնից` մի ուրիշ բան: «Եթե նեղանալու լինի, ամենաշատը հանրապետական խմբակցությունը պիտի նեղանա, քանի որ մեր առաջարկները մեծ մասամբ  չեն ընդունվել,-ասաց Սահակյանը:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ. «Կառավարության պարտականությունն է ընդդիմության քննադատության մեջ գտնել համագործակցության եզրեր, և մենք անկեղծորեն փորձել ենք դա անել»,-ասաց նա:

Նա ներկայացրեց, թե ինչ առաջարկներ ու դիտողություններ են եղել, որոնցից կառավարությունը փորձել է օգուտ քաղել: Այն առաջարկները, որոնք վերաբերում էին բարեփոխումներին` ստվերային տնտեսության կրճատմանը, ինչ ճանապարհով կարելի է դրան հասնել, կառավարությունը պատրաստ է դրանց շուրջ շարունակել երկխոսությունը. «Այո, ևս մեկ անգամ հավաստիացնում եմ, որ շատ առաջարկություններ կան, այդ թվում նաև ընդդիմության կողմից, որոնք համահունչ են մեր պատկերացումներին, թե ինչպես պետք է կրճատել ստվերայնությունը, ինչպես պետք է ավելացնել մրցակցությունը, և մենք պատրաստ ենք օրենսդրական փոփոխությունների շրջանակներեում շահագրգիռ քննարկումների միջոցով այդ հարցերը հասցնել իրենց տրամաբանական ավարտին»-ամփոփեց վարչապետը:

Նախագիծը քվեարկության կդրվի վաղը:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply