Մարզերից տեղափոխված հուշարձանաքարերի հարցը կքննարկվի Հանրային խորհրդում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | December 4, 2012 16:24

Վերջին ամիսներին մարզերից մի քանի տասնյակ հին հուշարձանաքարերի կամ ինչպես ասում են՝ բեկորների տեղափոխումը Երևան դարձավ հասարակական խռովության նոր պատճառ: Ստեղծվեց հասարակական նախաձեռնություն, որի անդամները հանդես եկան բողոքով՝ պահանջելով վերադարձնել դրանք իրենց նախնական վայրեր:
“Նախնյաց հետքերով” հասարակական կազմակերպության նախագահ Արման Մխիթարյանին այս ամենն անհանգստացնում է ոչ միայն այն պատճառով, որ անորոշ են այդ միջոցառման վերաբերյալ տրվող պատասխանատու մարմինների մեկնաբանությունները, այլև նրա մտքից չի հեռանում վատ նախադեպը.”Լոռվա բերդում հոյակերտ խաչքարեր կային, որոնցից մեկն առավել ինքնատիպ էր: 2007 թ. այն տեղափոխվեց Ֆրանսիա ցուցադրության, սակայն մինչ օրս չի վերադարձվել: Պարզ չէ՝ ով է դրա պատասխանատուն, ումից պետք է պահանջել այդ խաչքարը “:
Արմանը ենթադրում է, որ նման դեպքեր էլի են եղել, սակայն հանրությունը դրանց մասին տեղյակ չէ:
Նախաձեռնող խմբի անդամներն իրենց մտահոգությունները ներկայացրել են նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Նոյեմբերի 30-ին Հանրային խորհրդում տեղի ունեցավ քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, սակայն այն կրում էր առավելապես աշխատանքային բնույթ: Քննարկման նպատակն էր կլոր սեղանի շուրջ լսել կողմ և դեմ տեսակետները, հասկանալ խնդրի էությունը և ի վերջո պարզել՝ պե±տք է այդ խնդիրը Հանրային խորհրդում դնել քննարկման:
Նախնական քննարկմանը մասնակցում էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, ՀԽ ազգային արժեքների պահպանության ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը, վերականգնող հուշարձանագետ Ստեփան Նալբանդյանը, պատմաբան-վերլուծաբան Ռուբեն Նահատակյանը, հնագետ, պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, նախաձեռնության անդամներ Արման Մխիթարյանը, Ռուբեն Բաղդիշյանն ու Սերոբ Ալոյանը, խնդրով մտահոգ այլ անձինք:
ՙԻնձ թվում էր, որ պատմության թանգարանի նախաձեռնությունը գոնե գոհունակություն կառաջացներ այն մարդկանց մոտ, որոնք մտահոգ են հազար ու մի տեղ, դեսուդեն ընկած, ծայրահեղ վիճակում գտնվող բեկորների համար, բայց պարզվեց լրիվ հակառակը, դա դարձավ արհավիրք՚,- այսպես սկսեց Անելկա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի պատմության թանգարանն ընտրել է վաղ քանդակագործության բացառիկ նմուշներ` ղեկավարվելով մի սկզբունքով՝ չվերցնել որևէ բան, որ տեղադրված է, չվերցնել որևէ բան, որ իր նախնական տեղում է.”Եթե բերված բեկորները համարում եք հուշարձանապատկան, ապա սխալվում եք՚,- ասաց նա` կրկնելով արդեն բազմիցս արված հավաստիացումը՝ հուշարձանաբեկորները պետք է ցուցադրվեն Պատմության թանգարանում, մնան այնտեղ չորս տարի, ապա վերադարձվեն իրենց նախնական վայրերը՝ որոշակի վերանորոգման ենթարկվելուց հետո:
Անելկա Գրիգորյանին այս ողջ աղմուկը զարմացնում է նաև այն պատճառով, որ քարերը բերելու ժամանակ տեղում որևէ դժգոհություն չի եղել.”Դա էլ է այս միջոցառման շուրջ եղած խոսակցությունների վիպական ժանրին պատկանում՚,-ասաց նա:
Նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Բաղդիշյանը հարցրեց.”Ինչո±ւ է գործընթացը կազմակեպվել հանրությունից գաղտնի, ինչո±ւ չեն անցկացվել հանրային լսումներ՚:
Պատմության թնագարանի տնօրերնն այդ հարցադրումն անիմաստ համարեց՝ նշելով, որ երբ պատմության թանգարանը ցուցադրություններ է կազմակերպում, պարտավոր չէ հանրային քննարկման դնել, և կա մասնագիտական խումբ, որը քննարկում և որոշում է կայացնում.”Վստահ եղեք, որ այն մարդիկ, որոնք կազմել են, հավանություն են տվել այս ծրագրին, 2 տարի մտածել, քննարկել են և հետո են եկել այդ եզրակացության՚:
Արման Մխիթարյանը չի համակերպվում այն հայտարարության հետ, որ դրանք ծայրահեղ վատ վիճակում գտնվող բեկորներ էին.”Օրինակ` 5000 տարվա բազալտե վիշապաքարն ամբողջական վիճակում եղել է, միգուցե 15 000 տարի էլ մնար իր տեղում: Նույնն էլ բազալտե խոյը: Կան էլի բաներ, որոնք ամբողջական են, միգուցե մի քիչ իր տեղից է շեղվել կամ գլորվել է ձորը, բայց դա պետք է վերականգնել, դնել իր տեղը, կողքերը բարեկարգել և դա դարձնել տուրիզմի զարգացման վայր: Վերջին 5-6 տարիների ընթացքում ներքին տուրիզմը հենց դրա շնորհիվ է զարգանում՚:
Անելկա Գրիգորյանն էլ հակադարձում է.”Եթե տեսնեիք, թե ինչ վիճակում էր այդ վիշապաքարն էնտեղ վեր ընկած… Ծերունիների համար նստարան էր, կողքին էլ մի մեծ դույլ` մեջը սիգարետ ու կեղտ: Այդ վիճակում էին նաև մեր բերած բազում փոքրիկ խաչքարեր. մեկը գտել են գոմում, մեկը` աթարի մեջ: Բացի այդ, մենք վիշապաքարը վերցրել ենք նրա համար, որ դիմապատկեր ունի իր վրա` ի տարբերություն խոյակերտ պատկերաքանդակների, հենց դա էլ հետաքրքիր դետալ է մասնագետների համար, ինչը պետք է ուսումնասիրվի: Մի անհանգստացեք, սա այն դեպքը չէ, երբ որևէ բեկոր վերցվում է` առանց իր տեղն ու վիճակը ֆիքսելու: Մենք ունենք մի մեծ ֆոտո խրոնիկա, որով կարող եք տեսնել, թե որտեղից վերցվեց, ինչ վերցվեց, ցուցադրության ժամանակ դա նույնպես կցուցադրվի: Ընդհանրապես մենք անձնագրավորում ենք այդ քարերը՚:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը բազմաթիվ հարցեր ուներ Անելկա Գրիգորյանին:”Մեր բոլոր երախտաշատ ուսումնասիրողները չեն զլացել և գնացել են իրենց վայրերում այդ ամենն ուսումնասիրելու: Մի±թե արդարացում է՝ բոլոր քարերը բերել Երևան ուսումնասիրելու: Եթե մենք չունենք ուսումնասիրող, քարերը Երևան բերելը խնդրի լուծում չէ: Բացի այդ, մի կողմից ասում եք՝ այդ քարերը վեր ընկած էին, մյուս կողմից ասում եք` տանելու եք իրենց տեղերը: Այսինքն` տանելու եք նորից վե±ր գցեք՚:
Հուշարձանագետը կարծում է, որ խնդիրը կրթական ոլորտում է թաքնված:”Եթե գյուղում կա մեկը, որն այդ գյուղի մի հնավայրից մի քար տարել-դրել է իր բակում, ապա դա ընդհանրացված երևույթ է, որի դեմն առնել է պետք՚,-կարծում է նա:
Սամվել Կարապետյանն անիմաստ է համարում նաև Ավան թաղամասից խաչքարի բեկորների Երևան տեղափոխումը.”Ավանը թանգարանի կողքին է, հանարավոր չէ±ր տեղում վերանորոգել՚: Անելկա Գրիգորյանն էլ հիշեցնում է.”Պետք է ցուցադրենք խաչքարը՚:”Այդ դեպքում պատվանդանն էլ պիտի բերվեր, որովհետև դա խաչքարի մի մասն է կազմում՚:”Ինձ մի սովորացրեք…” ,- պատասխանում է Անելկա Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է հետ տանելուց հետո նույն տեղը”վեր գցելուն՚ ,ապա Անելկա Գրիգորյանը հորդորում է այս դեպքում քննադատություններն ուղղել տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի նրանք սթափվեն և իրենց վերականգնածը հետագայում պահպանեն:
Համլետ Գասպարյանը խնդիրը դիտարկում է համընդհանուր տեսանկյունից.”Այսօր Հայաստանում հուշարձանների պահպանման խնդիրը շատ ցավալի վիճակում է, որովհետև պետությունն ամբողջությամբ իր վրա է վերցրել, և ժողովուրդը մտածում է, որ դա միայն պետության գործառույթն է: Սակայն մարդը, շրջակա միջավայրն էլ ունեն մշակութային իրավունք՚:
Նրա կարծիքով՝ իշխանությունները պետք է ամեն կերպ հուշարձանները կապեն մարդկանց հետ, այնպիսի քաղաքականություն մշակեն, որ բոլոր տեղացիները քաջատեղյակ լինեն իրենց կոթողներից, պահպանեն ու փայփայեն դրանք:”Փոխանակ այդ ուղղությունն առաջ տանելու, պետությունն այսօր հակառակն է անում, օրինակ է հանդիսանում, որ կարելի է քարերը հավաքել: Ինձ համար այս ընթացքն անընդունելի է՚:
Որպես մասնագետ՝ նա գիտի, որ թանգարան են տարվում բոլոր այն”նյութերը՚” , որոնք արտաքին միջավայրում կարող են վնասվել, գողացվել և այլն: Ամբողջ աշխարհում դրանք թողնում են տեղում՝ այդ վայրը դարձնելով զբոսավայր:
Անելկա Գրիգորյանը վստահեցնում է, որ երբ իրենք քարերը բերում են, նամակներ են ուղարկում մարզպետներին և հորդորում, որ վերադարձնելու դեպքում դրանք պետք է պահպանվեն:”Ինչպե±ս՚,- հարցնում են ներկաները:”Չորս տարիների ընթացքում դրանց պահպանման եղանակները կքննարկվեն՚,-հավաստիացնում է պատմության թանգարանի տնօրենը:
Այնուամենայիվ շատ հարցեր կրկին անորոշ են մնում, ուստի որոշվեց հարցը քննարկման դնել Հանրային խորհրդում:

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply