ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը պարզագույն թվաբանություն է. Լևոն Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 4, 2012 16:10

“Ոչ ոք ոչ մեկին չի սպասում: Իրականում մի քանի քաղաքական ուժեր ձեռնարկել են բանակցություններ հնարավոր համագործակցության շուրջ”: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց որոշման մասին:

“Բնականաբար, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այդ բանակցություններին, նրանք սպասում են այդ բանակցությունների ավարտին: Այնպես որ, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում”,-ասաց Զուրաբյանը:

Հիմք ընդունելով նաև օրեր առաջ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ նա նշեց, որ Հայաստանում չի սպասվում ազատ, արդար մրցակցություն:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ հենց այդ ազատ մրցակցության բացակայությունն է դրդում քաղաքական ուժերին՝ փնտրել ինչ-որ մի լուծում, որը կկարողանա քաղաքական ցնցում առաջացնել՝ “Ցնցելով այն կեղծարար համակարգը, որը ստեղծվել է Հայաստանում”: “Սրան են ուղղված այդ բանակցությունները”,-ասաց նա:

Խոսելով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին՝ Զուրաբյանը ողջունելի համարեց այն՝ նշելով, որ դա ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն տեսնում է՝ իրենք գտնվում են ընդհանուր շահերի դաշտում և փաստեց, որ այս գործում իրնեք զգում են ԲՀԿ-ի աջակցության կարիքը:

“Անկախ”-ի այն հարցին, թե նախկինում հնչած այդքան քննադատություններից հետո ինչպե՞ս ստացվեց, որ հանկարծ հիմա ՀԱԿ-n այդպես խիստ զգում է ԲՀԿ-ի կարիքը, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենք այդ քայլին գնացել են պարզագույն թվաբանությամբ: “Մաթեմատիկայի ամենապարզագույն բաժինը կոչվում է պարզագույն թվաբանություն, որը կոնկրետ կիրառելի է այն քայլերի համար, որը մենք նախաձեռնում ենք: Այդ թվաբանությունը եթե դուք կատարեք, դուք կտեսնեք, որ երեք խմբակցության ձայների պարզ գումարումը չի հերիքում որևէ շեմ անցնելու համար: Դրանից արդեն արեք բոլոր եզրակացությունները”,-ասաց Զուրաբյանը:

“Անկախ”-ի այն դիտարկմանը, թե արդյո՞ք իրենց “պարզ թվաբանությունը” բոլորովին էլ չի հակասում իրենց բարոյական և գաղափարական կերպարին, Զուրաբյանն ասաց, որ որևէ կերպ չի հակասում, ուղղակի ԲՀԿ-ն այժ ժամանակ իշխանական դաշտում էր, իսկ հիմա դուրս է եկել այդ դաշտից:

Վահե Մակարյան

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply