ՀԱԿ-ը փորձում է ԲՀԿ-ի հետ պայքարել մենաշնորհի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 4, 2012 16:03

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարություն տարածեց առ այն, որ իրենց հաջողվել է հավաքել 34 ստորագրություն արտահերթ նիստի կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար:

“ՍԴ դիմելու համaր մեզ հարկավոր էր 27 ստորագրություն, սակայն մենք արդեն հավաքել ենք 34 ստորագություն, ինչը մեզ հնարավորություն կընձեռի, որպեսզի մենք դիմենք Սահմանադրական դատարան արտահերթ նիստի հետ կապված պահանջով: Այսինքն՝ կանոնակարգի մասին օրենքի այն դրույթը, որը թույլ է տալիս վիժեցնել սահմանադրության կողմից ընդդիմության իրավունքը՝ նախաձեռնել արտահերթ նիստ, այդ դրույթը համարել հակասահմանադրական”,-ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ եթե ՍԴ-ն բավարարի իրենց պահանջը, իրենք հնարավորություն կստանան նորից հրավիրելու արտահերթ նիստ:

Զուրաբյանը այս ստորագրահավաքի արդյունքները լուրջ հաջողություն է համարում՝ ընգծելով, որ սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական ուժերը գնում են համախմբման ճանապարհով՝ ընդդեմ “Սերժ Սարգսյանի և հանրապետականի ռեժիմի”:

“Ես կարծում եմ, որ սրան կհետևեն նորանոր քայլեր”,-հույս հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Զուրաբյանը խոսեց նաև կանոնակարգի մասին օրենքից, որ յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի մեկ անգամ հարցապնդում կատարել, որը տարբերվում է հարցուպատասխանից, դա մի փաստաթուղթ է, որն ուղարկվում է կառավարությանը, որն էլ պարտավոր է 20 օրվա ընթացքում գրավոր պատասխանել գրավոր հարցապնդմանը:

Այդ հարցապնդումն, ըստ Զուրաբյանի, վերաբերում է մենաշնորհին. “Մենք համարում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտում է այն մենաշնորհային համակարգը, որն այսօր ձևավորվել է երկրում, և որը հովանավորվում է բարձրագույն իշխանությունների կողմից”:

Պատգամավորի խոսքով` իրենք մշակել են անհապաղ հակամենաշնորհային միջոցառումների փաթեթ, և այդ փաթեթը վաղը դնելու են քվեարկության. “Եվ վաղը մենք կպարզենք՝ որ ուժերն են շահագրգռված մենաշնորհների պահպանումով, և որ ուժերն են իրականում աջակցում այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են մենաշնորհների վերացմանը”:

Հարցին, թե ԲՀԿ-ում ևս կան մարդիկ, ովքեր ունեն խոշոր բիզնեսներ ու մենաշնորհ տարբեր ոլորտներում, արդյոք նրանք պատրաստ են պայքարել այդ մենաշնորհների դեմ, Լ. Զուրաբյանը տվեց տարօրինակ և ոչ սպառիչ պատասխան. “Իրականում ամենամեծ արատը, որ կա այսօր Հայաստանում, դա այն է, որ Հայաստանի իշխանությունները, սպանելով մրցակցությոնը, դուրս են մղել երկրից ձեռնարկատիրական խավին, որն էլ տեղափոխվել է արտասահման, այնտեղ զբաղված է բիզնեսով և տրանսֆերների միջոցով գումարներ է փոխանցում Հայաստանի իր հարազատներին, ինչի հետևանքով ձևավորվում է ժողովրդի գնողունակությունը: Եվ, ահա, այդպիսով ձևավորված գնողունանակության վրա էլ  պարազիտիզմով են զբաղվում ներկրող օլիգարխները, որոնք ունեն Հայաստանի իշխանությունների կատարյալ հովանավորումը”: 

Վահե Մակարյան

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply