Քննարկվում է պետբյուջե 2013-ի վերջնական տարբերակը. 406 առաջարկներից միայն 67-ն է ընդունվել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 4, 2012 15:38

Խորհրդարանն այսօր վերսկսեց 2013 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծի վերամշակված տարբերակի քննարկումը, որը կազմվել է Աժ խմբակցությունների, մշտական հանձնաժողովների, կուսակցությունների և անհատ պատգամավորների առաջարկությունների հիման վրա:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով` ընդհանուր առմամբ ներկայացվել է 406 առաջարկ, որոնցից ամբողջովին կամ մասնակի ընդունել է 67-ը կամ ներկայացված առաջարկությունների 16.5 տոկոսը:

Ընդունված առաջարկություններից շուրջ 48-ը վերաբերում է կրթության ոլորտին, 7-ը` տնտեսության, 2-ական առաջարկություններ` առողջապահության և գիտության ոլորտներին, 8 առաջարկություն` այլ ոլորտների:

207 առաջարկություների վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ կամ կառավարությունը հնարավոր է գտել դրանք քննարկելու եկող տարիների պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսերի ծրագրերում:

Ընդունելի չի համարվել 132 առաջարկություն: Ինչպես նշեց ֆինանսների նախարարը, մերժված առաջարկությունների մեծամասնության հիմքում ընկած է եղել 2 մոտեցում` պետական կառավարման ապարատի ծախսերի պահպանում նույն մակարդակում և շինարարության նոր օբյեկտների բացառում, մինչև բոլոր կիսատ օբյեկտները ավարտին կհասցվեն:

Հարցադրումների հիմնական մասը վերաբերել է պետբյուջեի նախագծում տարբեր նպատակների ֆինանսավորման հատկացումների վելացմանը կամ հատկացմանը, ինչպես նաև որոշակի ծախսերի վերաբաշխմանը, եղել են նաև ընդհանուր բնույթի հարցեր, որոնք վերաբերում են ընդհանուր քաղաքականությանը:

Հաշվի առնելով միայն ավելացումները, հստակ գումարներ պարունակող առաջարկությունները` պետական բյուջեի նախագծում առաջարկների, լրացուցիչ եկամուտների ծավալը կազմում է 137.6 միլիարդ դրամ, իսկ լրացուցիչ ծախսերի գումարը` 411 միլիարդ դրամ: Մասնավորապես առաջարվել են ծախսեր սոցիալ-մշակութային, գիտության ոլորտում` շուրջ 281 միլիարդ դրամի: Տնտեսության ճյուղերում առաջարկվել է շուրջ 44 միլիարդ դրամի ծախս: Պետական հատվածի աշխատողների աշխատավարձի բարձրացման համար առաջարկվել է շուրջ 76 միլիարդ դրամի, ԼՂՀ տարաբնակեցման հայեցակարգի մշակման և աջակցման համար` 10 միլիարդ դրամի, պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի համար` 800 միլիոն դրամի ծախս:

2013 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակում ներկայացված ծախսերի համեմատությանը ՀՀ կառավարությունն իր նախաձեռնությամբ առաջարկում է եկամուտներն ու ծախսերն ավելացնել 1.2 միլիարդ դրամով:

Վերաբաշխման արդյունքում շուրջ 1.5 միլիարդ դրամով կավելանան զոհված, մահացած, առաջին, երկրորդ և երրորդ  կարգի հաշմանդամ զինծառայողներին անօթևան ընտանիքներին բնակարանով ապահոված պայմանների բարելավման համար նախատեսված հատկացումները:

Նշված փոփոխությունների արդյունքում 2013 թ. պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի  և դեֆիցիտի ամփոփ գումարները համապատասխանաբար կկազմեն` եկամուտներինը` 1 տրիլիոն, 32 միլիարդ 800 միլիոն դրամ, ծախսերինը` 1 տրիլիոն, 152 միլիարդ 600 միլիոն դրամ և դեֆիցիտինը` 119 միլիարդ 800 միլիոն դրամ:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply