Երևանում կկառուցվի նոր սահադաշտ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2010 16:51

Երևանի ավագանին այսօր տեղի ունեցած նիստում  հաստատել է բյուջե 2009-ի հաշվետվությունը, և փոփոխություն կատարել  մայրաքաղաքի այս տարվա բյուջեի փաստաթղթում: Ավագանին որոշել է  մոտ 1,5 մլրդ դրամով ավելացնել Երևանի 2010թ. բյուջեի ծախսային մասը: Այդ գումարները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի խոսքով  հիմնականում ուղղվելու են  մանկապարտեզների և մշակութային կենտրոնների ջեռուցման խնդրի լուծմանը, Երևանում կառուցվելու է նոր սահադաշտ և այլն:

«Անհանգստություն կար, որ մանկապարտեզներն ամբողջությամբ չեն ջեռուցվում, այս միջոցները հնարավորություն կտան կաթսայատուն կառուցել 101 մանկապարտեզների համար, իսկ դա նշանակում է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների ջեռուցման խնդիրը լուծվում է 100 տոկոսով»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Կաթսայատներով կապահովվեն նաև մշակութային մի շարք հաստատություններ:

Ավագանու որոշմամբ  նաև հուշատախտակներ են տեղադրվելու մշակույթի և արվեստի բնագավառում մեծ ներդրում և ավանդ ունեցած անվանի 7 գործիչների հիշատակին: Առաջիկայում մայրաքաղաքում կտեղադրվեն ՀՀ ժողովրդական արտիստ Արտեմ Միրիջանյանի, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի, նկարչուհիներ Մարիամ և Երանուհի Ասլամազյանների, անվանի ճարտարապետներ Գևորգ Թամանյանի, Ռոմեո Ջուլհակյանի և արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:

Դիտվել է 1923 անգամ:
Print Friendly

Leave a Reply