«Էտի դու չես հասկանա». Թոխմախի Մհերը խոսում է «օրինականության» մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 4, 2012 12:48

«Ամեն ինչը օրինականության սահմաններում ա»,-«Անկախ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը` պատասխանելով իր թանկարժեք ավտոմեքենայի հետ կապված հարցին, թե ինչու ԱԺ պետհամարանիշով գրանցված իր Rolls-Royce Ghost ավտոմեքենան հայտարարագրված չէ ԿԸՀ-ում:
«Դե հո ես Ձեզ չպետք ա բացատրեմ, թե ինչ իրավիճակում ա, ոնց ա»,-ասաց պատգամավորը:
Իսկ թե որն է դրա օրինականությունը, և ինչպես են դրսևորվում այդ սահմանները, Մհեր Սեդրակյանն ասաց. «Էտի դու չես հասկանա»:
Սեդրակյանը խուսափեց խոսել նաև մամուլում հրապարկված այն տեղեկատվության մասին, թե օրենքի որ սահմաններում է տեղավորվում իրեն հատկացված 051 օօ 01 պետհամարանիշն այն դեպքում, երբ նրան` որպես համամասնական ընտրակարգով խորհրդարան անցած պատգամավորի, օօ 01 տեսակի պետհամարանիշ չի հասնում:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին սպասարկում է թանկարժեք (մոտ 400,000 դոլար) բրիտանական արտադրոթյան լյուքս դասի շքեղ Rolls-Royce Ghost ավտոմեքենա, որի վրա փակցված է 013 օօ 11 պատգամավորական պետհամարանիշ: Իսկ 051 օօ 01 համարանիշը փակցված է նրա Mercedes-ի վրա: Ըստ մամուլում հրապարակված տեղեկատվության` այս համարանիշը նրան նվիրել կամ տրամադրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որպեսզի Սեդրակյանը կարողանա անարգել մուտք գործի ԱԺ դարպասներից ներս:

Վահե Մակարյան

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply