Հայաստանի շախմատիստները մնացին ձեռնունայն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 18, 2010 15:44

Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Եզրափակիչ` 11-րդ տուրից առաջ մրցանակակիր դառնալուն հավակնում էր  Վլադիմիր Հակոբյանը, սակայն նա վերջին տուրում պարտվեց մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչիին: Վերջինս էլ վաստակած 9 միավորով հռչակվեց Եվրոպայի  չեմպիոն: Հակոբյանը հավաքած 7,5 միավորով հանգրվանեց աղյուսակի 16-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի (8 միավոր) Արման Փաշիկյանը, ով ճանաչվեց 10-րդը: Նա իրավունք ստացավ մասնակցելու 2010-ի աշխարհի գավաթի խաղարկությանը Շախմատիստուհիների Եվրոպայի չեմպիոնուհին Պիա Կրամլինգն է` 9 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը 29-րդ տեղը գրաված Լիլիթ Գալոյանն է`6,5 միավոր:

Ռիեկայում անցկացվեց նաև Եվրոպայի շախմատի միության գլխավոր նստաշրջանը, որի ընթացքում մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին: Մասնավորապես, հստակեցվեց, որ  2011-ի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը կայանալու է Ֆրանսիայի Էկս լե բան քաղաքում: Այն մեկնարկելու է հաջորդ տարվա մարտի 21-ին և ավարտվելու է ապրիլի 3-ին: Եվրոպայի կանանց առաջնությունը նույն ժամկետում կանցկացվի Թուրքիայի Գյազանտեպ քաղաքում: Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամն անփոփոխ կմնա` 120 հազար եվրո: Նստաշրջանում հայտնի դարձավ, որ Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար պայքարելու են երեք  թեկնածուներ` Վեսելին Տոպալովի մենեջեր Սիլվիո Դանաիլովը (Բուլղարիա), Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Յազիչին և Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Բորիս Կուտինը (Սլովենիա): Ընտրություններն անցկացվելու են 2010-ի սեպտեմբերին` Խանտի Մանսիյսկում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայի և Շախմատի միջազգային ֆեդերացիայի համաժողովի ժամանակ:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply