ԱԳ նախարար. «Այդ հայտարարություններով էին սկսվում նաև ցեղասպանության հետ կապված դեպքերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2010 15:14

Էդվարդ Նալբանդյան «Չէի ասի, թե նման հայտարարություններ անելով՝ Թուրքիան պատրաստ է առաջ շարժվել: Դրանք անթույլատրելի հայտարարություններ են, որոնք միանշանակ վնաս են հասցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով  100 հազար հայերի Թուրքիայից արտաքսելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի հայտարարությանը: Նալբանդյանը հույս է հայտնել, որ Թուրքիայում ավելի իրատեսական մոտեցում կգերիշխի, ու նրանք հաշվի կնստեն միջազգային հանրության կարծիքի հետ, քանի որ աշխարհի գրեթե բոլոր պետությունները նշում են, որ պետք է առաջ շարժվել առանց նախապայմանների, առանց նենգասպառնալիքների, սադրանքների։

«Ցավոք, այդ հայտարարություններով էին սկսվում նաև հայոց ցեղասպանության հետ կապված 1915թ. դեպքերը։ Մենք չենք մոռանում, որ նման հայտարարություններ էին արվում նաև Ադրբեջանում Սումգայիթի ջարդերից առաջ կամ Բաքվում կամ հայերով բնակեցված այլ վայրերում։ Եվ ինչի՞ն դա հանգեցրեց»,-հռետորական հարց է տվել նախարարը:

Այն հարցին, թե արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի՞ է մտել, Է.Նալբանդյանը ասել է. «Հայաստանը նախաձեռնող է եղել, և չնայած բազմաթիվ խոչընդոտների ու դժվարությունների, որոնք ստեղծվում էին գործընթացի ողջ ընթացքում, մենք բավական առաջ ենք շարժվեցինք ու հանգեցինք արձանագրությունների ստորագրմանը։ Եվ մենք պատրաստ ենք առաջ շարժվել, սակայն դա կախված կլինի նաև թուրքական կողմից, թե որքանով նրանք պատրաստ կլինեն առաջ շարժվել։ Ժամանակը ցույց կտա»։

Դիտվել է 2272 անգամ:
Print Friendly

Leave a Reply