ՀԵՀ-ը բարեկարգել է Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարակից պուրակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 3, 2012 14:55

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Կապանում բարեկարգել է Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարակից պուրակը։ Բարեկարգման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել նաև Սյունիքի մարզպետարանը և Կապանի քաղաքապետարանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց, որ պուրակի բարեկարգման նախաձեռնությունը Կապանի երիտասարդներինն էր, ովքեր էլ անձամբ մասնակցել են տարվող աշխատանքներին։ ՙՇատ կարևոր է, որ երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են համայնքային աշխատանքներին։ Նման միջոցառումների նպատակը նաև երիտասարդների շրջանում Նժդեհի ուսմունքը տարածելն է, մեծ գաղափարախոսի անցած ուղին ևս մեկ անգամ արժևորելը՚,- ասաց Ա. Տեր-Հովակիմյանը։
Նժդեհի հուշահամալիրի հարակից պուրակում իրականացվել են լուսավորման, հողային աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, ամրացվել են սալիկները, վերանորոգվել են մայթեզրերը, ցանկապատերը, տեղադրվել են Գարեգին Նժդեհի ասույթներով պաստառներ։
Բարեկարգման աշխատանքներին մասնակցած Դավիթ Ալեքսանյանը նկատեց, որ հունվարի 1-ին լրանում է Գարեգին Նժդեհի 127-ամյակը, և զորավարի ծննդյան նախօրեին հուշահամալիրի բարեկարգումը հարգանքի տուրք է մեծ հային։
Նշենք, որ Կապանի երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստները հանձն են առել պուրակում մշտապես իրականացնել մաքրման աշխատանքներ, կազմակերպել շաբաթօրյակներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply