Հայկական կողմ. Մենք հերթական անգամ աշխարհին ցույց տվեցինք մեր բարի կամքը` ադրբեջանցուն հայրենիք վերադարձնելով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 14:30

Ադրբեջանցի գերի հովիվ Թելման Ալիեւին նոյեմբերի 30-ին հայրենիքին հանձնելուց հետո այդ երկրի լրատվամիջոցները հանձնման ընթացակարգային խախտումների վերաբերյալ անհեթեթ մեղադրանքներ են տարածել: Դրանց թվում, բացի Ալիեւի վրա «ճնշում» գործադրելու մեղադրանքից, կշտամբանքներ կան հանձնման արարողության ժամանակ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության, «զինվորականների» ներկայության եւ հայկական կողմի հայտարարությունների մասին: Այդ կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմել է Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանին` խնդրելով մեկնաբանել իրադրությունը: Ներկայացնում ենք մեկնաբանության տեքստը:
«Եկեք հերթով քննենք: Նախ, ես կտրականապես դեմ եմ «հայ զինվորների կողմից գերեվարված» ձեւակերպմանը: Ես, իհարկե, հասկանում եմ, որ ադրբեջանցիները սովոր են բոլորին իրենց արշինով չափել, սակայն Թելման Ալիեւը բռնի չէր տեղափոխվել հայկական տարածք, չէր ենթարկվել ֆիզիկական եւ հոգեկան բռնությունների, եւ հայկական տարածքում նրա գտնվելու փաստը մեր երկրի իշխանությունների կողմից չէր օգտագործվել որպես ադրբեջանական կողմի նկատմամբ քաղաքական կամ այլ շանտաժի կամ ճնշման միջոց: Թելման Ալիեւը հայ զինվորների կողմից ձերբակալվել էր այս տարվա նոյեմբերի 12-ին` Հայաստանի սահմանն անօրինական հատելու համար եւ ընդամենը 18 օր անց վերադարձվել էր Ադրբեջանին: Նրա առողջական վիճակը համակողմանի ստուգվել էր, նա առողջ էր, եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարողացել էր կարգավորել նրա հանձնման կազմակերպչական բոլոր հարցերը: Հայկական կողմը հերթական անգամ աշխարհին ցույց տվեց իր բարի կամքը` առանց նախապայմանների հայրենիք վերադարձնելով ադրբեջանցուն:
Երկրորդ, ինչ վերաբերվում է հանձնման արարողության բուն գործընթացին, պետք է նշեմ, որ երկու կողմերը միշտ էլ քննարկում են գործընթացի մանրամասները` ԿԽՄԿ-ի միջնորդությամբ: Նույնն էլ այս անգամ է տեղի ունեցել, եւ կարող եմ վստահեցնել, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության հարցը չի քննարկվել: Եթե ադրբեջանական կողմը չէր նախատեսել լրատվամիջոցների մասնակցությունը, դա իր խնդիրն է:
Ինչ վերաբերում է Թ. Ալիեւի հանձնման ժամանակ զինվորականների մասնակցությանը, ապախոսքը, երեւի, ականազերծողների մասին է, որոնք, սակայն, գործընթացին չեն մասնակցել, այլ նրանց նպատակը եղել է հայկական կողմի եւ ուղեկցող ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների ճանապարհն ականազերծելը եւ մաքրելը:
Եւ վերջապես, հայկական կողմի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ոչ մի ակտում չի արգելվում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որոնք ուղղված են մեր անհետ կորած զիվորների եւ խաղաղ բնակիչների ճակատագրերի ճշտմանը: Այդ կապակցությամբ ցանկանում եմ Ադրբեջանի համապատասխան իշխանություններին կոչ անել նման հանդիպումներին ուղարկել ավելի իրազեկ պաշտոնյայի, այլ ոչ թե պարոն Սամեդովին: Ադրբեջանական կողմին պարզապես միշտ էլ ձեռնտու է հանրության ուշադրությունը շեղել այն պատճառների պարզաբանումից, թե ինչու արդեն երեք տարի երրորդ երկրի տարածքում երկու երկրների պետկոմիտեների ներկայացուցիչների հանդիպման մասին մեր առաջարկությունը սահմանից այն կողմ համապատասխան արձագանք չի ստանում»:

Arax news

Դիտվել է 679 անգամ:
Print Friendly

Leave a Reply