ԱԺ մշտական հանձնաժողովները ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ եզրակացություններ ներկայացրին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 3, 2012 13:43

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ դեկտեմբերի 3-ի նիստում քննարկեց հարկային ոլորտին վերաբերող մի շարք օրինագծեր:
ՀՀ կառավարության հեղինակած «Շրջանառության հարկի մասին» եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:
Իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ձեւավորմանը, գործարար միջավայրի բարելավմանը, հարկային հարաբերություններ կարգավորող օրենսդրության հստակեցմանը, պարզեցմանը, տարընկալումների վերացմանը, արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու հնարավորությունների ձեւավորմանը, հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը:
ԱԺ պատգամավորներ Արմեն Բաբայանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց համահեղինակ Արմեն Բաբայանը:
Օրենքների նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկ եւ մաքսատուրք չգանձել գյուղատնտեսության մեջ օգտագործվող պտղատու ծառերի, թփերի, արմատակալների, կտրոնների, տնկիների եւ լոբու ու ոլոռի սերմերի ներկրման ժամանակ, ինչը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից դրանց ձեռքբերման մատչելիության բարձրացմանը եւ օգտագործման ծավալների ավելացմանը, արդյունքում ճյուղի արդյունավետության բարձրացման համար կստեղծվեն լավ նախադրյալներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հարկային ոլորտին վերաբերող «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսրգքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին՝ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:
Դրական եզրակացություն ստացավ նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության 2010թ. ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», ինչպես նաեւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ԱԺ պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի ներկայացրած «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագծի քննարկման ընթացքում պատգամավորների բարձրացրած հարցերն ինքն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին: Նա տեղեկացրեց, որ ստացվել են նրանց պարզաբանում- պատասխանները:
Նախագծի վերաբերյալ եղան մի շարք հարցադրումներ եւ առաջարկներ: ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին առաջարկեց, հաշվի առնելով «ՀՀԿ» եւ «ՕԵԿ» խմբակցությունների առաջարկները, լրամշակել նախագիծը, հստակեցնել հիմնավորումները եւ հարցի քննարկումը հետաձգել մինչեւ մեկ տարով: Առաջարկները հիմնական զեկուցողն ընդունեց՝ տեղեկացնելով, որ իրենք հարցին նախատեսում են անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է հարկային վարչարարությունը բարեփոխելու եւ արդիականացնելու միջոցով կրճատել հարկերից խուսափելու դեպքերը, խթանել հարկային պարտավորությունների կամավոր կատարումը եւ բարձրացնել վարչական արդյունավետությունը:
Քննարկված համաձայնագիրը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելու ԱԺ դեկտեմբերի 3-6-ի չորսօրյա նիստերի օրակարգում:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply