Ձուկ և խեցգետին ՌԴ արտահանելու համար հավատարմագրվել են 22 հայկական ձեռնարկություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 3, 2012 12:52

Հայաստանի տարբեր լճակային տնտեսություններում ձկնաբուծությամբ զբաղվող մի շարք գործարարներ թեև ցանկություն ունեն իրենց արտադրանքն արտահանելու ռուսական շուկա, բայց չեն կարողանում: Ու քանի որ մերժման դեպքում ոմանք չեն էլ հասկանում պատճառը, թերևս հարկ կա նրանց տեղեկացնելու, որ Ձկան, ձկնեղենի և ծովամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ «Ռոսսելխոզնադզորի» և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համագործակցությունն իրականացվում է 15.12.2010 թ. կնքված հուշագրին համապատասխան: Նշված փաստաթղթի համաձայն` ձուկը, ձկնեղենը, ծովամթերքը ՌԴ կարող են արտահանվել բացառապես այն ձեռնարկությունների կողմից, որոնք ընդգրկված են «Ռոսսելխոզնադզորի» կողմից հաստատված ցուցակում: Իսկ թե որ ձեռնարկություններն են ընդգրկված, հիշյալ ծառայությունը տեղեկություն չունի, քանի որ նրա կողմից «Ռոսսելխոզնադզորի» հաստատած ցուցակում ընդգրկված ձեռնարկությունների հաշվառում չի կատարվում:

Շատ ձկնաբույծների, բնականաբար, կհետաքրքրի, թե ինչպես կամ ինչի հիման վրա է կազմվել վերոնշյալ ցուցակը: Պարզվում է, 2009 թ. «Ռոսսելխոզնադզորի» մասնագետներն այցելել են ՀՀ` ջրային կենսառեսուրսների անվտանգության վերահսկողության գործող համակարգը գնահատելու և ձկնաբուծարանների, ձկնեղենի վերամշակման գործընթացի տեսչական ստուգումների իրականացման նպատակով: Նշված տեսչական ստուգման արդյունքում ջրային կենսառեսուրսներ, ներառյալ ձուկը և խեցգետինը, ՌԴ արտահանելու համար հավատարմագրվել են 22 հայկական ձեռնարկություն, ինչպես նաև 2 ձեռնարկություն` Հայաստանի անասնաբուժական ծառայության երաշխավորությամբ:

Ի դեպ, այդպիսի ցուցակ գոյություն ունի նաև Հայաստանից ՌԴ կաթնամթերք և կենդանական ծագման այլ ապրանքներ արտահանողների համար: Համաձայն կաթնամթերքի և կենդանական ծագման այլ ապրանքների մասով հայկական արտադրողների կողմից ռուսական անասնաբուժասանիտարական պահանջների ապահովման վերաբերյալ ՀՀ համապատասխան մարմինների կողմից տրված երաշխիքների, «Ռոսսելխոզնադզորի» կողմից հաստատվել է կաթնամթերքի և կենդանական ծագման այլ արտադրանք արտահանողների ցուցակ, որում ընդգրկվել են 43 հայաստանյան կազմակերպություններ, որոնք հավատարմագրվել են: Նշված ցուցակը կարող է փոփոխվել և լրացվել նոր կազմակերպությունների կողմից դիմումների ներկայացման դեպքում:

Ապրանքի մատակարարումն իրականացվում է օդային և ավտոմոբիլային տրանսպորտով (կնքված բեռնարկղերով) Իրանի տարածքով տարանցիկ փոխադրման իրավունքով, առանց տվյալ երկրի տարածքում բեռնաթափման, պահեստավորման կամ վերաբարձման իրավունքի, այնուհետև ծովային տրանսպորտով մինչև Կասպից ծովի Ռուսական նավահանգիստներ:

2009 թ. հոկտեմբերի 1-ից թույլատրվել է Վրաստանի տարածքով (Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստներով), առանց տվյալ երկրի տարածքում բեռնաթափման, պահեստավորման կամ վերաբարձման իրավունքի, ընդ որում, տրանսպորտը (բեռնարկղերը) ախտահանիչ միջոցներով մշակման պայմանով, Հայաստանից Ռուսաստան արտահանել ջերմային մշակում անցած կաթ և կաթնամթերք:

Արթուր Հովհաննիսյան

«Փաստինֆո»

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply