Հայաստանում ռազմական բժիշկների պատրաստվածությունը ամենաբարձր մակարդակի վրա է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 3, 2012 11:36
Հայաստանում ռազմական բժիշկների պատրաստվածությունն ու որակավորումը շատ բարձր մակարդակի վրա է: Ինչպես Հայաստանի բոլոր բժիշկները, ռազմական բժիշկները ևս, վերապատրաստվում և որակավորում են ստանում արտասահմանյան լավագույն կրթական հաստատություններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Երբեմն լինում են մահվան դեպքեր. դրանք բոլորն իրենց պատճառներն ունեն, սակայն հստակ կարելի է ասել, որ մահացության դեպքերը` կապված ռազմական բժիշկների հետ, շատ քիչ տոկոսն են կազմում»,-ասաց Հովհաննիսյանը:
Զորամասերում առողջության ապահովման համար տարվում են նաև պրոֆիլակտիկ աշխատանքներ: Ֆիզիկական այն վարժանքները, որոնք յուրաքանչյուր առավոտ կատարում են զինվորները, նաև նրանց առողջության համար են: «Մի խոսքով կարող եմ վստահորեն ասել. այսօր Հայաստանում ռազմական բժշկությունը եթե ոչ գերազանց, ապա շատ լավ որակի է»,-ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
Զորամասերում ռազմական բժիշկները հետևում են նաև սննդի մաքրությանն ու թարմությանը, և Հովհաննիսյանի կարծիքով, դրա շնորհիվ է, որ մեզ մոտ` զորամասերում, գրեթե չեն գրանցվում թունավորման կամ սննդի միջոցով այլ հիվանդությունների փոխանցման դեպքեր: «Մեր ռազմական բժիշկներն անում են ամեն ինչ` լիարժեքորեն կատարելու հայկական առողջ բանակ ունենալու իրենց պարտքը: Նրանք ավելի շատ կարևորում են զինվորի կյանքը, քան իրենցը»,-ասաց Հովհաննիսյանը` փաստելով, որ դրա վառ ապացույցը պատերազմի տարիներին նրանց պատրաստակամ աշխատանքն էր: Այդ տարիներին նվիրական գործունեությունը ռազմական բժիշկները կատարել են կամ պատերազմական դաշտի առաջին գծում կամ արդեն լքված ու կիսաավերված անլույս ու կիասախավար տներում: Ռազմական բժիշկն այն եզակի մասնագետներից է, որ երդվում է երկու անգամ` և որպես զինվոր, և որպես բժիշկ:
Ռազմական բժշկությունը` որպես մասնագիտություն, Հայաստանում ձեւավորվեց՝ բանակի կայացմանը զուգահեռ: Իսկ մինչ այդ` Արցախյան շարժման տարիներին, որպես ռազմական բժիշկներ` իրենց աշխատանքային պարտքը կատարում էին բժշկական համալսարանի տարբեր ֆակուլտետներն ավարտած և զինծառայության մեկնած զինվորները: Իսկ արդեն 1994 թվականին կազմավորվեց Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը:






Facebook
Tweet This
Email This Post
