Արվեստի ուժով փրկենք բնությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 2, 2012 17:14

Այս համերգով մենք կոչ ենք անում, որպեսզի բոլորս միասնական լինենք ոչ միայն Խոսրովի արգելոցի, նաև այլ բնապահպանական խնդիրների հետ կապված, – համերգից հետո հանդիսատեսին դիմեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողուհի` Նվարդ Ստեփանյանը , հետո էլ հիշեցրեց Դոստոևսկու խոսքերը.

– Եթե չես սիրում բնությունը, դու մարդ չես ու չես կարող նաև քաղաքացի լինել : Ես կոչ եմ անում. եղե’ք քաղաքացի ու սիրե’ք բնությունը:
Նարեկացի արվեստի միությունում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալ և դաշնամուրային բաժնի ուսանողուհիներն իրենց կատարումներով միացան Խոսրովի արգելոցի խնդիրների համար պայքարող բնապահպանական շարժմանը: Կոնսերվատորիայի ուսանողուհիներն իրենք էին դիմել բնապահպաններին:
Դասական համերգին զուգահեռ, ի պաշտպանություն Խոսրովի արգելոցի ներկայացված էր լուսանկարների ցուցահանդես: Լուսանկարներում կողք կողքի էին բնությունն ու տխուր իրականությունը. Խոսրովի արգելոցի կենսաբազմազանությունը, տարածքում կառուցված ապօրինի շինությունները, պատմամշակութային հուշարձանները, որսը:
Մենք փորձում ենք արվեստի ուժով փրկել բնությունը: Արվեստը սկիզբ է առել բնությունից և լավ է, որ հենց այդ գիտակցությամբ արվեստագետներ կան , – ասաց բնապահպան Մարիամ Սուխուդյանը:
Գիտակցության բարձրացում, իրազեկում ,- սա է այս համերգից ունեցած բնապահպանների սպասելիքները ,- ուզում ենք , որ լայն շրջանականեր ինտեգրվեն շարժմանը: Բնությունը հայրենիք է, արվեստ է, այստեղ ոչ միայն թուփ ու ծառի կռիվ է , այլ գենոֆոնդի, գեղանկարչության , երաժշտության… և այդ ամբողջը մի համակարգ է, դա ենք փորձում ցույց տալ ու լավ է, որ տարբեր բնագավառներից մարդիկ են միանում մեզ: Ես համոզված եմ , որ սա շարունակական է լինելու:

29196 հա տարածք զբաղեցնող Խոսրովի արգելոցը իր հարուստ բնությամբ և մշակութային ժառանգությամբ կարևոր նշանակություն ունի: 1958 թվ.-ից այն պետական արգելոցի կարգավիճակ ունի: Հիշեցնենք, որ վերջերս, Խոսրովի արգելոցում բնապահպանները հերթական անգամ բացահայտել էին որսագողության դեպք, որի պատճառով տնօրենի փոփոխության հարց առաջացավ, սակայն, ըստ բնապահպանների, ընտրված տնօրենի անունը նույնպես կապված է որսագողության ու որսորդության հետ այժմ, ոչ միայն բնապահպանները, այլ նաև հանրության մտահոգ հատվածը պահանջում է տնօրենի նոր ընտրություն:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply