ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից աջակցվող «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում» ծրագրի առաջին արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2012 19:04

«Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում» ծրագիրը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 2-օրյա համաժողով էր կազմակերպել Ծաղկաձորում և Հրազդանում: Տեխնիկական համագործակցության ծրագրի հիմնական նպատակներից մեկը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղում փորձնական ժամանակակից տնկարանային տնտեսության հիմնումն էր:
Միջոցառմանը ներկա էր 45 մասնագետ՝ անտառային ոլորտից, տարբեր միջազգային կազմակերպություններից, ազգային և տեղական կառույցներից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Գ. Պետրոսյանը շեշտեց. «ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում ծրագիրը» զգալի խթան կհանդիսանա անտառային տնտեսության կայուն զարգացման, մասնավորապես՝ սերմնային և տնկարանային տնտեսության գործում»:
Մ. Մաթևոսայնը նշեց. «Հրազդանի անտառտնտեսությունում կառուցված ժամանակակից տնկարանային տնտեսությունը լուրջ միջազգային ներդրում է, որը թույլ կտա առաջին անգամ Հայաստանում ժամանակակից մեթոդներով աճեցնել փակ արմատային համակարգով բարձրորակ անտառային ծառատեսակների տնկանյութ, որի օգտագործումը կբարձրացնի անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների արդյունավետությունը, կպակասի մեկ հետկարի վրա օգտագործվող տնկանյութի քանակը, կբարձրանա անտառմշակույթների կպչողականությունը»:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ներկայացնում էին ՊԳԿ Հռոմի գլխամասային և Բուդապեշտի տարածաշրջանային գրասենյակների անտառային ոլորտի փորձագետներ Վոլտեր Կոլերտը եւ Նորբերտ Ուինկլեր-Ռատոնյին: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ և «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում ծրագրի» ազգային համակարգող Ռուբեն Պետրոսյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի հաջող ձեռքբերումները: Այնուհետեւ շահագրգիռ քննարկում ծավալվեց անտառային ոլորտին հետագայում աջակցություն ցուցաբերելու տարբերակների շուրջ՝ Հայաստանում Ազգային անտառային տնտեսության զարգացման և անտառվերականգնման լայնածավալ ծրագրի մշակման միջոցով:
Հաջորդ օրը համաժողովի մասնակիցներն այցելեցին նաեւ ՊԳԿ-ի աջակցությամբ Հրազդանի տնկարանային տնտեսությունում ստեղծված նոր կառույցները՝ ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով: Մասնավորապես, նրանք այցելեցին ե’ւ փշատերեւ, ե’ւ լայնատերեւ տնկիների աճեցման համար նախատեսված Հայաստանում առաջին անտառային ջերմոցային տնտեսությունը:
Վոլտեր Կոլերտը նշեց, որ թեեւ այս ծրագիրը փոքրածավալ է, այն կարող է հսկայական ազդեցություն գործել Հայաստանում իրականացվելիք անտառապատման եւ անտառվերականգնման աշխատանքների ընթացքի վրա:
Տնկարանի տարածքը Հայաստանում նախադեպը չունեցող ժամանակակից տնկարանային տնտեսության վերածելու նպատակով կիրառվել են Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրների ժամանակակից տեխնոլոգիաները եւ առաջավոր փորձը: Այդ տեխնոլոգիաների կիրառմամբ առաջին տնկիների աճեցումը կսկսվի 2013 թ. գարնանը՝ տնկանյութ ապահովելով Հայաստանի ընտրված ծառուտների սերմերից: Դրա շնորհիվ շուկան կապահովվի Հայաստանի պայմանների համար առավել բարձրորակ տնկանյութով, իսկ տնկարանի ամբողջական գործարկումից հետո այդ տնկիները կարող են փոխարինել ներկրվող եւ հաճախ անհայտ ծագում ունեցող բույսերին: Հետագա լայնածավալ անտառապատման եւ անտառվերականգնման միջոցառումների ժամանակ դրանք անգնահատելի արժեք կունենան կլիմայական փոփոխությունների հետ կապված մարտահրավերներին դիմակայելու հարցում:
ՄԱԿ-ի ՊԳԿ «Անտառապատում և անտառվերականգնում Հայաստանում ծրագիրը» ֆինանսավորվում է ՊԳԿ-ի տարածաշրջանային գրասենյակի կողմից (REU) եւ իրականացվում ՊԳԿ –ի գլխամասային և տարածաշրջանային գրասենյակների, ինչպես նաև Հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի նպատակներից է աջակցել երկրի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ անտառապատման և անտառվերականգնման միջոցով անտառների զարգացմանը և ընդլայնմանը նպաստելու համար, և այդպիսով խթանել տնտեսական բարեկեցությունը գյուղական բնակավայրերում և կանխել էրոզիան:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply