Հայաստանի «երեսը պարզ դարձնողը» «Համընդհանուր ներառական կրթության մասին» օրենքի նախագիծն է. Ա. Բախշյան

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2012 18:42

Ներառական կրթության էությունն այն է, որ բոլոր երեխաները պիտի սովորեն միասին` մտավոր հետամնացից և հաշմանդամից մինչև տաղանդավոր և շնորհալի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը` խոսելով ներառական կրթության մասին:
Բախշյանի խոսքով` ներառական կրթությունը մեր հասարակությանն ավելի հանդուրժող դարձնող կազմակերպման ձև է, որի նշանաբանն է՝ «Կրթություն բոլորի համար»: «Որպես այս հասարակության անդամ` նրանք իրար հետ պետք է մեծանան և միմյանց ընդունեն այնպիսին, ինչպիսին որ կան, որպեսզի հետագայում բերանները բաց չնայեն անվասայլակի վրա նսած մարդուն։ Ներառական կրթությունը հրամայական է, որովհետև բոլոր պետական փաստաթղթերով ճանաչված է «կրթություն բոլորի համար» նշանաբանը»,-նկատեց բանախոսը:
Անահիտ Բախշյանը հայտնեց նաև, որ շուտով Հայաստանը պետք է զեկույց ներկայացնի ՄԱԿ` համաձայն 2010 թ. ստորագրված հաշմանդամների մասին կոնվենցիայի: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի կարծիքով Հայաստանի «երեսը պարզ դարձնողը» «Համընդհանուր ներառական կրթության մասին» օրենքի նախագիծն է, որը շուտով կընդունվի:
Նա նաև ասաց, որ ներառական կրթությունը կիրառվում է տարբեր ձևերով. մի տեղ նկատվում է հաջողություն, մի այլ տեղ` ոչ. «Մեր մանկավարժներն այսօր պատրաստ չեն ընդունելու այդ երեխաներին, սակայն խոսքերով մենք չենք կարող ասել` միջազգային կոնվենցիաներ, սպասե’ք, մինչև մեր մանկավարժները ընդունեն այդ գաղափարախոսությունը: Նրան այդ գիտակցությունը պետք է ունենան այսօր»:
Այս առումով, սակայն, դրական տեղաշարժեր Անահիտ Բախշյանը նկատում է: Նա, մասնավորապես, նշեց, որ իրենք Տավուշի մարզում ներառական կրթության համընդհանուր պիլոտային ծրագիր են իրականացնում, և մարզում առկա խնդիրները շտկելով ու դրանց հիման վրա կշարունակելու են նույն ծրագիրը բոլոր մարզերում: Իսկ Տավուշի մարզից տիկին Բախշյանը բավականին գոհ էր և նշեց, որ այդ մարզի գյուղերի բնակիչները հատ-հատ գիտեն իրենց գյուղում ապրող հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին և քաջ գիտակցում են այս ծրագրի էությունն ու անհրաժեշտությունը: Բացի այդ, Բախշյանը դրականորեն նկատեց նաև այն, որ հասարակության հանդուրժողականության մակարդակն այսօր ավելի բարձր է, քան 5-6 տարի առաջ էր:
Վահե Մակարյան

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply