Հերթական կոռուպցիոն դեպքը դպրոցներում. Բախշյանը զարմացած է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2012 18:30

Այսօր ներառական կրթության թեմայով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց տվեց Անահիտ Բախշյանին` մատնանշելով, ըստ երևույթին, կոռուպցիոն բնույթի մի դեպք Հայաստանի դպրոցներից մեկում: Համաձայն դրա` տվյալ դպրոցի (դպրոցի համարն ու անունը որոշ նկատառումներով առայժմ չի հրապարակվում) 5-րդ դասարանի աշակերտների ստացած գնահատականները իրենց օրագրերում և dasaran.am կայքում նույնը չեն:
Ըստ լրագրողի հայտնած տեղեկության` կայքում զետեղված թվանշանները, որոնք հնարավորություն են տալիս ծնողներին տեղեկանալու իրենց երեխաների առաջադիմության մասին, չեն համապատասխանում աշակերտի իրականում ստացած գնահատականին. բանն այն է, որ աշակերտը, որքան էլ որ լավ սովորող լինի և բարձր գնահատական ստանա դպրոցում, իր օրագրում և dasaran.am կայքի իր էջում ավելի ցածր թվանշան է գրվում, քան իրականում ստացել է:
Սա, ըստ լրագրողի, արվում է նրա համար, որ ծնողը, տեսնելով իր երեխայի` իբրև թե ցածր առաջադիմությունը, լրացուցիչ վճարովի պարապունքների ուղարկի նրան այս կամ այն ուսուցչի մոտ կամ այլ տարբերակով համապատասխան նյութական վերաբերմունքի արժանացնի ուսուցչին, որ իր լավ սովորող երեխան տարվա վերջում ավարտի բարձր գնահատականներով:
Այս դեպքի կապակցությամբ Կրթության ազգային ինտիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը զարմացավ. «Երեխայի ստացած գնահատականները օնլայն ձևով ծնողին հասցնելու նպատակը հենց դա է, որ գնահատման համակարգը լինի բաց ու թափանցիկ, և ծնողն իմանա, որ իր երեխային ստացած գնահատականը, ինչ որ ստուգողականում է, օրագրում է, նույնն էլ ինքն է տեսնում օնլայն տարբերակով»:
Բախշյանը զարմանալով, որ նման բան կարող է տեղի ունենալ, ասաց, որ դա հենց ծնողի իրավունքն է, որ նա անմիջապես գնա ու բարձրաձայնի այդ մասին:
«Եթե այսքանից հետո էլի ծնողները լռելու են, ձայն չեն հանելու, ապա ինձ մնում է ասել, որ…. չգիտեմ»,-զայրացավ տիկին Բախշյանը:
Վերջինս նշեց նաև, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում, և եթե դա իրոք այդպես է, ուրեմն պետք է անմիջապես լրատվությամբ հրապարակել:
Ի դեպ, դպրոցներում նմանատիպ կոռուպցիոն բնույթի դեպքի փաստեցին այլ լրագրողներ ևս:
«Անկախը» ևս հետամուտ կլինի այս խնդրին և լրացուցիչ փաստերի ու բացահայտումների դեպքում անմիջապես կհրապարակի դրանք:

Վահե Մակարյան

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply