Մհեր Ենոքյան.Նոյեմբերի 29-ին Հավատս Մարդու հանդեպ եռապատկվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 1, 2012 15:40

Այսօր ուզում եմ Ձեզ հետ կիսել վերջին օրերի ապրումներս, զարմանքս, հիացմունքս, երախտագիտությունս ու խոսել նոյեմբերի 29-ի ֆենոմենի մասին: Շատ եմ կարդացել թվերի մոգության մասին, փորձել հասկանալ անհասկանալին: Բայց երբևէ չէի մտածի, որ նոյեմբերի 29-րդ օրը կհրապարակվի իմ մահվան դատավճիռը, իսկ 16 տարի անց նույն օրը կդառնամ ուսանող ու դարձյալ նույն օրը բեմ կբարձրանա իմ բանտային օրագիրը: Թող պրագմատիկներն ասեն, որ այս ամենը պատահականություն է: Իսկ ես գիտեմ, որ Աստված նշաններ է ուղղարկում, որ չի լքել ինձ:

1996 թվական, նոյեմբերի 29-ը

ՀՀ Գերագույն դատարան. այդ օրը, այդ նույն վայրում հասարակության անունից ու հանուն ՀՀ-ի ինձ դատապարտեցին մահապատժի՝ չարած հանցանքի համար: Շարունակությունը մռայլ է, անմարդկային, դաժան: Թվում է՝ ներսումս պիտի մեռներ ամենակարևորը՝ Հավատն ու Սերը:

Նոյեմբերի 29-ին Հավատս Մարդու հանդեպ եռապատկվեց

Դերասաններ Վարդան Պետրոսյանին ու Կարինե Ջանջուղազյանին, էլի շատ մտավորականների, ովքեր արձագանքել են իմ հոդվածներին, ստեղծագործություններին, չեմ ճանաչել նախկինում: Հիմա հարազատ հոգիներ ենք դարձել: Երբ ամռանն իմացա, որ դերասանները իմ բանտային օրագրի հիման վրա բեմադրություն են ուզում անել, ոգևորվեցի: Ընտրվեց օրը՝ նոյեմբերի 29-ը, իմացա, որ «Մհեր Մկրտչյան» թատրոնի ադմինիստրացիան ասել է՝ բեմն այդ օրն է ազատ: Այ քեզ զուգադիպություն: Իմ նամակով ժամադրել էի մարդկանց թատրոնի դիմաց: Ես մտքով, ինչպես միշտ եմ անում, հայտնվել էի ազատության մեջ: Ոնց կուզեի ֆիզիկապես ներկա լինել թատրոնում… Հուզված եմ, որ խոսքս, մահապատժացմահականների խնդիրները հասանելի դարձնելու հրաշք ձև էին գտել սրտացավ մարդիկ՝ ապացուցելով՝ մեր կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար բավական է մեկ գործոն՝ Կամք: Իսկ այն մարդիկ, ովքեր ամեն ինչի տակ շահ են փնտրում, ասեմ՝ թե գիրքս, թե «Մհերի դուռը» բեմադրությունը ստեղծվել են անշահախնդիր: Եզակի բան մեր օրերում: Շնորհակալ եմ ոչ անտարբերներից, ովքեր ուրիշի ցավով ապրել գիտեն, ովքեր ձայնս լսելի դարձրին, հատուկ շնորհակալություն ԶԼՄ-ներին, ովքեր մարդկանց հետ հաղորդակցվելու իմ կամուրջն են: Հատուկ անուններ չեմ տալիս, որովհետև ինձ աջակցողներն արդեն շատ-շատ են, վախենում եմ մեկին նեղացնեմ: Հիմա ուզում եմ ստեղծագործեմ ու սովորեմ:

Նոյեմբերի 29-ին դարձա 37 տարեկան ուսանող

Իրավաբան դառնալ միշտ եմ երազել, անգամ՝ մինչև բժշկական ընդունվելս: Հիշո՞ւմ եք այդ մասին իմ գրքում էլ եմ գրել: Որոշմանս պատճառը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» սովետական ֆիլմի անմեղ-մեղավոր հերոսին պաշտպանելու մղումն էր: Բայց ծնողներս բժիշկներ էին, ու ես, երևի դեռ պատանի լինելու պատճառով, չկարողացա պաշտպանել իրավաբան դառնալուս ցանկությունը: Ով կմտածեր, որ երկու տասնյակ տարի անց պիտի վերագտնեմ երազանքս՝ այն էլ բանտում՝ հազար կողպեքով փակված վիճակում: Դեռ ամռանն էր, երբ Արմռադիոյով լսում էի ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին: Նա պատմում էր, որ Սլավոնական համալսարանում հեռակա կարգով իրավագիտություն սովորելու հնարավորություն կա: Ու քանի որ դատապարտյալներն ունեն հեռակա ուսուցման իրավունք, որոշեցի պարապել ու դառնալ դիմորդ:

Հանձնաժողովը՝ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի գլխավորությամբ, նոյեմբերի 29-ին այցելեց ինձ «Նուբարաշենի» բանտում: Զարմացած էի, շփոթված, է՛լ ավելի զարմացա, երբ ամեն ինչ ստացվեց: Ընդունվեցի հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Շնորհակալ եմ բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանից, բուհի իրավունքի ու քաղաքագիտության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանից, բուհի անձնակազմից, ԱՆ ՔԿՎ ու «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակազմերից, մարդկանցից, ովքեր տարբեր կերպ մասնակցեցին այս պրոցեսին:

Բանտում անցկացրած այս տարիների, թիվ չունեցող դատավարությունների, իմ իրավունքների համար պայքարելու արդյունքում այնքան գիտելիք էի հավաքել, որ անդիպլոմ իրավաբան էի ինձ զգում, սակայն երբ գրում էի այս կամ այն իրավական խնդրի մասին, ընկալվում էի սոսկ բանտարկյալ: Իսկ այժմ խոստանում եմ, որպես իրավագիտության ֆակուլտետի ուսանող, վեր հանել այս կամ այն իրավական խնդիրը: Իմ նպատակներից կարևորագույնն եմ համարում Հայաստանում սկսել աշխարհում հայտնի «Անմեղության ծրագիրը», որպեսզի մարդիկ չկատարած հանցանքի համար չհայտնվեն ճաղերից այս կողմ: ԴՆԹ թեսթի կիրառմամբ, իրեղեն ապացույցների պահպանմամբ զարգացած աշխարհը նախ ընդունում է, որ դատարանը ևս սխալական է, ապա շտկում այդ ճակատագրական սխալները: Սա ուժեղ համակարգի կեցվածք է:

Խնդրում եմ ուժ գտեք, շտկեք ճակատագրական սխալները

Գործերի պատժաչափերի վերանայման պահանջի մասին բազմիսց եմ գրել, բանտերում հայտնված քավության նոխազների, չափազանցված ու սխալ պատիժ կրողների: Այն, որ ես ճաղերի հետևում եմ ևս դատական սխալի հետևանք է: Մահապատժի դատավճռիս հիմքում գործով մյուս մեղադրյալի քառակի անգամ փոփոխված ցուցմունքներից վերջինն է միայն: Սա ես ասում եմ 17-րդ տարին անընդմեջ: Բայց համակարգն անդրդվելի է՝ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, և վերջ: Սա է համակարգի արգումենտը: Սակայն, գիտեք, որ 1996 թ-ի ողբերգական դեպքից 16 տարի անց նոր երևան եկած հանգամանքների հիմքով դեռ ապրիլին դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազություն և Վճռաբեկ դատարան, որպեսզի գործը վերաբացվի: Ներկայացվել էին նյութեր, ըստ որոնց 1996 թ-ին քրեական գործը քննվել է խախտումներով, գոյություն չունեցող ընթերականներով: Սակայն, ըստ դատախազության, ներկայացված նոր հանգամանքները հիմք չեն գործի վերաբացման համար: Իմ փաստաբանը դատախազության այս որոշումը վիճարկեց առաջին ատյանում, անարդյունք:

Դեկտեմբերի 3-ին կմասնակցեմ դատական նիստին

Նոր երևան եկած հանգամանքներով քրեական գործի չվերաբացման առնչությամբ Վերաքննիչ բողոքի ժամանակ դատարանին դիմեցի խնդրանքով՝ ապահովել իմ մասնակցությունը դատական պրոցեսում, նշեցի, որ նյութեր ունեմ, որոնք ցանկանում եմ հրապարակել դատարանում: Վերաքննիչ դատարանը արտագնա դռնբաց նիստ է որոշել անել, և դեկտեմբերի 3-ին «Նուբարաշենի» բանտում, ճիշտ է, վանդակի մեջ, ես կմասնակցեմ դատին:

Մհեր Ենոքյան՝ ցմահ բանտարկյալ, Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող

Հ.Գ. Բուհի ընդունելության քննություններին պատրաստվելիս ուսումնասիրեցի նաև պետությունների զինանշանները: Որևէ մեկի վրա Մարդ չգտա, փոխարենը կենդանիներ ու թռչուններ՝ այն էլ գիշատիչ: Թե ի՞նչի մասին է սա վկայում, թողնում եմ մասնագետներին: Իսկ ցանկությունս մեկն է, որ մարդկության արժեքը Մարդը լինի: Հուսով եմ՝ խենթ եմ, բայց ոչ ուտոպիստ:

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply