Դավիթ Գյուրջինյանը սխալ է համարում մարտի 1-ի դեպքերը վերլուծել դասագրքերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 30, 2012 16:18
«Ինձ թվում է, որ 4 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի հիշողությունը դեռ թարմ է մեր ժողովրդի մեջ, տասնյակ հազարավոր մարդիկ ուղղակի մասնակից են եղել այդ դեպքերի: Ուստի պետք չէր վերլուծել դրանք մտցնել պատմության դասագրքի մեջ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը` խոսելով վերջերս մեծ աղմուկ հանած բուհական այն դասագրքի մասին, որում ներկայացված են նաև մարտի 1-ի դեպքերը:
Գոյւրջինյանի կարծիքով՝ դասագրքերում պարզապես պետք է նշել, որ 2008 թ-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որից հետո տեղի են ունեցել բախումներ: Այլ կարծիքներ և վերլուծություններ, ըստ լեզվաբանի, հարկավոր չէ նշել:
Ըստ նրա` վերլուծություններն ու մեկնաբանությունները պետք է թողնեն դասախոսներին և ուսանողներին, ովքեր լսարանում խոսելով այդ դեպքերի մասին, կարող են քննարկել այն և գնահատականներ տալ` ինչն էր ճիշտ, ինչը` սխալ: Իսկ դասագրքերում հարկավոր է ուղղակի չեզոք ինֆորմացիա շարադրել:
Հիշեցնենք, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակությամբ լույս տեսած պատմության բուհական դասագրքում մարտի 1-ը ներկայացվել է որպես խուլիգանություն, իսկ մասնակիցներն` ագրեսորներ:
Բանասեր Դավիթ Գասպարյանն էլ ընդհանրապես կարծում է, որ եթե նյութը խոսակցությունների առիթ է տալիս, ուրեմն դա արդեն միանշանակ չէ: Դրա համար, ըստ գիտնականի, դեպքը պետք է ներկայացնել առանց վերաբերմունք ցույց տալու:
Հիշեցնենք, որ 2008թ փետրվարյան նախագահական ընտրություններից հետո հայկական ընդդիմությունը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաք` այդ կերպ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտելով:
Մարտի 1-2 ակցիաների ընթացքում բախումներ են եղել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության ուժերի միջև:
Գլխավոր դատախազության տվյալներով, տուժել է մոտ 200 մարդ, ձերբակալվել 100 և զոհվել 10 մարդ:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
