ՄԱԿ–ում Պաղեստինի դիտորդ կարգավիճակով մեր գանձարանում մի քանի կոպեկ է ավելանում. Վազգեն Մանուկյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 30, 2012 16:06

Հանրային պալատի նախագահ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատմամբ չի կարելի ուղիղ զուգահեռ անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Պաղեստինի միջև, այն իմաստով, որ ԼՂ-ին էլ կտրվի ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ, սակայն նրա պատկերավոր դիտարկմամբ՝«մեր գանձարանի մեջ անընդհատ մի քանի կոպեկ ավելանում է»:

«Բոլոր իր աննմանություններով միևնույն է՝ յուրաքանչյուր նման քայլ մեզ համար ինչ-որ մի տեղ օգուտ է»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ տալու քվեարկության ժամանակ, երբ երևանյան ժամանակով այս գիշեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճանաչել է Պաղեստինը՝ որպես կառույցի դիտորդ պետություն։ Համապատասխան բանաձևին 193 անդամ երկրից կողմ է քվեարկել 138-ը, դեմ՝ 9 երկիր, մնացածը ձեռնպահ են մնացել։
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հրայր Կարապետյանը հակառակը լավատես է, և կարծում է, որ ոչ հեռավոր ապագայում ԼՂՀ-ին ևս կարող է տրվել նման կարգավիճակ:

«Եվ նախադեպն էլ՝ Կոսովոն, արդեն իսկ կա, և մի շարք երկրներ նույնպես ինքնորոշման գործընթացներ են սկսել, որոնց հանգուցալուծումը, ես կարծում եմ՝ լինելու է Կոսովոյի կամ Պաղեստինի պարագայում, իսկ հետագայում վստահ եմ նաև՝ Ղարաբաղի»,- ասաց Հրայր Կարապետյանը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի այս որոշումն իր համար ոգևորիչ է: «Եվ պատահական չէ, որ Հայաստանը կողմ է քվեարկել»,- ասաց նա։

Ի պատասխան հարցի, բայց չէ՞ որ միջազգային հանրությունը մշտապես պնդում է մի կողմ թողնել Կոսովոն՝ այն համարելով իր ուրույն սպեցիֆիկան ունեցող հակամարտություն, Հրայր Կարապետյանն ասաց. «Դրանք այն գործիչներն են, որոնց համար երկակի ստանդարտներն են գործունեության չափանիշը»:

Ուրուգվայի Ազգային ժողովի նախագահի Ղարաբաղ այցելության հետ կապված, Հրայր Կարապետյանն ասաց, որ չի կարելի այն Ուրուգվայի կողմից ԼՂՀ պաշտոնապես ճանաչում համարել, բայց ոչ պաշտոնապես՝ ինքնին խոսուն փաստ է, որ առաջին անգամ երկրի խորհրդարանի պաշտոնական պատվիրակությունը՝ այն էլ խորհրդարանի ղեկավար անձանց մասնակցությամբ է այցելել ԼՂՀ:

ՀՅԴ հայ դատի և հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքն էապես տարբերվում է: Tert.am-ի հետ զրույցում նա ասաց. «Չէի ուզեր, որ նախադեպ դառնար, որովհետև 60- 65 տարի է՝ իրենք սպասում են: Անցյալ տարի այս հարցը մտավ, իրենք ուզում էին դառնալ լիիրավ անդամ, ի վերջո, դարձան ոչ դիտորդ անդամ»:

Կիրո Մանոյանը հավելեց նաև, որ Հայաստանը Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի ուղղությամբ չի տանում: Ավելին՝ «Հայկական կողմը ՄԱԿ-ում երկու անդամ պետություն ունենալու տրամադրություն չունի»:

Թերթ.am

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply