Հնչած` Լիբանանից, ուղղված` հայկական աշխարհին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 30, 2012 15:52

Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Լիբանան որոշ դիտարկումների առիթ է տալիս բնականաբար:  Նախ, այցը տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակի վրա ճգնաժամային պայմանների եւ տեղական առումով քաղաքական բեւեռացած համապատկերի մեջ։ Այդ առումով էլ նախագահի ելույթների բովանդակային շեշտադրումները հաճախ արծարծում էին տագնապին վերաբերող սկզբունքային տեսական մոտեցումներ` հատկապես խաղաղության վերահաստատման առաջադրանքը գերակշռելով: Խաղաղության առաջադրման սկզբունքը հեզասահ ոստումով կապվեց նաեւ Կովկասում խաղաղություն հաստատելու առաջնահերթությանը, ընդգծելու համար Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը խաղաղության հաստատման համար ընթացող բանակցություններին: Միջին Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջաններում առաջադրելի խաղաղության հաստատման առաջնահերթության ընդգծումը անհրաժեշտ ուղերձ էր պաշտոնական Բեյրութի ներկայացուցիչներին ուղղված, նկատի ունենալով նաեւ Իսլամական վեհաժողովներին մասնակցող լիբանանցի պաշտոնատարների կրավորականությունը` Բաքվի առաջադրած ամենահակահայ բանաձեւի նախագծերի նկատմամբ:

 

Այցը իբրեւ խթանող գործոն կարեւոր էր նաեւ Երեւան-Բեյրութ միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Դժվար արդարանալի անաշխուժ վիճակ է տիրում այսօր միջպետական հարաբերությունների գործընթացոմ: Երկու տասնյակից ավել երկկողմ պայմանագրերի մեծամասնությունը մնացել է թղթի վրա եւ երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող համաձայնությունները կյանքի կոչելու մղումները բացակա են փաստորեն: Այստեղ խնդիրը հայկական կողմի համար կրկնակի նշանակություն ունի, երբ մանավանդ նկատի ենք առնում հակառակորդի գերաշխուժ քաղաքականությունը այս ուղղությամբ: Լիբանանը հստակ աշխատանքային թիրախ է Անկարայի համար, որ հյուսիսից մինչեւ հարավ, անցնելով Բեյրութից բազմաթիվ ոլորտներում թափանցման հսկայածավալ ծրագրերի իրականացման գործնական քայլերի է դիմել: Մեր առավելությունը այս դեպքում կամրջի դեր կատարելու հանգամանք վայելող կազմակերպ համայնքի գոյությունն է, որ պետական նախաձեռնությունների հաջողության համար հիմնական գրավականն է: Անկարան փաստորեն զուրկ է կարեւոր այս երաշխիքից:

 

Նախագահ Սարգսյանի այցելության առիթով այն երկու նորագույն պայմանագրերը, որոնք կնքվեցին հեռահար բնույթով ռազմավարական նշանակություն կունենա՛ն, եթե նախկինների ճակատագրին չմատնվեն: Փոխադարձ մուտքի արտոնագրերի դրության ջնջումը կնպաստի ոչ միայն լիբանանահայ համայնք-հայրենիք կապերի սերտացմանը, այլ հիմնականում լիբանանյան եւ հայաստանյան հասարակությունների միջեւ կապերի զարգացմանը: Համաձայնագիրը առանձին չի կարող շարժել այս թղթածրարը, եթե համապատասխան կառույցներ եւ ծառայություններ չաշխատեն ոչ միայն զբոսաշրջությունը, այլ նաեւ տնտեսությունը գրավիչ դարձնելու եւ այդ բոլորի համար ներդրումային իրավական դաշտը կայացած ներկայացնելու համար:

 

Բարձրագույն կրթության համար վկայականների փոխճանաչման համաձայնագիրը  լիբանանահայ ուսանողության հայացքները կարող է առաջնորդել դեպի հայրենիք, այնտեղ մասնագիտանալու համար: Դեռևս վաղ է խոսել լիբանանցի ուսանողի մասին, որ կարող է Երեւանի ամերիկյան եւ ֆրանսիական համալսարաններում շարունակել իր մասնագիտությունը: Բարձրագույն կրթական համակարգի ներկայացումը, տարբեր համալսարանների մասին լիբանանցի ուսանող խավի իրազեկումը նախապայմանային բնույթի աշխատանքներ են, որոնք պետք է ձեռնարկել այդ համաձայնագրերը իմաստավորելու համար:

 

Իսկ այս աշխատանքը անշուշտ զուտ կրթական բնույթ չունի, մանավանդ երբ նկատի առնենք, թե կրթական ոլորտում Անկարան ի՛նչ տեսակի քաղաքականություն  է փորձում իրականացնել մայրիների երկրում:

 

Քաղաքական հակակշիռ քայլերի այս ընդհանուր պարունակում պետք է դիտարկել նախագահ Սարգսյանի այցը Լիբանանի նահատակաց հուշարձան եւ հարգանքի տուրքի մատուցումը Օսմանյան Թուրքիայի ջարդարար քաղաքականության զոհ դարձած լիբանանցի զոհերի հիշատակին: Չմոռանանք. Լիբանանը միակ արաբական պետությունն է, որ իր խորհրդարանով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եւ այստեղ Նահատակաց հուշարձան այցելության քաղաքական ուղերձը պարզ է:

 

Հասկանալի է, որ իր գործընկերոջ հրավերին ընդառաջ, փոխադարձ պաշտոնական այցելություն էր նախագահ Սարգսյանի ժամանումը Բեյրութ. եւ իբրեւ այդպիսին ներազգային մակարդակի վրա օրակարգեր, հանդիպումներ եւ նիստեր նախատեսված չէին: Թեեւ համայնքի  հոգեւոր եւ կրթական հաստատությունների շրջագայությունը առիթ եղավ անդրադառնալու հայության եւ հայրենիքին վերաբերող հրատապ խնդիրներին: Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպում-ճաշի ընթացքում իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորեց լիբանանահայ գաղութի յուրահատկությունները, ազգային դիմագիծը, կենսունակ ու կազմակերպ համայնք լինելու հանգամանքը: Անդրադառնալով Երեւան-Անկարա արձանագրությունների ճակատագրին, նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր տարբերակնեը սեղանի վրա են այսօր, ընդհուպ մինչեւ ստորագրությունների հետ կանչումը Երեւանի կողմից: Առաջին անգամ լինելով նման մի ակնարկ  Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարի կողմից հնչեց Սփյուռքի մայրաքաղաքից: Ֆուտբոլային դիվանագիտությունը մեկնարկեց Մոսկվայից: Ստորագրությունների հետ կանչելու հնարավորությունը հնչեց Բեյրութից: Այս երեւույթը նաեւ լիբանանահայ համայնքի ներկայացրած համահայկական կարեւորության մասն է կազմում:

 

Նախագահի բեյրության այցի կարեւորագույն ուղերձն էր սա։ Հնչած` Լիբանանից, ուղղված` հայկական աշխարհին:

 

 

Շահան Գանտահարյան

 

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

 

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply