Թուրքիայի օմբուդսմենն արդարացել է Դինքին դատապարտելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 12:02

Թուրքիայի հանրապետական պատմության մեջ առաջին անգամ օմբուդսմեն ընտրված Նիհաթ Օմերօղլուն արձագանքել է Հրանտ Դինքին դատապարտելու պատճառով իրենց ուղղված մեղադրանքներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:

Անդրադառնալով այն հայտարարություններին, որոնցում Օմերօղլուն մեղադրվում էր Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի դեմ դատական որոշում կայացնելու մեջ, օմբուդսմենը հայտարարել է, որ դատական որոշում կայացնելու ժամանակ ինքը տեղյակ չի եղել, թե ով է Դինքը: «Հրանտ Դինքին գիտեի ազգայնական արձագանքներից և լրատվամիջոցներից: Սակայն դատական գործում նրա անունը գրված էր «Ֆըրաթ Դինք» ձևով, հետևաբար ես չգիտեի, որ խոսքը Հրանտ Դինքի մասին է»,- արդարացել է Օմերօղլուն` ևս մեկ անգամ շեշտելով այն փաստը, որ ինքն ընդամենը մեկն էր դատական որոշում կայացրած 23 անձանցից:

Ավելի վաղ Թուրքիայի օմբուդսմենի ընտրությունը քննադատել էր Դինքի եղբայրը` Օրհան Դինքը: «Մենք գիտենք, որ տարիներ առաջ թուրքական արդարադատության ընդունած որոշումը դարձավ Դինքի մահվան հրամանը: Ընդ որում, այս որոշմամբ դատարանը ոչ միայն վատ դրության մեջ գցեց Թուրքիային, այլև մեր եղբորը վերցրեց մեզանից: Որպես արդյունք` դատական գործը հասավ ՄԻԵԴ: Եվրոպական դատարանը Դինքի հրապարակումը որակեց իբրև խոսքի ազատություն, որտեղ չկային թուրքերին նվաստացնող և վիրավորող տարրեր»,-հայտարարել էր Դինքի եղբայրը` ընդգծելով, որ փաստացիորեն Թուրքիայի օմբուդսմեն է ընտրվել մեկը, ով ստորագրել է Հրանտ Դինքի մահվան հրամանագիրը:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply