Առաջին հաղթանակները և պարտությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 29, 2012 21:15

Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում  56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը հաղթեց ադրբեջանցի Նասրադին Մամադովին։ Առաջին ռաունդն ավարտվեց  7:5 հաշվով` հօգուտ Սողոմոնյանի: Երկրորդ ռաունդում հավասար պայքար էր` 5:5: Երրորդ ռաունդում Սողոմոնյանն առավելության  հասավ 6:2 հաշվով: Այսպիսով, մեր մարզիկը հաղթեց ընդհանուր  18:12 հաշվով:

Տարոնը աշխարհի պատանիների, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, այժմ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Կորյուն Սողոմոնյանի կրտսեր եղբայրն է: Ընդ որում, Կորյունը աշխարհի չեմպիոն է դարձել երեք տարի առաջ Երևանում: Մարզասերները սպասում են, որ երևանյան ռինգը հաջող կլինի նաև նրա եղբոր համար:

Տարոն Սողոմոնյանը 17 տարեկան է, բռնցքամարտով զբաղվում  6 տարի: Նա հաջորդ փուլում  կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Սապոնի հետ։

49 կգ քաշային Հայրիկ Նազարյանը և 64 կգ քաշային Գոռ Երիցյանը հաղթեցին իտալացի Ջանլուկա Կոնսելմոյին և Տայպեյի ներկայացուցիչ Յու Լին Լիուին։

Նազարյանն առաջին ռաունդում  ակնհայտ ուժեղ էր մրցակցից և իտալացին նոկդաունի ենթարկվեց: Ռաունդն ավարտվեց Հայրիկի բացահայտ առավելությամբ՝ 10:5 հաշվով: Երկրորդ ռաունդում նույնպես արձանագրվեց մեր մարզիկի հաղթանակը` 6:5: Երրորդ ռաունդում Նազարյանը  նույնպես հաղթեց՝ 5:2: Մրցամարտի ընդհանուր հաշիվն է` 21:12:

Երիցյանը մրցակցին  պարտության մատնեց 21:11 ( 3:1, 8:5, 10:5) հաշվով:

Մրցումների առաջին օրը մերոնք նաև առաջին կորուստն ունեցան: 69 կգ քաշային Յուրա Միքայելյանը 1/32 եզրափակչում պարտվեց Գերմանիայի ներկայացուցիչ Աբաս Բարուին և դուրս մնաց պայքարից։

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply