Թուրք ռեկտորը դատապարտում է Ռամիլ Սաֆարովի ազատումն ու հերոսացումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2012 18:25

Թուրքիայի Kadir Has համալսարանի ռեկտոր Այդին Մուսթաֆան դատապարտում է Ադրբեջանում կացնով մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատումն ու հերոսացումը:
«Դա պետք է տեղի չունենար: Իհարկե, դատապարտում եմ», – ասել է Մուսթաֆան՝ հայ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով հայ սպային կացնահարած մարդասպանին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելը եւ հայրենիքում նրա հերոսացումը:
Թուրք ռեկտորը մասնակցում է Երեւանում նոյեմբերի 29-30-ն ընթացող «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով ամենամյա միջազգային ֆորումին: Ֆորումի կազմակերպիչները ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն ու Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան են: Մասնակցում են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսրայելի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի տարածաշրջանային անվտանգության ոլորտի փորձագետներ:
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:
Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:
Սաֆարովի գործի վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համապատասխան մարմիններին, այս դեպքում՝ արդարադատության նախարարությանը, կարգադրել էր անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկել միջազգային դատական ատյաններ դիմելու համար:

News.am.

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply