Նարեկ Սարգսյանը` մայրաքաղաքի մի շարք նոր կառուցվող շենքերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2012 17:40

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ ներկայացրեց մայրաքաղաքում առկա մի շարք անավարտ շինությունների հետ կապված:
Մասնավորապես նա խոսեց հետևյալ շինությունների մասին.
Սևան հյուրանոց. «Մենք հյուրանոցի սեփականատերերի հետ հանդիպել ենք մի քանի անգամ, լրջագույնս քննարկել ենք այդ տարածքի հետագա կառուցապատման խնդիրները, և, քանի որ անմիջապես հարևանությամբ առաջիկայում կսկսվի վարչական շենքերի նոր համալիրի կառուցումը, Սևան հյուրանոցի և դատախազության շենքերի միջանկյալ հատվածում այրված արդարադատության նախարարության նախկին շենքի փոխարեն»-ասաց Նարեկ Սարգսյանը` նշելով, որ այդ տարածքում կկառուցվի ՀՀ ԱԳ նոր շենքը, որին կից նույն տարածքում կկառուցվեն նաև ևս երկու նախարարությունների նոր շենքեր:
Մյուս շենքը, որի մասին խոսեց Սարգսյանը, Երիտասարդության պալատի շենքի տեղում կառուցվելիք նոր բարձրահարկ շենքի մաsին էր, որի վերաբերյալ առաջացել են որոշակի խնդիրներ. «Այս պահին մենք ունենք խնդիր, մենք չենք կարող բավարարել կառուցապատողների պահանջները, և այդ մասին հստակ ասվել է նրանց: Բանն այն է, որ ճապոնական նախագիծը, որը որ հաղթել էր մրցույթում, ուներ երկու մասնաշենք, որոնցից մեկի բարձրությունը մոտ 150 մետր էր, մյուսինը` 90 մետր: Քաղաքապետարանը թույլատրել է շինարարությունը միայն 150-ի փոխարեն 122 և 90-ի փոխարեն 70 մետր բարձրությունների դեպքում, ինչի վերաբերյալ եղել է անհամաձայնություն կառուցապատողի և նախագծողի հետ, որը պահանջել է սեփականատիրոջից` պահպանել հաղթած նախագծի չափորոշիչները, սակայն մենք որևիցե հիմք չունենք առանց այն էլ այդպիսի բարձրությամբ շենքերի բարձրությունները ավելացնել ևս 20 և 30 մետրով»:
Նարեկ Սարգսյանը խոսեց նաև Կասկադում կատարվող աշխատանքների մասին` դրական գնահատելով համալիրի ներկայացուցիչների հետ տարվող աշխատանքները. «Մենք շատ արդյունավետ աշխատանք ենք ունեցել Կասկադ համալիրի ներկայացուցիչների հետ, և պետք է ասեմ, որ նախագծերը, որոնք տարիներ առաջ իրականացվել են Կասկադում, մենք առաջարկել ենք, որ սեփականատերերը անպայման հաշվի առնեն Կասկադի հին նախագիծը: Այս ուղղությամբ մեր միջև կա լիարժեք փոխըմբռնում»:
Ինչ վերաբերում է Աբովյան փողոցում «Մուլտի գրուպ»-ի կիսակառույց շենքին, ապա Ն. Սարգսյանն ասաց, որ եղել է նախագիծ և թույատվություն` Աբովյան փողոցի կողմից պահպանել հարկայինությունը միջին հարկայնությամբ, այն է` մինչև 18 հարկանի շենք: Մենք առաջարկել ենք հրաժարվել այդ բարձրությամբ շենքերից` հաշվի առնելով կենտրոնի նոր չափորաշիչները և կրճատել այդ բարձրությունը, որն առաջացրել է նախագծում փոփոխություններ»:

Վահե Մակարյան

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply