Որո՞նք են հետաքննության մարմինները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | December 6, 2012 11:12

Ինչպես գիտենք, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում հետաքննության մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել, օրենքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Իսկ թե որոնք են հետաքննության մարմինները, այս հարցին հստակ պատասխան է տրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածում, ըստ որի` հետաքննության մարմիններն են`

1) ոստիկանությունը,

2) զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին,

3) ռազմական ոստիկանությունը` օրենքով նրա իրավասությանը հանձնված գործերով,

4) Հայաստանի փրկարար ծառայության մարմինները` փրկարարական ծառայության հետ կապված գործերով,

5) հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով,

6) մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով,

7) ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով,

8) քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով,

9) օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերով:

Հետաքննության մարմիններին հիշյալ օրենսգրքով վերապահված են որոշակի լիազորություններ: Դրանք են`

1) հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկում է համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ,

2) մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարում է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնում է նմուշներ և նշանակում փորձաքննություն,

3) հարուցում է քրեական գործ, գործն ընդունում է իր վարույթ կամ ուղարկում է ըստ ենթակայության, ինչպես նաև, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, մերժում է քրեական գործ հարուցելը, քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով,

4) հայտնաբերված հանցագործության և գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահում դատախազին և քննիչին.

5) քրեական գործ հարուցելուց հետո հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու և ամրապնդելու ուղղությամբ կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ` զննություն, խուզարկություն, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների լսում, առգրավում, քննում, կասկածյալի ձերբակալում ու հարցաքննություն, տուժողների և վկաների հարցաքննություն, առերեսում, նշանակում է փորձաքննություն,

6) քրեական գործ հարուցելու պահից տասն օրվա ընթացքում, իսկ հանցանք կատարողին հայտնաբերելու կամ քննչական անհետաձգելի գործողությունները ավարտելու, ինչպես նաև քննիչի ներգրավման պահից անհապաղ գործը հանձնում է քննիչին,

7) քննիչի վարույթում գտնվող հանցագործությունների գործերով կատարում է քննիչի, դատախազի հանձնարարությունները, դատախազի ցուցումները,

8) գրանցում է հանցագործությունների մասին հաղորդումները,

9) բերման է ենթարկում հանցանքի կատարման մեջ կասկածվող անձանց, զննում և խուզարկում է նրանց, ինչպես նաև ազատում է առանց բավարար հիմքերի բերման ենթարկված անձանց,

10) հնարավորություն է ընձեռում դատախազին` իր լիազորությունների շրջանակում ստուգելու հետաքննության մարմնի գործունեությունը,

11) դատախազին և քննիչին տրամադրում է իրենց լիազորությունների շրջանակում նրանց պահանջած անհրաժեշտ տեղեկությունները,

12) միջոցներ է ձեռնարկում հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ,

13) հարցման է ենթարկում դեպքի ականատեսներին, ծանոթանում դեպքի իրադրությանը, ինչպես նաև այն փաստաթղթերին, գործերին և նյութերին, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին,

14) պահանջում է փաստաթղթեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին,

15) պահանջում է կատարել վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ,

16) կազմակերպում է դատարանի օրինական հանձնարարությունների կատարումը,

18) իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply