ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ, ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. Նկարիչ Արամազդ Պետրոսյանի աշխատանքները՝ «Արամե» պատկերասրահում
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | December 4, 2012 14:03
«Անկախի» ընթերցողներն արդեն ծանոթ են նկարիչ Արամազդ Պետրոսյանին և նրա աշխատանքներին: Արամազդին հանդիպեցինք վերջերս: Պատճառը «Արամեում» բացված «Նոր սերունդ, նոր հեռանկարներ» ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էին նաև նրա աշխատանքները:
– Արամազդ, ի՞նչ կասեք «Արամե» ցուցասրահում ներկայացված Ձեր աշխատանքների մասին:
– Ցուցահանդեսին մասնակցում էի 5 աշխատանքով: Դեռ 2004-ից պարբերաբար իմ աշխատանքները ցուցադրվել են «Արամեում»: Պարզապես սա ցուցասրահի նոր մասնաճյուղն է Մաշտոցի փողոցում, և ինձ համար խորհրդանշական է, որ բացումն արեցինք մեր աշխատանքներով:
– Ձեր ո՞ր աշխատանքներն եք ներկայացրել:
– Ցուցահանդեսում ներկայացված էր, ինչպես նշեցի, 5 աշխատանք` 3-» յուղաներկ` «Փոքրիկ սյուռեալիստը», «Ստուդիա-բնորդուհին Եվրոպայի կերպարով», «Պոլլո» և 2 գրաֆիկա` արված պաստել նյութով` «Հովհարով կինը» և «Գլխարկով կինը»: Յուղաներկով աշխատանքներն իմ 2007-2009 թթ. հավաքածուից էին, իսկ գրաֆիկաները` 2010-2011 թթ. պաստելային շարքից:
– Բացի ձեր աշխատանքներից, ո՞ւմ աշխատանքներն են ներկայացվել:
– Մասնակցում էին 8 հեղինակներ` 7 գեղանկարիչ՝ ես, Ավետիս Խաչատրյանը, Վահագն Համալբաշյանը, Ռաֆայել Մելիքյանը, Արթուր Հովհաննիսյանը, Աշոտ Յանը, Ռոմեո Մելիքյանը և 1 քանդակագործ` Մարգարիտա Մատուլյանը: Իմիջիայլոց, մասնակիցները, լինելով երիտասարդ, հասցրել են ունենալ բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսներ հայրենիքում և նրա սահմաններից դուրս:
– Ի՞նչ արձագանքներ կան ցուցահանդեսից հետո:
– Գիտեք, գաղտնիք չէ, որ «Արամե» պատկերասրահի յուրաքանչյուր ցուցադրություն աչքի է ընկնում լավ կազմակերպվածությամբ, քանի որ այնտեղ համախմբված են պրոֆեսիոնալ և բարեկիրթ մարդիկ` Արամ Սարգսյանի գլխավորությամբ: Եվ այդ աշխատանքի արդյունքի մասին է վկայում ոչ միայն ցուցահանդեսի բացման օրերին լեփ-լեցուն ցուցասրահը, այլև արվեստասեր հասարակության հաճախակի այցելությունները ցուցասրահ` դիտելու ճանաչված հեղինակների պարբերաբար թարմացվող բարձրաճաշակ և որակյալ ստեղծագործությունները: Ասեմ, որ տպագրվեց այս ցուցահանդեսի կատալոգը, որում կարող եք տեսնել երիտասարդ հեղինակների աշխատանքները:
– Բացման օրը հանդիպեցի նաև օտարերկրյա հետաքրքրվածների:
– Այո՛, ցուցասրահում քիչ չէին նաև օտարերկրյա այցելուները: Ասում են՝ նրանք բավական տպավորված էին մեր աշխատանքներով:
– Վերջին շրջանում ձեր աշխատանքները որտե՞ղ են ներկայացվել:
– 2012 թվականը բավականին հագեցած էր ցուցահանդեսների առումով: Մասնակցեցի շուրջ 10 խմբակային ցուցահանդեսների Երևանում, Լոնդոնում, Մոսկվայում, Փարիզում, Ռիգայում և այլուր: Այս պահին Նկարիչների միության հիմնադրման 80-ամյակին նվիրված ցուցահանդեսին մասնակցում եմ «Երաժիշտներ» կոմպոզիցիոն աշխատանքով, որը, ի դեպ, մեր երկրում ցուցադրվում է առաջին անգամ:
«ՆՊԱՍՏԵԼ ՄԵՐ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ»
Սա է «ԱՐԱՄԵ» պատկերասրահի հիմնադրի ցանկությունը
2003-ից Ամիրյան 13 հասցեում գործող «Արամե» պատկերասրահն իր շուրջն է համախմբել մի շարք հայ ժամանակակից տաղանդավոր գեղանկարիչների` կազմակերպելով ինչպես անհատական, այնպես էլ խմբակային թեմատիկ ցուցահանդեսներ:
Ո՞ՒՄ Է ՆՎԻՐՎԱԾ «ԱՐԱՄԵՆ»
– Արամե պատկերասրահը ներկայացնում է անվանի հայ գեղանկարիչների և քանդակագործների ստեղծագործություններ` նախապատվությունը տալով դասական ակունքներից սնվող ռեալիստական արվեստի տարբեր ուղղություններին: Մեզ մոտ ներկայացված են հայ դասական արվեստի այնպիսի նշանավոր հեղինակների գործեր, ինչպիսիք են` Մինաս Ավետիսյանը, Հովսեփ Կարալյանը, Մհեր Աբեղյանը, Բաբկեն Քոլոզյանը, Վաղարշակ Էլիբեկյանը և ուրիշներ: Ասեմ, որ պատկերասրահում ցուցադրվում և վաճառվում են նաև միջազգային ճանաչում վայելող մի շարք ժամանակակից գեղանկարիչների ստեղծագործություններ: Նրանց շարքում հատկապես կարող եմ առանձնացնել Էմիլ Գազազին, Ռուբեն Աբովյանին, Սարգիս Համալբաշյանին, Տարոն Մուրադյանին, Գևորգ Եղիազարյանին, Արմեն Գևորգյանին,- ասում է «Արամե» պատկերասրահի հիմնադիր և տնօրեն Արամ Սարգսյանն ու շարունակում:- Հետաքրքրական է, որ այս հեղինակներին միավորում է կատարողական բարձր վարպետությունը, ստեղծագործական անսպառ երևակայությունը, իրականության ֆանտաստիկ և հեքիաթային ընկալումը: Կարծում եմ՝ նրանց արվեստը մշտապես խորհելու առիթ է տալիս, ինչպես յուրաքանչյուր նորն ու աննախադեպը, այն մշտապես հուզում է ինչպես ամեն գեղեցիկը, այն իրապես արժեքավոր է և մնայուն ինչպես յուրաքանչյուր իրական արվեստի գործ:
Միանգամայն օրինաչափ է, որ այս հեղինակների ստեղծագործությունները տեղ են գտել մի շարք երկրների թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում:
«ԱՐԱՄԵԻ» ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
Արամ Սարգսյանը մի փոքր ամոթով է ներկայացնում «Արամեի» հաղթանակները:
– Գիտեք, «Արամեն» Հայաստանի առաջին և առայժմ միակ պատկերասրահն է, որը մասնակցել է Նյու Յորքի 2003-2004 թթ. միջազգային արտէքսպոներին և պատշաճ մակարդակով ներկայացրել մի շարք ժամանակակից հայ գեղանկարիչների գործեր: «Արամեն» հաջողությամբ համագործակցում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հեղինակավոր պատկերասրահների հետ:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԿԱ ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ «ԱՐԱՄԵ»
Արամե պատկերասրահի այս նոր մասնաճյուղի բացումը, հիմնադրի խոսքով, իրենց նախընթաց 9 տարիների բեղմնավոր գործունեության արդյունքն է:
– Մեզ մոտ պարբերաբար կազմակերպվելու են հայ գեղանկարիչների և քանդակագործների անհատական, խմբակային և թեմատիկ ցուցահանդեսներ: Արդեն կազմակերպեցինք «Նոր սերունդ, նոր հեռանկարներ» ցուցահանդեսը` մեր արվեստասեր հասարակությանը ներկայացնելով Հայաստանի երիտասարդ շնորհալի գեղանկարիչների ստեղծագործությունները: Սրան հաջորդելու է հայ ծովանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը,- ասում է Ա. Սարգսյանը:
Մեր հարցին, թե՝ խմբակային էլ ինչ ցուցահանդեսներ են ծրագրում, պատասխանում է.
– Նախատեսում ենք կազմակերպել նաև սփյուռքահայ հեղինակների արվեստին նվիրված ցուցահանդեսներ: Պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների նպատակն է աշխուժացնել հասարակության հետաքրքրությունը հայ ժամանակակից կերպարվեստի նկատմամբ, նպաստել մեր գեղանկարիչների միջազգային ճանաչմանը:
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
