Ներսես Աշտարակեցի` պաշտպան հայրենյաց

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 4, 2012 7:00

Ներսիսյան դպրոցը Կովկասում առաջին հայկական միջնակարգ դպրոցն էր: Այն գոյատևեց շուրջ մեկ դար և իսկական դարբնոց հանդիսացավ հայ մշակույթի համար: Այդ դպրոցում սովորել  են Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Պերճ Պռոշյանը, Երվանդ Լալայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հայկ Բժշկյանցը, Անաստաս Միկոյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Կարո Հալաբյանը, Ավետ Ավետիսյանը, Ստեփան Լիսիցյանը. Ծերենցը, Մանուկ Աբեղյանը, Գաբրիել Սունդուկյանը, հազարավոր ուրիշներ: Պետք է նշել` նաև այս ձեռնարկի շնորհիվ էր, որ Թիֆլիսը դարձավ հայության մտավոր կենտրոն:

Հայ ազատագրական պայքարի և հայ մշակույթի մեծագույն գործիչներից է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցին (1843-1857):

Կաթողիկոսը հայ ազնվական գերդաստանից էր: Մկրտության ավազանի անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան: Իսկ Շահազիզյանների տոհմը սերում է միջնադարյան Կամսարականների նախարարական տոհմից:

Ծնվել է 1770 թ. փետրվարի 13-ին Աշտարակում, քահանայի ընտանիքում: Ութ տարեկան հասակում Թորոսն ընդունվում է կաթողիկոս Սիմեոն Երևանցու հիմնած Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցը, որտեղ սովորում է 13 տարի և ավարտելուց հետո ստանում հոգևորականի կոչում` ընդունելով Ներսես անունը:

Ներսեսը վայելում էր Դանիել եպիսկոպոսի հովանավորությունը և արդեն որպես աբեղա նրա հետ լինում է նախ Մոլդովայում և Վալախիայում, ապա` Պոլսում: Առհասարակ, գտնվելով իր ուսուցչի` Դանիել եպիսկոպոսի ազդեցության տակ, Ներսես աբեղան շարունակ հակամարտությունների և եկեղեցական վեճերի մեջ էր: Շուտով կաթողիկոսական գահին Դանիելի նստելը (Դանիել Ա Սուրմառեցի` 1807-1808) նոր դռներ բացեցին Ներսեսի առջև:

1808 թ. Ներսեսն ընտրվում է նորաստեղծ Սինոդի կազմում: Նա մեծ հեղինակություն էր վայելում Էջմիածնի միաբանության շրջանում: Քանի որ կաթողիկոսը հիվանդության պատճառով մեկուսացած էր հովվապետական կյանքից, հայ եկեղեցու ղեկավարությունը փաստացի իրականացնում  էր Ներսեսը:

1804 թ. սկսված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ներսես արքեպիսկոպոսը գործուն մասնակցություն ունեցավ: Շրջելով Հայաստանի բնակավայրերում` նա կոչ էր անում բնակչությանը զենք վերցնել և սատարել ռուսական բանակին: Ներսեսի գործունեությունը նպաստեց ռուսական կառավարության և Էջմիածնի միջև վստահության ամրապնդմանը:

Ռուս-թուրքական պատերազմից շատ չանցած` 1814 թ., Ներսես արքեպիսկոպոսը նշանակվեց Վրաստանի թեմի առաջնորդ և տեղափոխվեց Թիֆլիս: Այստեղ Ներսեսը լայնածավալ մշակութային գործունեություն սկսեց` ջանալով Թիֆլիսը դարձնել Անդրկովկասի հայության մշակութային-քաղաքական կենտրոն: 1816 թ. նա ռուսական կաբինետի կողմից պարգևատրվեց Սուրբ Աննայի առաջին աստիճանի մեդալով:

1824 թ. Ներսեսը Թիֆլիսում հայկական դպրոց բացեց, որը հետագայում կոչվեց հենց իր անունով` Ներսիսյան: Դպրոցի առաջին տեսուչը անվանի հասարակական-քաղաքական գործիչ Հարություն Ալամդարյանն էր: Հետագայում Ներսիսյան դպրոցում որպես տեսուչ աշխատեցին Պետրոս Շանշյանը, Գաբրիել Պատկանյանը, Ստեփանոս Նազարյանը: 1877-ից դպրոցը  դարձավ լրիվ միջնակարգ: Փաստորեն Ներսիսյան դպրոցը Կովկասում առաջին հայկական միջնակարգ դպրոցն էր: Շատ չանցած դպրոցին կից հիմնվում է տպարան, և սկիզբը է դրվում նաև հրատարակչական գործին:

Ներսես Աշտարակեցին դառնում է արևելահայության առաջնորդն ու կենտրոնական դեմքը: Նրա հետ հաշվի էին նստում Կովկասի իշխանությունները, ռուսական բանակի հրամանատարությունը: Ներսեսը վայելում էր նաև ողջ արևելահայության սերն ու համակրանքը: Հենց նրա շնորհիվ Թիֆլիսը դարձավ Կովկասում հայության մշակութային, քաղաքական կենտրոնը: Նա անմիջապես բարենորոգումներ իրականացրեց վիրահայոց թեմում, սակայն հանդիպեց հայ տգետ հոգևորականության և հարուստ վերնախավի դիմադրությանը: Գործը հասավ նրան, որ ի պաշտպանություն Ներսեսի` հարկ եղավ Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի (1809-1830) միջամտությունը:

1826 – 1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը նոր հորիզոններ բացեց արևելահայության համար: Արևելյան Հայաստանի բնակչությունը ձգտում էր ազատվել պարսկական տիրապետությունից, ինչը համահունչ էր ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությանը: Ռուսական կաբինետը, օգտագործելով հայության ազատագրման իղձերը, սուտ խոստումներով շահագրգռեց հայությանը` որպեսզի հայ ժողովուրդը լծվի ռուսական ռազմակարգին: Ներսեսը գործի անցավ: Քանի որ Եփրեմ կաթողիկոսը ապաստանել էր Հաղբատի վանքում, հայ եկեղեցու առաջնորդությունը փաստացի գտնվում էր Ներսես Աշտարակեցու ձեռքում: Նրա կոչով հարյուրավոր հայեր զենքի կոչվեցին, կազմեցին կամավորական խմբեր և լծվեցին ռուսական ռազմակառքին: Նա անձամբ առաջնորդեց հայ կամավորներին ռազմի դաշտում և մասնակցեց Երևանի, Սարդարապատի, Էջմիածնի գրավման մարտերին: Հայ կամավորների համար Ներսեսը մշակեց 34 կետից բաղկացած հատուկ կանոնադրություն, որով առաջնորդվում էին ներքին հարաբերություններում: Ներսեսը հասավ նրան, որ հայ կամավորների զենքը, հանդերձանքն ու պարենավորումը հոգում էր ռուսական կաբինետը: Հայ կամավորները մարտի էին գնում հայկական դրոշներով: Լինելով լավ հռետոր` մարտից առաջ Ներսես արքեպիսկոպոսը բոցաշունչ ճառով ոգևորում էր իր զինվորներին: Ցուցաբերած ծառայությունների համար ռուսական կաբինետը Ներսես արքեպիսկոպոսին պարգևատրեց Ալեքսանդր Նևսկու շքանշանով:

Թուրքմենչայի հաշտությունից հետո Ներսեսը լծվում է Պարսկաստանից հայ գաղթականների տեղավորման աշխատանքներին: Առհասարակ նա պարսկահայերի գաղթի ջատագովներից էր և ձգտում էր ներգաղթի միջոցով Արևելյան Հայաստանում էապես մեծացնել հայ ազգաբնակչության տեսակարար կշիռը: Հենց Ներսես արքեպիսկոպոսի միջնորդությամբ Պասկևիչն ու Ա.Գրիբոյեդովը բարեխոսեցին ռուսական կաբինետին` Պարսկաստանի հետ բանակցությունների ժամանակ բարձրացնել հայ բնակչության գաղթի խնդիրը: Հենց նրա հետևողականության շնորհիվ Պարսկահայաստանից ու Արևմտյան Հայաստանից շուրջ 120.000 գաղթականներ հաստատվեցին Արևելյան Հայաստանում` հիմնականում Արարատյան դաշտում: Նա Երևանի ժամանակավոր վարչության կազմի մեջ էր և ձեռնամուխ եղավ հայկական աշխարհազորի հիման վրա ազգային ոստիկանության կազմավորմանը: Հայկական մարզի ստեղծումից հետո նա դիմումներով հեղեղեց Պետերբուրգի արքունիքը` առաջարկելով Արևելյան Հայաստանի տարածքներում ռուսական կայսրության հովանու ներքո հայկական ինքնավարություն ստեղծել: Փաստորեն, Ներսես Աշտարակեցին ցանկանում էր կյանքի կոչել հնդկահայ Շահամիր Շահամիրյանի, ռուսահպատակ Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի` Հայաստանի ինքնավարության  ծրագրերը: Միամի՛տ  հույսեր:

Ռուսական հրամանատարության աչքից չէին կարող վրիպել Աշտարակեցու գործունեության հեռահար նպատակները: Հայկական ինքնավարությունը Պետերբուրգի պլանների մեջ չէր մտնում: Շուտով Երևանյան զորաբանակի հրամանատար գեներալ Ի.Պասկևիչի սադրանքով Ներսես Աշտարակեցին զրկվում է բոլոր շնորհներից և ազատվում Երևանի վարչության կազմի անդամությունից: Ներսես Աշտարակեցուն ռուսական հրամանատարությունը մեղադրում էր մահմեդական բնակչության հալածանքների, նրանց կեղեքելու և կողոպտելու մեջ: Ռուսական կաբինետի պահանջով կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին Ներսես արքեպիսկոպոսին հեռացրեց Թիֆլիսից և նշանակեց Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ:

Ներսես Աշտարակեցին կաթողիկոսական գահին փոխարինեց Հովհաննես Ը Կարբեցուն, երբ նրա մահից հետո` 1843 թ., Սինոդի կողմից ընտրվեց կաթողիկոս և հաստատվեց Էջմիածնում: Նրա հեղինակությունն այնքան բարձր էր, որ ուղղակի այլ թեկնածու կաթողիկոսական գահի համար չէր էլ կարող լինել: Նա բեղուն շինարարական գործունեություն ծավալեց: Միաժամանակ պայքար էր ծավալել ռուսական կառավարության ոտնձգությունների դեմ: Հուսախաբվելով Պետերբուրգի կառավարության խոստումներից` նա իրեն նվիրեց հայության կրթության և լուսավորության գործին: Նրա հավատամքով հայության ապագան ամուր եկեղեցական կազմակերպության մեջ է, և միայն հայ առաքելական եկեղեցին կարող է սատար լինել հայությանը` դիմագրավելու օտարներին: Եկեղեցին պետք է ազգային ոգու և ավանդույթների պահպանողը լինի: Առհասարակ, արտաքին հարաբերություններում կաթողիկոսը խիստ զգուշավոր էր և հատկապես Իրանում, Թուրքիայում բնակվող հայությանը միշտ կոչ էր անում զգույշ լինել առճակատումներից և զերծ մնալ սադրանքներից:

Ներսես կաթողիկոսը բարեփոխեց Էջմիածնի կաթողիկոսարանի հարաբերությունները թեմերի և պատրիարքությունների հետ: Նրա ջանքերով արդեն օտարվող Պոլսի պատրիարքարանը վերադարձավ Էջմիածնի գիրկը:

Միաժամանակ նա ուժեղ հսկողություն սահմանեց վանքապատկան կալվածքների և առհասարակ Էջմիածնի գանձարանի եկամուտների վրա: Ներսես Աշտարակեցին կաթողիկոսությունում հաստատեց միանձնյա իշխանություն: Նա սահմանափակեց Սինոդի և թեմակալ առաջնորդների իրավունքները: Բարեփոխումների արդյունքում կաթողիկոսը կարողացավ կայունացնել հայ եկեղեցու տնտեսական վիճակը: Իր կատարած բարեփոխումներին իրավական ուժ տալու նպատակով նա կազմել տվեց Հայ եկեղեցու նոր կանոնադրությունը, որն էապես տարբերվում էր ռուսական կայսերական իշխանությունների կողմից ընդունված «Պոլոժենիեից»: Նա Վաղարշապատում հիմնեց ընդարձակ անտառ` տնկելով շուրջ 30.000 ծառ:

Ներսես Աշտարակեցին մահացավ 1857 թ. փետրվարի 13-ին Թիֆլիսում: Նրա աճյունը տեղափոխվեց և ամփոփվեց Էջմիածնում: Տապանի վրա գրված է` «Պաշտպան հայրենյաց»:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 6686 անգամ:
Print Friendly

Leave a Reply