Բազմազավակությունը պետք է խրախուսվի պետականորեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 5, 2012 13:46

Հայաստանն այսօր ժողովրդագրական  ճգնաժամի  շեմին է, իսկ բնակչության  վերարտադրողականության կամ  ծնելիության անկումը, արտագաղթն ու  և սոցիալ-տնտեսական  ծանր  պայմանները մեր երկրի  համար կարող են ճակատագրական  լինել: Մինչդեռ ապրում ենք մեզանից շատ  անգամ ավելի  բնակչություն ունեցող երկրների  հարևանությամբ: Թեկուզ  միայն այս իրողությունը ՀՀ կառավարությանը պետք է հարկադրի ընդունել բազամազավակությունը  խրախուսող  օրենք, որպեսզի Հայաստանը ձերբազատվի «սակավաթիվ բնակչություն», «փոքր երկիր» խղճահարույց որակումներից, ապա  թե ոչ Ազգային ժողովի որոշ շահագրգիռ  պատգամավորներ արդեն  իսկ մտմտում են խրախուսել  բազմակնությունը`  փորձելով այդ երևույթին հագցնել օրինականության  շապիկ:

«Մենք  պետության  հպարտությունը  պետք է  լինենք»

Հայաստանի Հանրապետության  որևէ  օրենք  չի ընդունվել բազմազավակ ընտանիքների  համար: Ազգային Ժողովի  սոցիալական հարցերի  մշտական  հանձնաժողովի  նախագահ Հակոբ Հակոբյանի հաղորդմամբ` այդ հարցը քննարկման  փուլում էր, սակայն առայժմ սառեցված է:

Այդ «սառույցը» կոտրելու վճռականությամբ մեկ ամիս առաջ մի  խումբ բազմազավակ  մայրեր ՀՀ  նախագահի  նստավայրի առջև պահանջում էին, որ բազմազավակ ծնողները ոչ թե աղքատության, այլ  բազմազավակության  նպաստ ստանան: «Ուզում ենք, որ  կրթության, առողջապահության  ոլորտներում զեղչեր սահմանվեն,  նաև  կոմունալ  վճարները կիսով  չափ  կրճատվեն: Մենք  պետության  հպարտությունը  պետք է  լինենք»,- հավաքվածների անունից պահանջում էր «Բազմազավակ  մայրերի աջակցության  միավորում» հասարակական կազմակերպության  նախագահ,  հինգ որդիների  մայր Մարգարիտա Հովսեփյանը:

Բազմազավակ  մայրերի  անունից տիկին Մարգարիտան  պահանջում էր, որ  վերոհիշյալ  կազմակերպությունը համարվի կառավարությանն առընթեր, ինչը  կնպաստի բազմազավակ  ընտանիքների արժանապատիվ  կյանքի ապահովման  համար սահմանված արտոնությունների շուտափույթ  ընդունմանն ու իրականացմանը: «Ինչու՞  չորս և ավելի երեխաներ ունեցող ծնողը չունենա որոշակի  իրավունքներ, որպեսզի ամեն  հարցով հարկադրված  չլինի դիմելու տարբեր  մարմինների ողորմության  նմանվող օգնությանը»:

Ի դեպ, այս նախագծի ընդունմանը սպասում է շուրջ 200 հազար բազմազավակ ընտանիք:

Սոցիալական խնդիրներ ունեցող  բազմաթիվ ընտանիքների համար երկու երեխայի գոյությունն  արդեն իսկ խնդիր է, բայց եթե  նրանք զգան, որ պետությունը  պատրաստ է աջակցել  իրենց, որ  կա իրենց  իրավունքները սահմանող ու  պաշտպանող  օրենք, ապա  նախնիների  նման  իրենք էլ  կհամարձակվեն «յոթը որդով սեղան  նստել»:

Ի՞նչ է  մտածում  պետությունը

Հինգ երեխաների ծնողներ Արմեն Մարկոսյանն ու Նունե Գևորգյանը 2003-ից  պայքարում են, որ ՀՀ  կառավարությունն ընդունի «Բազմազավակ  ընտանիքների սոցիալական  պաշտպանության մասին» օրենքը: «Երբ ձեռք  բերեցինք  ՀՀ  պաշտոնական  տեղեկագիրը  և ուսումնասիրեցինք կառավարության  թիվ 745-Ն որոշումը, առաջին  հայացքից  թվաց, թե  վերաջապես  գտնվեց  մեզ  հուզող հարցերի  բանալին: Մինչդեռ արդեն 2012 թվականն է, փաստաթուղթն ունի 9 տարվա վաղեմություն, ու  չկա  դրական  տեղաշարժ»:

Ամուսիններն անգամ  դիմել են ՀՀ  կառավարությանը, որտեղից  նրանց ուղղորդել են ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարություն: Այստեղ  նրանց  դիմումին տրվել է բոլորովին այլ բնույթի` անապահով  ընտանիքների կարգավիճակին վերաբերող   պատասխան (N 2009-4151): «ՀՀ  վիճակագրական  ծառայության  կողմից  որպես առանձին սոցիալական  խումբ բազմազավակ  ընտանիքների  մասին  տեղեկատվությունը հավաքվում է  մարդահամարի  ընթացքում: Սակայն  յուրաքանչյուր տարի  հավաքվում է  ծնված երեխաների  բաշխումն ըստ ծննդի կարգի  տեղեկատվությունը, որը  հնարավորություն է  տալիս  պատկերացում  կազմելու բազմազավակ  ընտանիքների (բազմազավակ  մայրերի ) և նրանց  երեխաների թվի  մասին: Բացի այդ, սոցիալապես  անապահով  ընտանիքները հաշվառվում են  ընտանեկան նպաստի համակարգում («Փարոս»), որտեղ  ևս երևում է  ընտանիքներում  խնամվող երեխաների թիվը: Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ բազմազավակ  ընտանիքները հիմնականում անապահով են, կարելի է  փաստել, որ  նման  ընտանիքների մասին  տեղեկատվությունը հավաքվում է»:

Նման  պատասխանը,  բնականաբար,  չէր  կարող գոհացնել օրենսդրության մեջ առկա  բացթողումներին քաջատեղյակ ամուսիններին, որոնք արդարացիորեն դժգոհում են,  երբ «բոլորը գրեթե միաբերան, որպես  լուծման  տարբերակ, մատնանշում են պահապան  հրեշտակ դարձած «Փարոս» աղքատության  նվաստացուցիչ ծրագիրը»:

Թեև առ այսօր  ընդունված չէ «Բազմազավակ  ընտանիքի  մասին» ՀՀ  օրենքը և սահմանված չէ «բազմազավակ ընտանիք»  հասկացությունը, սակայն կառավարությունը գտնում է, որ իր  կողմից  իրականացվող  քաղաքականությունը  մշտապես ուղղված է  ընտանիքի  պաշտպանությանն ու  ծնելիության մակարդակի  խթանմանը: Դրա  վկայությունն է ՀՀ  կառավարության  համապատասխան  որոշումներով  սահմանված երեխայի ծննդյան  միանվագ նպաստի,  մինչև երկու  տարեկան երեխայի  խնամքի նպաստի  չափերի անընդհատ  բարձրացումը,  ինչպես  նաև  ընտանիքում  երեխայի  հերթական  թվով պայմանավորված  երրորդ  և դրան հաջորդող երեխաների ծննդյան  միանվագ նպաստի  չափի զգալի աճը:

2009 թ. հունվարից «Պետական  նպաստների  մասին»  ՀՀ  օրենքով  սահմանված է,  որ երեխայի  ծննդյան  միանվագ  նպաստի  չափը տարբերվում է` պայմանավորված  ընտանիքում  ծնված երեխայի հերթական  թվով : ՀՀ կառավարության 2009 թ. հունվարի 15-ի  39-Ն որոշմամբ` երեխայի  ծննդյան  միանվագ դրամական  նպաստի  չափ է սահմանվել 50.000 դրամը,  իսկ ընտանիքում  ծնված   3-րդ     և դրան  հաջորդող  յուրաքանչյուր երեխայի  համար՝ 430.000 դրամը: Երեխայի ծննդյան  միանվագ  նպաստը կարող է ստանալ  յուրաքանչյուր ծնող՝ առանց սահմանափակման:

Միանվագ նպաստը դեռ հարցի լուծում  չէ

 

Միանվագ օգնությունը կարող է  բավարարել մի կարճ ժամանակ, վաղն այդ երեխան պետք է կրթություն ստանա, լիարժեք  կյանքով ապրելու  հնարավորություն ունենա, մինչդեռ բազմազավակ ընտանիքներում խնդիրները  շատ են, և եթե  փորձում են  դիմել նախարարությանը, նրանց բոլորին անխտիր հիշեցնում են «Փարոս» ծրագրի մասին:

– Չորրորդ երեխայից  հետո ստացել եմ 430 հազար դրամ միանվագ  գումար,- ասում է բազմազավակ  մայր, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:- Բազմազավակ  ընտանիքը որևէ արտոնություն  չունի, պետք է  գնաս ու գրանցվես սոցիալապես անապահով  ընտանիքների ցուցակում: Բայց  ինչո՞ւ, այս  հարցում  պետությունը նույնպես պետք է ունենա ռազմավարություն: Չորս և ավելի երեխա ունեցող  կանանց  ներդրումն այս  պետության  մեջ այնքան  մեծ է, որ  նրանք արդեն  վաստակել են պետական  հոգածության  իրավունքը: Դեռ ավելին`  պետությունը պետք է  շնորհակալ  լինի  նրանց:

Այո, պետությունը պետք է  շնորհակալ  լինի, սակայն քանի դեռ որոշ  պաշտոնյաներ չեն  խորշում բազմազավակ  մոր երեսին  նետելու «քեզ ո՞վ էր  խնդրել էդքան երեխաներ ունենալ» բառերը, բազմազավակ  ընտանիքների սոցիալական ապահովության խնդրում դժվար է դրական  տեղաշարժ ակնկալել: Այնինչ այդ պաշտոնյան պետք է գիտակցի, որ իր և իր երեխաների ապահով  կյանքը պայմանավորված է բազմանդամ ընտանիքների երեխաների աճով, որոնք  հետո, որպես աշխատուժ, կերակրելու են այդ  պաշտոնյաների  ընտանիքներում անհոգ ապրող երեխաներին:

 

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply