«Սա մի կտոր հողի հարց չէ միայն»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 5, 2012 7:00

«Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի: Թուրքը կկորցնի` ուրեմն թուրքը, հայը՝ ուրեմն հայը: Դրա համար Արցախում շատ կարևոր հարցեր են լուծվում, սա մի կտոր հողի հարց չէ միայն»,-  ասել է  ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ»  1-ին աստիճանի  շքանշանակիր, «Ազատագրական բանակի» լեգենդար հրամանատար և ժամանակի մտավորականգիտնական Լեոնիդ Ազգալդյանը, որ նոյեմբերի 22-ին դարձավ 70 տարեկան: Բայց, ցավոք, արդեն երկու տասնամյակ է, ինչ  նրա հարազատները, ընկերներն ու մտերիմները նրա ծննդյան օրը հիշում, նշում են առանց նրա, որովհետև 1992 թ. հունիսի 21-ին խփվեց Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մատույցներում, գյուղ, որը դեռ թիկունք էր համարվում:

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է Թիֆլիսում, բայց  միջնակարգ դպրոցն ավարտել է Երևանում: 1960 թ. ընդունվել Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, սակայն նույն ֆակուլտետն ավարտել արդեն  Հայաստանում: Այդ ոլորտում արդեն անուն հանած, տարբեր պաշտոններ զբաղեցրած գիտնական էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Նա առաջիններից էր, որ մարգարեաբար կանխատեսում էր, որ արթնացած շարժումը զինված պայքարի է վերածվելու, և 1989 թ. նվիրվեց այդ պայքարին:

Սկզբում սահմանամերձ շրջաններում էր, հատկապես` Վարդենիսում, որտեղ էլ պահեստավորելով անհրաժեշտ ռազմամթերք ու իր բանակը վարժեցնելով՝ մի նպատակ էր հետապնդում՝ ազատագրել Քարվաճառը: Դժվար չէ պատկերացնել, թե այդ տարիներին նրա այդ ցանկությունը հայոց իշխանությունների կողմից ինչպիսի դիմադրության պիտի արժանանար, եթե հիշենք, թե 1993 թ. հայոց այդ միջնաբերդի ազատագրումն  ինչ սվիններով ընդունեցին: Եվ ինչպես կյանքը ցույց տվեց, նա սին երազանքով ապրող  մարդ չէր ամենևին: Եթե մենք Քարվաճառն ավելի շուտ ազատագրեինք, որի առաջամարտիկներից էին, ի դեպ, նաև Լեոնիդի զինվորները, և պահել կարողանայինք, Արցախի, մասնավորապես` Մարտակերտի վիճակն անհամեմատ ավելի լավ կլիներ, զոհերն էլ՝ շատ քիչ:

Հետագա իրադարձություններից առաջ ընկնելով փաստեմ, որ երբ 1990 թ.Մովսես  Գորգիսյանի մահից հետո ԱԻՄ-ում երկար ժամանակ քաոս էր տիրում, և «Անկախության բանակը» դեռ շոկի մեջ էր, Աշոտ Նավասարդյանը, ԱԻՄ-ից դուրս գալով, ստեղծեց  «Հանրապետական» կուսակցությունը՝ իր հետ տանելով «Անկախության բանակն» ու նրա տղաներին, որոնք առաջին հերթին Մովսեսի խոսքի ու գործի հետևից գնացին: «Անկախության բանակ», որի հրամանատարը կրկին Ազգալդյանն էր, որի համար կարևորը ոչ այնքան կուսակցական, քաղաքական խաղերն էին, այլ հայրենիքը: Մի առիթով էլ անձամբ խոստովանել է արտասահմանցի թղթակցին. «Ես կուսակցական գույն չունեմ: Այս հողն է իմ գույնը»: Ահա ողջ ճշմարտությունը, որը թերևս առաջին անգամն է արևերես դուրս գալիս: Ճշմարտություն, որ երբեմն աչք է ծակում, թշնամի ձեռք բերում:

Առհասարակ 1989 թ. ի հայտ եկավ Լեոնիդի ռազմական բացառիկ տաղանդը: Նրա շուրջ հավաքված զինվորները հատուկ «քննություն» էին հանձնում: Եվ ինչպես մի առիթով նշեց Ալեքսանդր Թամանյան կրտսերը. «Արդյունքում ոչ միայն «Ազատագրական բանակն» էր համալրվում բարոյական նկարագիր ունեցող մարդկանցով, մարտական բացառիկ տվյալներով օժտված կամավորականներով, այլև այդ «հիվանդությամբ» վարակվում էին նաև շատ ջոկատներ»:

Ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էր, իսկ  զենքը կա՛մ պահեստում պիտի լիներ, կա՛մ զինվորի ձեռքին: Գուցե այդ կարգապահությունը, պահանջկոտությունն էր պատճառը, որ նրա ծրագրած գրեթե բոլոր մարտական գործողությունները հաջողությամբ են պսակվել, որովհետև ամեն ինչ մինչև  գործողությունն էր անում: Այնպես որ մարտում ոչինչ անսպասելի չէր նրա զինվորի համար:  Նա անգիր գիտեր իր յուրաքանչյուր զինվորի  կարողությունը և ըստ այդմ էլ նրանց առաջադրանք էր տալիս: Լեոնիդի կարգախոսն էր.«Եթե պատրաստ չես կռվի, ապա ուրիշ  տեղ գնա»:

Լեոնիդին կարելի էր հերոսացնել թերևս միայն մեկ բանի համար, որ իր ղեկավարած ջոկատի մարդկային կորուստները չնչին էին: Ընդամենը` 6 զոհ:  Յոթերորդն էլ  ինքն էր, իսկ հաղթանակները բազմաթիվ էին: Թերևս միակ, պարտություն չասեմ,  ժամանակավոր զիջումը Մարտակերտի շրջանի Այգեստան (Չայլու) գյուղն էր, որը թողեցին միայն մի պայմանով, «որ մինչև լուսաբաց գյուղ վերադառնան»: Եվ այս խոստովանությունը ոչ թե իմ հնարածն է, այլ Այգեստանի գյուղապետ Ռաֆիկ Մելքումյանինը, որին տարիներ առաջ հանդիպեցի Քաշաթաղում:

Սակայն խոստումը` խոստում, բայց պատերազմական իրադարձություններն այլ զարգացում ունեցան: Մեկիկ-մեկիկ դատարկվեցին Խաչենի ձորակի գյուղերը: Եվ ժամանակավորապես Տոնաշեն գյուղ տեղափոխված այգեստանցիք չէին կարող պատկերացնել, որ  գյուղը թողնելուց մեկ շաբաթ անց մեկընդմիշտ ոչ միայն իրենց հրամանատարին կկորցնեն, այլև գյուղ վերադառնալու վերջին հույսը: Առեղծվածայինն այն է, որ հրամանատարը զարկվեց մի վայրում, որտեղ թուրքի սմբակը դեռ չէր հասել… Բայց ո՞րն էր հրամանատարի «մեղքը», ո՞ր հորիզոնում էր անթեղված նրա «հանցանքը»: Սա, անշուշտ, արցախյան պատերազմի անտապան մնացած ևս մի  հողաթումբ է, որի վրա, թերևս, սերունդներս պիտի տապանաքար  դնենք:

Իսկ մինչ այդ ադրբեջանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում էր վնասազերծել բանիմաց հրամանատարին ու նրա վախճանի մասին ստահոդ լուրեր էր տարածում: Լեոնիդն էլ սիրում էր հակադարձել. «Երբ ձեզ հայտնեն, թե Լեոնիդն ընկավ, չհավատաք: Ինձ մահ չկա: Ես պիտի ընկնեմ Ստամբուլի պատերի տակ»:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply