Լևոն Արոնյանը մրցելու է բացառապես ուժեղագույնների հետ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 29, 2012 17:00

Դեկտեմբերի 1-10-ը Անգլիայի մայրաքաղաքում կայանալու է շախմատի միջազգային մրցաշար, որին մասնակցելու են բացառապես աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները, կազմակերպիչ երկրի ներկայացուցիչները, նաև Լևոն Արոնյանը: Մեր շախմատիստն առաջիկա  փորձությանը լրջորեն է նախապատրաստվել` վերջին մեկ ամիսը մարզվելով Հայաստանում:

Լոնդոնի «Օլիմպիա» կենտրոնի դահլիճը, նրանից բացի,  հյուրընկալելու է նաև Մագնուս Կառլսենին, Վիշվանաթհան Անանդին, Վլադիմիր Կրամնիկին, Հիկարու Նակամուրային, Հուդիթ Պոլգարին, Մայքլ Ադամսին, Լուկ Մակ Շեյնին, Գվեյն Ջոնսին:

Ուշագրավն այն է, որ վիճակահանությունը կատարվել է նախապես` նախքան մասնակիցները կժամանեն մրցավայր: Արոնյանի առաջին մրցակիցն ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Նակամուրան է:

Օգտվելով առիթից` Արոնյանին խնդրեցինք իր տեսակետը հայտնել վիճակահանությամբ բաժին հասած անդրանիկ հակառակորդի հետ հանդիպման, ընդհանրապես մրցաշարի մասին:

Ահա թե ինչ ասաց նա. «Նակամուրայի հետ նախկինում քանիցս պարտիաներ եմ անցկացրել: Մեր վերջին հանդիպման ժամանակ հաղթել եմ: Մինչև այդ պարտվողի դերում էի: Այժմ փորձելու եմ այն մարտավարությունը կիրառել, որն ինձ հաջողություն է բերել: Ընդհանրապես մեկնարկը շատ կարևոր է: Այդ է պատճառը, որ ձգտելու եմ հաղթանակի հասնել: Լոնդոնյան մրցաշարում միշտ էլ ուժեղագույն շախմատիստներ են խաղում: Առաջիկա մրցաշարը  հետաքրքիր է նաև այն առումով, որ առաջին անգամ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է ուժերը չափելու` Հուդիթ Պոլգարը: Իմ մասնակցությամբ բոլոր պարտիաներում էլ լարված և հետաքրքիր պայքար է սպասվում: Իսկ գլխավոր մրցակիցս Կառլսենն է»:

Հավելենք, որ կայանալու է 9 տուր: Յուրաքանչյուր տուրում մեկ շախմատիստ հանգստանալու է: Արոնյանն ազատ է լինելու 5-րդ տուրում:

Դիտվել է 1717 անգամ:
Print Friendly

Leave a Reply