Ռուսաստանն ասաց իր «տղամարդու խոսքը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 3, 2012 13:00

Անցած համարում «Անկախն» անդրադարձել էր Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումների նախապատմություններին ու տարածաշրջանում ստեղծված վիճակին, տարածաշրջանում «Նոր Մեծ Մերձավոր Արևելքին» վերաբերող արևմտյան մոտեցումներին և այլն:

Այժմ անդրադառնանք նույն տարածաշրջանի զարգացումներին այլ տեսանկյունից:

Թուրքիան «ակներև թաքուն» է խաղում

Վերլուծաբաններն ու արևելագետները բազմիցս խոսել են այն մասին, որ Մերձավոր արևելքի զարգացումներն այս պահի դրությամբ կախված են սիրիական զարգացումներից: Նախ` Սիրիան համարվում է տարածաշրջանում Իրանի ամենաուժեղ և ազդեցիկ դաշնակիցը, իսկ հայ վերլուծաբանները բազմիցս արտահայտվել են, որ սիրիական սցենարներն ուղղված են առաջին հերթին Իրանի դեմ: Բայց դրանից բացի, Սիրիան նաև Ռուսաստանի և Չինաստանի համար համարվում է կարևոր հանգուցակետ այս տարածաշրջանում: Թռուցիկ հայացք նետելով ռուսական ԶԼՄ-ների կողմը` կարելի է համոզվել դրանում: Իսկ տարածաշրջանում իրավիճակը չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայում ստեղծվել է հարաբերական հավասարակշռության իրավիճակ, երբ ո՛չ սիրիական ընդդիմությունն է կարողանում ինչ-որ շոշափելի հաջողությունների հասնել ու չեզոքացնել ապստամբներին, ո՛չ էլ ապստամբներն են կարողանում հաջողությունների հասնել կառավարական ուժերի դեմ պայքարում:

Բազմիցս հնչել են նաև տեսակետներ, որ այս վիճակը կարող է փոխվել միայն արտաքին միջամտության պարագայում, ուստի դրան ևս չենք անդրադառնա:

Կարծիքներ կան, թե Արևմուտքը, որ շատ լավ հասկանում է` Սիրիայում այժմ օր առաջ կարևոր է արտաքին միջամտությունը ստեղծված հավասարակշռությունը փոխելու համար, որպես գործիք տեսնում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային: Կոնֆլիկտի ամենասկզբից էլ Թուրքիան ակտիվ նախապատրաստական գործողություններ էր իրականացնում այդ ուղղությամբ: Մասնավորապես` թուրք-սիրիական սահմանին կենտրոնացնելով զինվորական մեծ ուժեր, հրահրելով սադրանքներ, թե իբր սիրիական հատվածից հրթիռային հարձակման են ենթարկվում իր բնակավայրերը: Սակայն այս հարցում Ռուսաստանը կոշտ դիրքորոշում արտահայտեց, և Արևմուտքը ստիպված էր այլ ուղիներ որոնել:

Անկարան նոյեմբերի 21-ին պաշտոնապես դիմեց ՆԱՏՕ-ին իրեն Patriot (օդում հրթիռներ որսացող)  հրթիռներ տրամադրելու խնդրանքով: Թուրքիան, իբր, ցանկանում է ամրապնդել Սիրիայի հետ 900 կիլոմետրանոց սահմանի անվտանգությունը այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքից մի քանի արկեր են ընկել թուրքական բնակավայրերի վրա: Այնուհետև Reuters գործակալությունը հայտնեց, որ ՆԱՏՕ-ն համաձայնել է Թուրքիային տրամադրել այդ հրթիռները: Գերմանիան և Նիդեռլանդները Եվրոպայի միակ պետություններն են, որոնք ունեն ամերիկյան Patriot հրթիռներ: Հետևաբար այդ համակարգերը Թուրքիային կարող են տրամադրել ԱՄՆ-ն, Գերմանիան և Նիդեռլանդները: Գերմանիայի պաշտպանության նախարարն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ընդառաջել Թուրքիային. սպասում են, որ դեկտեմբերի սկզբին Բունդեսթագը համաձայնություն տա:

Patriot-ի «թուրքական գործուղմանը» դեմ են նաև Եվրոպայում

Սակայն հենց Գերմանիայի Կանաչների կուսակցությունը պայմաններ է առաջադրել Թուրքիային Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներ տրամադրելու հարցում: Նրանք պատրաստ են հավանություն տալ համապատասխան մանդատին Բունդեսթագում, եթե Թուրքիան երաշխիքներ տա, որ Սիրիայի տարածքում ռազմական գործողություն չի իրականացնի:

Խմբակցության ղեկավար Յուրգեն Տրիտինը «Spiegel»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կուսակցությունը չի ցանկանում` Գերմանիան ներքաշվի Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ, կամ հրթիռների մատակարարման հետևանքով այնտեղ լարվածությունը մեծանա: Պատգամավորը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել հստակ նշել, որ հանդես է գալիս Սիրիայի վրա «անթռիչք գոտու» դեմ:

Ավելի վաղ անցկացված` հասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ գերմանացիների մեծ մասը դեմ է թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռների տեղակայմանը: Հարցվածների 59%-ը համարում է, որ դա սխալ է, և միայն 36%-ն է համաձայնել կառավարության որոշմանը: Նաև Դամասկոսն է դատապարտում  թուրքական իշխանությունների խնդրանքը ՆԱՏՕ-ին` Patriot հրթիռների կապակցությամբ: Սիրիան դա համարում է Թուրքիայի հերթական սադրանքը:

«Ավելի վաղ Էրդողանի կառավարությունը սահմանին թուրքական բանակի ստորաբաժանումներ տեղակայեց և այդպիսով բացեց սահմանը սիրիացի և այլ երկրներից հազարավոր ահաբեկիչների համար, որոնք սպանում են մեր քաղաքացիներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսական արջը մռնչաց

Ահա այս կապակցությամբ ևս մեկ անգամ իր մասին հիշեցրեց Ռուսաստանը: Մոսկվան տագնապալի ազգանշան է համարում թուրք-սիրիական սահմանի ռազմականացումը, ինչի մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հրթիռների մասին տեղեկությունը մեկնաբանելիս:

«Երեկ այդ հարցումն արդեն արվել է… Դեռևս դժվար է մեկնաբանել, թե դրանից ինչ կստացվի, սպասենք ՆԱՏՕ-ական գործընկերների արձանգանքին»,- ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանը Թուրիքային խորհուրդ է տալիս իր ազդեցության պոտենցիալը կիրառել սիրիական ընդդիմության նկատմամբ, որպեսզի միջսիրիական երկխոսություն սկսվի, ոչ թե «մկանները մարզի» և իրադրությունը տանի վտանգավոր հունով: Բայց սա էլ քիչ համարելով` նոյեմբերի 23-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին հայտարարեց, որ Թուրքիայի տարածքում Patriot հրթիռների տեղակայումը կմեծացնի զինված բախումների վտանգը:

«Ինչքան շատ սպառազինություն կուտակվի, այնքան մեծ է դրա կիրառման ռիսկը, ցանկացած սադրանք կարող է դրա պատճառ դառնալ»,- ասել է նա: Լավրովն ընդգծել է, որ իրենց անհանգստացնում է «չեխովյան հրացանի սինդրոմը». եթե ներկայացման առաջին արարում հրացանը կախված է պատից, վերջում այն անպայման կրակում է:

Սպասելի էր, որ Ռուսաստանը ինչ-որ մի պահից «ատամ ցույց կտա», կոնկրետ քայլեր կանի` Արևմուտքին սթափեցնելու համար: Ինչպես գիտենք,

լարվել էին հարաբերությունները նաև Իսրայելի և Պաղեստինի միջև Գազայի հատվածում: Իսրայելը նոյեմբերի 21-ի երեկոյան ավարտեց Գազայի հատվածում ռազմական գործողությունը` համաձայնելով հրադադարի: Ամերիկա-եգիպտական միջնորդությամբ հաստատված հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 21-ին` տեղական ժամանակով 21:00-ից:

Պաղեստինա-իսրայելական հերթական դիմակայության հետևանքով զոհվել է 162 պաղեստինցի և 5 իսրայելցի: Ու հետաքրքիր է մի նրբություն. հրադադարի հաստատման օրից երկու օր հետո` նոյեմբերի 23-ին, ռուսական լրատվամիջոցներն «անմեղ» տեղեկատվություն տարածեցին, թե` «ՌԴ Սևծովյան նավատորմի ռազմանավերի մի ջոկատ, կատարելով տրված հրամանը, ժամանել է Միջերկրական ծովի արևելյան հատված` պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման դեպքում Ռուսաստանի քաղաքացիներին Գազայի հատվածից տարհանելու համար»: Այդ մասին ИТАР-ТАСС-ին նոյեմբերի 23-ին հաղորդել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարության աղբյուրը:

Ուշադրություն դարձնենք, թե ինչ նավեր է Ռուսաստանը գործուղել` իր քաղաքացիների «տարհանումը կազմակերպելու համար»: Ջոկատի կազմում են 1 հրթիռային հածանավ, 1 պարեկային նավ, 2 դեսանտային նավեր, 1 տանկեր և 1 քարշանավ: Ինչ խոսք, դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է հրթիռային հածանավով խաղաղ բնակիչներ տարհանեն…

Թեպետ Ռուսաստանը «մարդասիրական» նկատառումներով ու մեղմ ու «անշառ» բնութագրումներով մտցրեց իր «փոքրիկ» նավախումբը Միջերկրական ծով, միևնույն է, նույնիսկ անզեն աչքով երևում է, որ Ռուսաստանը Միջերկրական ծով ռազմական կոնտինգենտ մտցրեց, ու դրանով լուրջ  ուղերձներ հղեց Արևմուտք:

Հետևություններն ու այս քայլի պատասխանները դեռ չեն հնչել: Բայց տարածաշրջանը կամաց-կամաց սկսում է նմանվել նախորդ դարակեսի Կարիբյան ճգնաժամի գոտուն, արդեն միջազգային բոլոր խաղացողներն այստեղ ռազմական կոնտինգենտ են կենտրոնացրել, ինչը կարող է, Աստված մի արասցե, նաև չեխովյան հրացանի էֆեկտ ունենալ:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply