Գործ կա` աշխատո՞ղ չկա

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 3, 2012 7:07

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի նոյեմբերի 16-ի ելույթը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ վարչապետը սենսացիոն հայտարարություն արեց` ասելով, որ «սոցիալապես խոցելի ընտանիքների աշխատունակ մարդիկ պատրաստ չեն գնալ և աշխատել, չնայած կառավարությունը նրանց առաջարկում  է աշխատատեղեր, որով նրանք կարող են վաստակել 90, 100, 120 հազար դրամ, բայց մարդիկ նախընտրում են ստանալ շուրջ 30, 40, մինչև 50 հազար դրամ նպաստ»:

Նպաստը գերադասելի է եռակի բարձր աշխատավարձի՞ց

 

Պարզվում է, որ Հայաստանում կառավարությունը երկրի նվազագույն սպառողական զամբյուղի մոտ կրկնակիի չափով վարձատրվող աշխատատեղեր  է ստեղծել, իսկ մարդիկ, ծույլ ու անբան են, չեն ցանկանում աշխատել: Վարչապետը նաև հայտարարել է, որ մարդիկ, որպեսզի համապատասխանեին նպաստ ստանալու այդ չափանիշներին, «անասունը մորթում էին, հողակտորն օտարում, վաճառում բիզնեսը, ինչն էլ խոչընդոտում էր տնտեսական աճը»:

Մեկ կովը տարեկան տալիս է մեկ հորթ ու մոտ 2.5-3 տոննա կաթ: Մեկ հորթի շուկայական արժեքն այսօրվա դրությամբ մոտ 70-90 հազար դրամ: 2.5-3 տոննա կաթն էլ, կաթի մեկ լիտրը 100 դրամով հաշվարկելու դեպքում, կազմում է 250-300 հազար դրամ: Մոտավորապես այսքան եկամուտ կարող է ստանալ գյուղացին մեկ կովից: Բայց մեկ կով պահելու համար գյուղացուց տարվա մեջ պահանջվում է 90-100 հակ խոտ, ու մեկ հակը սեփական ուժերով ամբարելու համար գյուղացու ծախսերը կազմում են մոտ 400-500 դրամ: Փաստորեն կովի միայն կերի ծախսերը, եթե խոտը գյուղացին չի գնում, այլ հավաքում  է, կազմում է, մոտ 40-50 հազար դրամ: Այսինքն`  հորթի արժեքի մոտ կեսը և ավելին: Իսկ մյուս կեսը ծախսվում է նախրչու, հարկեր-տուրքերի և այլնի համար: Գյուղացուն մնում է միայն կաթը, երբեմն այդ էլ լրիվ չի մնում: Այսինքն` տարեկան 300-400 հազար դրամ: Եթե սա բաժանենք ամիսների, ապա կստացվի, որ մեկ կովը մեկ ամսում գյուղացուն տալիս է մոտավորապես այնքան եկամուտ, որքան պետությունը նպաստ է տալիս: Դեռ մի բան էլ գյուղացին ամբողջ տարին չարչարվում է այդ կովին պահելու համար: Բնականաբար` ավելի նպատակահարմար է դառնում այդ մեկ կովը մորթել ու վաճառելը և նպաստառուների ցուցակում ընդգրկվելը, քան ամբողջ տարին աշխատելը, հարկեր-տուրքերը մուծելն ու վերջում նույն եկամուտն ունենալը, ինչ չաշխատող հարևանը կամ բարեկամը` պետության հատկացրած նպաստի ձևով:

Իհարկե, եթե այդ գյուղացին մեկի փոխարեն մի քանի կով պահի, եկամուտներն էլ կշատանան այդքան անգամ: Բայց դրա համար նորմալ գյուղատնտեսական քաղաքականություն է պետք իրականացնել` գյուղացու արտադրած մթերքների սպառման շուկա ձևավորել, էժան գյուղատնտեսական վարկեր բերել գյուղի համար: Ու, վերջիվերջո, երբ գյուղացու պահած կովը հիվանդանում է, օրինակ, սիբիրախտով, ապա կենդանուն առգրավելու և հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում այրելու դեպքում գոնե վնասի փոխհատուցում իրականացնել: Իսկ երբ այդ ամենը չի արվում, բնականաբար գյուղացին պետք է մտածի իր կովը մորթելու ու պետության տված նպաստով «յոլա գնալու» մասին:

Էլ չասենք հող մշակելու մասին, որ անասուն պահելուց մի քանի անգամ ծանր աշխատանք է, ու ավելի ռիսկային: Մարդը կարող է ամբողջ տարին չարքաշ աշխատել, բայց եթե տարին բարեհաջող չլինի, տարեվերջին այդ չարչարանքից միայն պարտքացուցակ մնա: Այստեղ  ամեն ինչ կախված է բնության քմահաճույքից:  Բացի այդ, տարեսկզբին շուքով ներկրում են «էլիտար սերմացու», իսկ տարեվերջին պարզվում է, որ այն անհաջող էր, կառավարությունը հայտարարում է պարարտանյութերի հարցում գյուղացուն օգնելու մասին,  բայց դրանք այնքան ուշ են տեղ հասնում, որ ոչ մի նշանակություն չեն ունենում: Մամուլը ողողված է այսպիսի տեղեկատվություններով:

Վարչապետի այս հայտարարությունը դեռ լրիվ չմարսված` հրապարակ իջավ  նրա մեկ այլ հայտարարություն:

Հիմա էլ անապահով երեխաները չեն ցանկանում սովորել

 

Ըստ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության` կառավարությունում տեղի է ունեցել «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքները» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է եղել անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար իրականացված կրթական ծրագրի փորձնական փուլի արդյունքներին: Ծրագիրն անցկացվել է Լոռու մարզում և Երևանի Շենգավիթ վարչական շրջաններում: Ծրագրի հետազոտության փուլում ներառվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան 3664 երեխաներ: Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետ Սարգսյանը նախ հանձնարարել է պատկան մարմիններին մանրակրկիտ վերլուծություն կատարել և ուսումնասիրել, թե որոնք են երեխաների կրթություն ստանալուց հրաժարվելու պատճառները:

Պատճառները հասկանալու համար մեծ ջանքեր հարկավոր չեն. սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները չեն ցանկանում սովորել բուհերում, քանի որ դա թանկ հաճույք է, չեն կարող իրենց ընտանիքների ուսերին ծանրացած բեռն ավելացնել իրենց ուսման համար պահանջվող ծախսերով: Դրանից բացի, այդ թանկ կրթությունը ստանալուց հետո հարց է առաջանում, թե որտեղ պետք է այն օգտագործվի, քանի որ Հայաստանում գործազրկությունը բավականին բարձր տոկոս է կազմում, ըստ վերջերս  հրապարակված թվերի` մոտ 38 տոկոս, իսկ ոչ պաշտոնական` ավելի բարձր,  ինչքան էլ վարչապետը հավաստիացնի, թե աշխատատեղ կա` աշխատող չկա: Այդ ընտանիքների երեխաները նախընտրում են մեկնել արտագնա աշխատանքի, որպեսզի ինչ-որ չափով օգնեն իրենց ընտանիքներին` հաղթահարելու սոցիալական ծանր պայմանները: Վկան` օրեցոր ահագնացող արտագաղթը Հայաստանից:

Ստացվում է, որ գյուղացիները մորթում են իրենց անասունները և չեն մշակում իրենց հողերը, որովհետև գյուղատնտեսությունը  եկամտաբեր զբաղմունք չէ, որովհետև նպաստով ապրելը դառնում է ավելի «պատվաբեր», քան հող մշակելն ու անասուն պահելը: Ու եթե անգամ կան այնպիսի եզակի օրինակներ, որ անապահով ընտանիքի ներկայացուցչին ամսական 90, 100 կամ 120 հազար դրամ աշխատավարձ են տալիս, ու նա հրաժարվում է աշխատելուց, հարց է ծագում` այդ ի՞նչ աշխատանք է առաջարկում կառավարությունն անապահովներին, թեկուզ 90 հազար դրամ աշխատավարձով, որ ամսական 30-40 հազար դրամ նպաստը դառնում է ավելի գերադասելի:

 

 

 

 

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply