Պահպանի՛ր վահանաձև գեղձի առողջությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 1, 2012 7:00

Վիճակագրությունն անմխիթար է. կանայք 10-17 անգամ ավելի հաճախ են հիվանդանում վահանաձև գեղձի հիվանդությամբ, քան տղամարդիկ: Ի՞նչն է պատճառը և ինչպե՞ս կարելի է հաղթահարել հիվանդությունը: Ի՞նչ է վահանաձև գեղձն ու ի՞նչ դեր է կատարում մարդու կենսագործունեության համար:

Վահանաձև գեղձը ոչ մեծ ներզատիչ օրգան է, որը գտնվում է պարանոցի առաջնային մասում: «Ներզատիչ» նշանակում է կենսաբանական ակտիվ նյութ` հորմոններ արտադրող, որոնք նախատեսված են օրգանիզմի ներսում գործընթացները կարգավորելու համար: Գեղձն արտադրում է  2 կարևոր հորմոն` թիրոքսին  (Т4) և տրիյոդթիրոնին  (Т3), որոնք կարգավորում են ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի նյութափոխանակության գործընթացը, նպաստում սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի, հոգեկան ու սեռական գործունեությանը: Նույնիսկ ավելին` մարդու կյանքը, սովորությունները, խառնվածքը. այս ամենը կախված է օրգանիզմում մշակվող հորմոններից:

Վահանաձև գեղձի շեղումներից են հիպոթիրեոզն ու հիպերթիրեոզը: Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի թերֆունկցիան է, ինչը հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման,  վիժման ու անպտղության: Տղամարդկանց մոտ դիտվում է պոտենցիայի խանգարում, պատանիների մոտ` սեռական հասունացման ուշացում: Եթե հիպոթիրեոզը  չի բուժվում, ապա հանգեցնում է հիշողության, մտավոր ու ստեղծագործելու ունակությունների վատթարացման: Հպերթիրեոզը, ընդհակառակը, վահանաձև գեղձի գերակտիվությունն է (բազեդովյան հիվանդություն), որի դեպքում մշակվում է չափազանց շատ հորմոն: Մարդն ասես այրվում է, չափազանց շարժուն դառնում, ուժգնանում է քրտնարտադրությունը: Չնայած գնալով աճող ախորժակին` հիվանդը նիհարում է, բացի այդ, խախտվում է սրտի գործունեությունը, գեղձը մեծանում է (առաջանում է զոբ) , աչքերը` դուրս ընկնում:

Ի՞նչը կարող է հուշել, որ վահանաձև գեղձը կարգին վիճակում չէ: Առաջին ու հիմնական ախտանշանը կոկորդում գնդի զգացումն է. թվում է, թե ինչ-որ բան խեղդում է, ճնշում: Անգամ շղթան կամ վզնոցն են նեղում, ստեղծվում է «նեղ օձիքի համախտանիշ»: Ավելանում է պարանոցի զանգվածը: Կանանց պետք է  հուշի նաև անկանոն դաշտանային չհիմնավորված խանգարումը:

Բուժման նպատակով բժշկի նշանակած դեղորայքը զգալիորեն նվազեցնում է վահանաձև գեղձի ծանրաբեռնվածությունը: Սակայն երբեմն հիվանդը ստիպված է այդ դեղամիջոցներն ընդունել ամբողջ կյանքում: Իսկ երբեմն էլ միայն վիրաբուժական միջամտությունն է թեթևացնում հիվանդի վիճակը:

Իսկ ինչո՞ւ են ավելի շատ կանայք հիվանդանում. գուցե սրա պատճառը կանանց գերզգայնությունն է. սթրեսը, դեպրեսիաները, հոգեկան տրավմաները, այլ հիվանդությունների հետևանքով իմունիտետի թուլացումը: Հաճախ են կանայք սննդակարգերի հետևում` զրկելով օրգանիզմը սպիտակուցներից, որոնցում վահանաձև գեղձին անհրաժեշտ յոդ կա:

Իսկ մարդու վահանաձև գեղձի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է 100-200 մկգ  յոդի օրական  չափաբաժին, հղիներին` 200 մկգ: Երեխաներին` կախված տարիքից` 50-100 մկգ` օրական:

Յոդով հատկապես հարուստ  է ծովամթերքը,  դրա համար էլ մասնագետներն առաջարկում են շաբաթական 2 անգամ ծովամթերք օգտագործել: Յոդով հարուստ են արմավը, ֆեյհուան, կիվին, հունական ընկույզը: Աղցանները ցողեք ձեթով (մայոնեզի փոխարեն):

Հայտնի է, որ Հայաստանում նույնպես յոդի դեֆիցիտ է: Այդ նպատակի համար յոդացվում է ամենագործածական մթերքը` աղը:

Իսկ հասուն մարդը, որն արդեն ստուգվել է բժշկի մոտ ու հաստատ տեղյակ է վահանաձև գեղձի խնդրի մասին, բժշկի նշանակումներից բացի, ինքնուրույն կարող է խելամիտ ձևով կարգավորել յոդի հավասարակշռությունը յոդով հարուստ մթերքներով:

Դիտվել է 3638 անգամ:
Print Friendly

Leave a Reply