Ստամբուլի հայկական դպրոցներում աշակերտները շարունակելու են համազգեստ կրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 29, 2012 15:55

Երեկ Թուրքիայում վարչապետ Էրդողանը հայտնել էր կրթության նախարարության որոշումը, ըստ որի դպրացներում դպրոցական պարտադիր համազգեստ այլևս չի լինելու և 2013-2014թթ. ուսումնական աշակերտները կարող են դպրոցում ազատ հագուստ կրել, միայն թե այն պետք է ծնկից կարճ չլինի և բացվածքներ չունենա: Թույլ է տրվում դպրոց հաճախել գլխաշորով, ինչը Էրդողանի իսլամամատ հայացքների ևս մեկ դրսևորում է: «Ծնողները ինչի հնարավորություն որ ունեն, թող դա էլ երեխաներին հագցնեն»,-նշել էր Էրդողանը:
Հարց է ծագում`արդյոք այս փոփոխությունը վերաբերվում է Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների դպրոցներին, այդ թվում նաև հայկական կրթարանները: Ահա «Ակոս»-ի լրագրողներից Գարո Պալյանը, որը նաև հայկական դպրոցի ղեկավարներից է, թուրքական «Radikal»-ին տված հարցազրույցում նշել է. «Դպրոցական հագուստի ազատ լինելու վերաբերյալ որոշումը հայկական դպրոցներում չի կիրառվելու, և աշակերտները շարունակելու են նույնանման համազգեստ կրել»:
Թուրքական «Hürriyet»-ը այս կապակցությամբ գրում է, որ երկրի կրթության նախարարությունը, հիմնվելով փոքրամասնությունների ունեցած իրավունքների վրա, թույլ է տվել, որպեսզի նրանց դպրոցներում աշակերտները համազգեստ կրեն: Նշվել է նաև, որ ցանկության դեպքում փոքրամասնությունների դպրոցների ղեկավարությունը ևս կարող է անցնել ազատ հագուստի համակարգին:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply