Նախագահական ընտրություններին սպասելիս

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 30, 2012 13:00

 Նախագահական ընտրություններին ընդառաջ` Հայաստանի ներքաղաքական կյանքն  ակտիվացել է:  Նախ` երկխոսությունների, քաղաքական կոնսուլտացիաների մասին հայտարարություններ հնչեցին ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի կողմից, ու սկսվեց այսպես ասած կոնսուլտացիաների փուլը:

Այս փուլի մեկնարկից անմիջապես առաջ մի «գաղափար» ներմուծվեց քաղաքական օրակարգ. իշխանության մաս չկազմող ուժերը կարծես որոշեցին համագործակցել և հանդես գալ միասնական ճակատով: Նույնիսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» համագործակցելու ընդհանուր հարթակ գտան: Դա երկրի կառավարման ձևի փոփոխությունն էր նախագահականից խորհրդարանականի և խորհրդարանի 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու «ցանկությունը»: Ու բոլորի կողմից նաև կարծիք-տեսակետ հնչեց, որ  գալիք նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու անհրաժեշտություն կա:

Գուցե համագործակցությունը կարող է նաև ստացվել, համենայն դեպս ուժերի հանդիպումներից ու խորհրդակցություններից` կոնսուլտացիաներից հետո ինչ-որ դրական, ստանդարտ հայտարարություններ են հնչում: Առաջին հայացքից, դատելով այդ հայտարարություններից, կարող է կարծիք ձևավորվել, թե ամեն ինչ տանում է հենց ընդդիմադիր կամ ավելի նուրբ ասած` ոչ իշխանական դաշտի կոնսոլիդացմանը: Օրինակ` այդպիսի հայտարարություններից է. «Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում այսօր հանդիպել են ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները: Հանդիպումն անցել է ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտում: Գրեթե բոլոր կետերի շուրջ կային ընդհանրություններ, մի քանի հարցերի վերաբերյալ ներկայացվեցին հավելյալ պարզաբանումներ»: Կամ. «Այսօր տեղի է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Երկուստեք կարևորվեց գործընթացները քաղաքական շրջանակներում պահելու և կառուցողական դաշտ բերելու առումով նախագահական ընտրություններին ընդառաջ միասնական քաղաքական պլատֆորմ ձևավորելու անհրաժեշտությունը: Միաժամանակ արձանագրվեց, որ օրակարգային հարցերի հետ կապված` կողմերը չունեն անհաղթահարելի տարաձայնություններ, և արձանագրված ընդհանրությունները լավ հիմք են հետագա համագործակցության համար»:

Դեռ ավելին` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև ընդհանրությունները, ըստ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի, մեծ են, իսկ ամենակարևորն այն է, որ բոլորն էլ հասկանում են, որ պետք է իրավիճակը փոխել երկրում: «Չի կարելի բացառել, որ մեր համագործակցությունը վերաճի նրան, որ նախագահական ընտրություններում համաձայնեցված գործողություններ լինեն»,- հուլիսի 19-ին հայտարարել էր  նա:

Ընդ որում` ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ասել էր, որ մեծ է միասնական թեկնածուով հանդես գալու հավանականությունը:

Միասնական թեկնածու կլինի՞

Արդեն նշել ենք մի շարք վերլուծաբանների ու քաղաքագետների կարծիքն այս հարցի առնչությամբ: Մասնավորապես` քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը ասել է. «Դժվար թե այսօր կարող ենք ասել, որ նրանք կարող են հանդես գալ միասնական թեկնածուով. դա առաջին խնդիրն է: Երկրորդ` եթե նույնիսկ ստացվի հանդես գալ միասնական թեկնածուով, ապա նրանք ամեն դեպքում այդ միասնական թեկնածուով կհայտնվեն ընտրություններում, որտեղ  այդ միասնական թեկնածուի հաղթանակը չի թվում հավանական»:

Իսկ մի այլ քաղաքագետ` Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է. «Ինձ թվում է, որ Գագիկ Ծառուկյանի` որպես նախագահի թեկնածու առաջադրման հնարավորությունն իրական է, բայց նա դեռ վերջնականապես չի կողմնորոշվել: Երբ դա տեղի ունենա, այն ժամանակ էլ, համենայն դեպս, խելամիտ կլինի որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից միանալ Ծառուկյանին, այլապես պատկերացնել, որ ՀՅԴ-ն կամ ՀԱԿ-ը կարող են նախագահական ընտրություններում ինքնուրույն ինչ-որ կարևոր դերակատարություն ունենալ, ինձ համար մի քիչ դժվար է»:

Ի դեպ, գրեթե նույնատիպ կարծիք է հայտնել նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սակայն մեկ միասնական թեկնածուով հանդես գալն այսօր մի քիչ անհավանական է թվում, թեև քաղաքականության մեջ չի կարելի ոչինչ բացառել:

Նախ` ընդդիմադիրներից «Ժառանգությունն» արդեն իսկ հայտարարել է, որ հանդես է գալու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությամբ: Ասել է թե` միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ բանակցություններում «Ժառանգությունն» իրեն զրկել է առավել անկաշկանդ հանդես գալու հնարավորությունից: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այստեղ ևս «մութ ամպեր» են կուտակվում: Օրինակ` արդեն ակնարկներ կան, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չլինի նախագահի թեկնածու, ապա իր թեկնածությունը կառաջադրի Հրանտ Բագրատյանը: Նա համարվում է ՀԱԿ-ի այն թևը, որը դեմ է ԲՀԿ-ի հետ միասնական դիրքերից հանդես գալուն: ՀՅԴ-ն, դատելով նրա «ակնարկներից», ցանկություն չունի հանդես գալու սեփական թեկնածուով, սակայն այսօրվա պայմաններում դեռ հասկանալի էլ չէ, թե ում թեկնածությունը կլինի նրա «սրտով»: Կարելի է ասել, որ միասնական թեկնածու ասելով` յուրաքանչյուր ուժ նկատի ունի իր ներկայացուցչին: Միգուցե ամեն ինչ փոխվի Գագիկ Ծառուկյանի առաջադրմամբ, որը, սակայն, դեռ հստակ չի ասում` ինքը կառաջադրվի՞ որպես նախագահի թեկնածու, թե՞ ոչ, չնայած անցյալ շաբաթ նա Zham.am-ին տված հարցազրույցում ասել է, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշումը կայացրել է:

«Բնականաբար, նման կարևորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին և հանպատրաստից: Ասեմ ավելին, ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից: Մյուս կողմից` սա նաև օպտիմալ ժամանակահատված է կուսակցական ընկերների և քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները և առաջարկները լսելու համար»,- ասել է Ծառուկյանը:

Այսինքն` նա փորձում է պահել գլխավոր համարվող քաղաքական ինտրիգը: Սակայն այսպիսի վարքագծի մասին կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշում է, որ սկսվում է պարզ առևտուր, երբ ցանկացած քաղաքական ուժ ընտրություններից առաջ բարձրացնում է իր գինը, որ ավելի թանկ վաճառվի:

«Ինտրիգը հանգեցնում է նրան, թե այս կամ այն ուժը ինչ դիրքորոշում ունի, ինչից էլ գինը բարձրանում է: Ինտրիգը գին բարձրացնելու ձև է: Քանի չես կողմորոշվել, նշանակալի ես»,- հայտարարել է փորձագետը:

Կուսակցությունները պետք է վճարեն միավորման համար պահանջվող գինը

 

Մեկ գաղափարի շուրջ միավորումը վաղուց արդեն բնորոշ չէ քաղաքական իրականությանը և ոչ միայն Հայաստանում: Գոյություն ունի քաղաքական շահ, ու հենց այդ շահի շուրջն էլ միավորվում են ուժերը: Եթե այդ շահն այսօր Հայաստանում ենթադրում է, որ քաղաքական ուժերը պետք է միավորվեն, որպեսզի կարողանան հակահարված տալ գործող նախագահին ու նրա թիմին, ուրեմն պետք է միավորվել: Հնարավորության սահմաններում, իհարկե: Որովհետև, ո՞վ է պատկերացնում` ինչպե՞ս պետք է միավորվեն «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները», որ բառացիորեն վերջերս բաժանվեցին: Բայց այդ միավորումները նույնպես իրենց գինն ունեն, ու յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնուրույն պետք է որոշի` պատրա՞ստ է արդյոք վճարել այդ գինը:

ՀԱԿ-ի համար, որը գոնե նախորդ նախագահական ընտրություններից հետո չի զլացել մի լավ «քլնգել» մինչև վերջին խորհրդարանական ընտրությունները իշխանական կոալիցիայի կարևորագույն օղակ հանդիսացող ԲՀԿ-ին և այսօր ստիպված է կոնսուլտացիաներ սկսել ու բանակցել ԲՀԿ-ի հետ միասնական գործողությունների շուրջ, այդ գինը կարող է լինել կազմալուծումը, քանի որ այս քաղաքական դաշինքի մեջ ոչ բոլորն են համամիտ ԲՀԿ-ի հետ միասնական դիրքերից հանդես գալուն:

ՀՅԴ-ի համար այդ գինը կարող է լինել այն, որ պետք է «յոլա գնա» ՀԱԿ-ի հետ, որի կորիզը ՀՀՇ-ն է, այն կուսակցությունը, որը ժամանակին կասեցրեց իր գործունեությունը Հայաստանի տարածքում և քաղաքական հետապնդումներ իրականացրեց ՀՅԴ-ականների դեմ. կուսակցության այսօրվա մեծամասնությունն այն ժամանակ բանտ էր նետվել հենց ՀՀՇ-ի «թեթև ձեռքով»: Ու ՀՅԴ-ի համար ՀԱԿ-ի հետ համագործակցելու գինը կլինի սեփական պատվախնդրությունն ու վիրավորանքը մի կողմ դնելը:

ԲՀԿ-ն էլ կվճարի այն գինը, որ պարտության դեպքում կկորցնի բոլոր այն լծակները, որ մինչ օրս ուներ երկրի կառավարման մեջ,  էլ չասենք կուսակցականների անձնական բիզնեսի և այլնի վտանգումը:

Օբյեկտիվ իրականությունը հուշում է, որ այդ միությունը և միասնական ճակատից հանդես գալն այնքան էլ հավանական չէբայց և քաղաքականության մեջ երբեք ոչինչ չի կարելի բացառել:

 

 

 

Դիտվել է 2246 անգամ:
Print Friendly

Leave a Reply