Այսօր մեկնարկում է «Կենգուրու» մրցույթը հանրապետության 902 դպրոցներում միաժամանակ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2010 10:05

Այսօր Հայաստանի ողջ տարածքում մեկնարկում է  «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը:

«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: Մրցույթին մասնակցում են  3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և առարկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել դպրոցականների համար:

«Կենգուրու» խաղ-մրցույթը նախևառաջ ընդգծում է  Մաթեմատիկա առարկայի կարևորությունը. այսօր ստեղծվում են առանձին ավագ դպրոցներ, որոնք ունեն հոսքային տարբերակված ուսուցում, և բոլոր հոսքերում կարևոր տեղ է գրավում «Մաթեմատիկա» առարկան, որի ժամաքանակը բավականին կայուն է ուսումնական պլանում»,-ասում է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Այս տարի մրցույթին կմասնակցի 39 400 աշակերտ Հայաստանի 902 դպրոցներից:

Մրցույթի արդյունքում մասնակից դպրոցներն ու աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաները կարժանանան պատվոգրերի և մրցանակների: Մրցույթի հաղթողները կմասնակցեն ամենամյա միջազգային ամառային ճամբարների, որոնք կազմակերպվում են «Կենգուրու առանց սահմանների»  ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից որևէ մեկում:

Դիտվել է 3040 անգամ:
Print Friendly

Leave a Reply