Գաբրիել Պողոսյանը չի ղեկավարելու Խոսրովի արգելոցը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2012 13:34

Գաբրիել Պողոսյանը չի նշանակվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնում:

«Արգելոցի տնօրենի նշանակման ժամկետի լրանալու օրը՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է նաև Գաբրիել Պողոսյանը: Նախարարը ևս մեկ անգամ կարևորելով արգելոցի կառավարման հետ կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաև թեկնածուի հետ կապված հանրային ոչ միանշանակ արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները և տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում:

Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այսօր, առավել ևս քան երբևիցե, արգելոցը լինելու է ինչպես նախարարության, այնպես նաև հասարակական կազմակերպությունների ուշադրության կիզակետում:

Գաբրիել Պողոսյանը, գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին:

Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը»,- հաղորդում են բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած քննությանը արգելոցի տնօրենի թափուր հաստիքի համար հայտ ներկայացրած անձանցից ներկայացել էր միայն Գաբրիել Պողոսյանը` հավաքելով հնարավոր 100-ից 80 միավոր: Իրողությունը, սակայն, բուռն արձագանք գտավ հանրության և բնապահպանների շրջանակներում. Նոնո մականունով հայտնի Պողոսյանը, ով Արտաշատի ավագանու անդամ է, չունի համապատասխան բարձրագույն կրթություն արգելոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Քննությունից օրեր անց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի և Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունները հայտարարեցին, որ կդադարեցնեն արգելոցի ֆինանսավորումը, եթե Պողոսյանը նշանակվի տնօրենի պաշտոնում:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply