Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշները նվազման միտում ունեն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 29, 2012 12:51

Առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարձր որակը մայրական և նորածնային հիվանդացության և մահացության կրճատման գրավականն է: Այս մասին այսօր խոսվեց «Մայրական և նորածնային հիվանդության և մահացության կրճատումը Հայաստանում» թեմայով աշխատաժողովի ընթացքում:

Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստան ժամանած ներկայացուցիչները նշեցին, որ ԱՀԿ-ն, սերտ համագործակցելով ՄԱԿ-ի մյուս գործակալությունների և այլ միջազգային գործընկերների հետ, օգնում է երկրներին բարելավել մայրական և նորածնային առողջության պահպանման որակյալ ծառայությունների հասանելիությունը:

2010-ին անցկացված Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության արդյունքների համաձայն անցած տասը տարիների ընթացքում մանկական մահացությունների թիվը կրճատվել է:

Այսպես, նորածնային մահացության  ցուցանիշները  նվազել են` 2001-2005 թթ. ընթացքում արձանագրած 24-ից հասնելով 13 մահվան դեպքի` 1000 կենդանածնի հաշվով 2006-2010 թթ-ի ընթացքում: Նմանատիպ անկում նկատվում է նաև մինչև 5 տարեկան երեխաների շրջանում` 27-ից 16 մահ 1000 կենդանածնի հաշվով:

Սակայն, հետազոտությունները ցույց են տալիս, որ գյուղական բնակավայրերում նորածնային մահացության մակարդակն ավելի բարձր է, քան քաղաքային բնակավայրերում:

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կարինե Սարիբեկյանը իր խոսքում նշեց, որ ՀՀ կառավարությունը մոր և մանկան խնդիրների վերաբերյալ ունի ընգծված քաղաքականություն և լուրջ ուշադրություն է դարձնում այս հարցին:

Այդ է վկայում նաև այն, որ Սարիբեկյանի խոսքով, 2007-ից այս կողմ մոտ երկու անգամ ավելացել է մոր և մանկան առողջության պահպանման համար կառավարության կողմից հատկացվող բյուջեն:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply