Հարավկովկասյան երկաթուղին նոր սակագներ է սահմանել հաջորդ տարվա համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 29, 2012 11:47

Հաստատվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջազգային, մերձքաղաքային և տեղական հաղորդակցություններում ուղևորափոխադրումների սակագնային քաղաքականությունը, որն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հունվարի 1-ից: Փաստաթուղթը մշակված է միջազգային կանոնների և ԱՊՀ մասնակից երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի դրույթների համաձայն: Սակագնային քաղաքականության դրույթներն ուղղված են երթևեկության կանոնների հեշտացմանը և ընկերության ֆինանսական ռիսկերի նվազեցմանը:

Ընկերությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ համաձայն այդ քաղաքականությանը՝ Հայաստանի երկաթուղում ներդրվել են 5 հիմնական սակագնային զոնաներ՝ մինչև 50 կմ, 51 կմ-ից մինչև 100 կմ, 101 կմ-ից մինչև 160 կմ, 161 կմ-ից մինչև 220 կմ և 221 կմ-ից մինչև 300 կմ: Մինչ այդ ՀԿԵ-ում գործում էին 18 նման զոնաներ:

Սակագնային քաղաքականության հիմնական նորույթներից է մեկ զոնայի սահմաններում ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից հաճախ օգտվող ուղևորների համար աբոնեմենտների գործածումը: Այժմ երկաթուղու մշտական ուղևորները հնարավորություն կստանան աբոնեմենտներ գնել 30 օրացույցային օրերի համար: Ընդ որում, նշված ժամանակահատվածի ընթացքում 48 ուղևորություն կատարելուց հետո, էլեկտրագնացքում երթևեկելը ամսվա մնացած օրերին ուղևորի համար կլինի անվճար:

Հունվարի 1-ից նորույթներ են սպասում նաև «ՀԿԵ» ՓԲԸ միջազգային գնացքների ուղևորներին. աշխատանքային օրերին իջեցվելու են միջազգային հաղորդակցությունում գործող բազային սակագնի ինդեքսավորման գործակիցները, և այսպիսով տոմսերի գներն աշխատանքային օրերին կլինեն սովորականից ավելի ցածր:

Կիջեցվեն նաև «Արմենիա» ֆիրմային գնացքի վերևի տեղերի համար տոմսերի գները: Այս միջոցները ձեռնարկվում են նման տոմսերի պահանջարկի խթանման համար:

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply