Ինտերնետը Հայաստանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 17, 2010 22:28

Circle.am կայքն սկսել է հրապարակել  «Ինտերնետը Հայաստանում» զեկույցը, որն այսուհետ կհրապարակվի ամիսը մեկ անգամ:

Ըստ ներկայացված զեկույցի` այցելությունների 41.6%-ը բաժին է ընկնում հայաստանյան այցելուներին և անցած ամիսների ընթացքում սույն գործակիցը կտրուկ աճ է գրանցել` մոտ 6-7%, որը պայմանավորված է նրանով, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանում մանրածախ ինտերնետի շուկան աճել է 15-17%-ով:

Միևնույն ժամանակ, արտասահմանյան այցելությունների աճը կազմել է 3-5%: Հայաստանի մանրածախ ինտերնետի շուկայի զգալի աճը 2009թ.-ի հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսների ընթացքում ինտերնետ հաղորդակցության ոլորտում տեղի ունեցած ակտիվ

զարգացումների հետևանք է (Օրանժ Արմենիայի գործարկում, Ucom-ի գործարկում, զանազան պրովայդերների կողմից իրականացված լայնամասշտաբ ակցիաներ և գների զգալի անկում):

2009թ.-ի ապրիլ ամսից մինչ այժմ գրանցված կայքերի քանակն ավելացել է 200-ով: Դրանցից  միայն 20%-ն է, որ զգալի կերպով ազդել է ընդհանուր այցելությունների քանակի վրա:

Փետրվար ամսվա տվյալների համաձայն` Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների ցուցակի բացարձակ առաջատարն է «Beeline»-ը, որի բաժինը կազմում է 38.48%:  Beeline-ի սույն ցուցանիշը հիմնականում պայմանավորված է dial-up և ADSL (Hi-Line) ծառայություններով, իսկ Beeline-ի բջջային ինտերնետի ծավալները մոտավորպես համապատասխանում են ընկերության գլխավոր մրցակիցներ` Vivacell-MTS-ի և Orange-ի նույն ծառայության ծավալների մակարդակին` 11-12%:

Երկրորդ տեղում է (12.27%) «Orange»-ը: Գործունեության 3 ամիսների ընթացքում բջջային երրորդ օպերատորին հաջողվել է չափազանց բարձր ցուցանիշ արձանագրել, և սա միայն բջջային ինտերնետի հաշվին: Հայաստանում վերջին ամիսներին բջջային ինտերնետի կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է շուկայում «Orange»-ի հայտնվելով և դրա հետևանքով վերջինիս գլխավոր մրցակիցների` Vivacell-MTS-ի և Beeline-ի կողմից ձեռնարկված կտրուկ քայլերով:

Երրորդ տեղում է «Vivcell-MTS»-ը, որի բաժինը կազմում է 11.69%: Circle.am-ի տվյալներով` առաջատար բջջային  օպերատորին դեռևս չի հաջողվում ստանձնել նաև բջջային ինտերնետի առաջատարի դիրքը:

Ընդհանուր առմամբ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հսկաներին բաժին է ընկնում այցելությունների  62.44%-ը, իսկ բջջային ինտերնետի բաժինը կազմում է մոտավորապես 33-35%:

Չորրորդ տեղում է ADC ընկերությունը` իր 7.76% մասնաբաժնով, որին հաջորդում է «Arminco»-ն` 6.83%:

Circle.am-ի փետրվար ամսվա տվյալների համաձայն` Հայկական կայքերի 76%-ի հոսթինգը գտնվում է արտասահմանում, իսկ մնացած 24%-ինը` Հայաստանում:

Հոսթինգ ծառայություններ տրամադրող հայկական ընկերությունների շարքում առաջատարը «Արմինկո» ընկերությունն է: Հայկական ինտերնետային նախագծերըի զգալի մասը (53%) գերադասում են գրանցվել .am դոմեն տիրույթում: Կայքերի 27%-ը գրանցված է .com, 8%-ը`.ru, 3%-ը` .net, իսկ 9%-ը` այլ դոմեն տիրույթներում:

Դիտվել է 3003 անգամ:
Print Friendly

Leave a Reply