ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 28, 2012 19:32

Նոյեմբերի 28-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ մարտի 1-2-ի ընթացքում կատարված հանցագործությունների մեծ մասը մինչ այսօր բացահայտված չեն: Տեղեկացվեց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծն իր ուսումնասիրման առարկայով, հետապնդող խնդիրներով լիովին տարբերվում է նախորդ հանձնաժողովից: ԱԺ պատգամավորը նշեց, որ ստեղծվելիք հանձնաժողովը սահմանափակվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ եւ գնահատելու է ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների հիմնավորվածությունը:
Հանձնաժողովը որոշեց հարցի քննարկումը շարունակել դեկտեմբերի 3-ի նիստում:
Հայկ Բաբուխանյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ քրեական օրենսդրության խնդիրներից, արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, մրցակցության եւ ապացույցների գնահատման սկզբունքներից: Տեղեկացվեց, որ առաջարկվող լրացումը ներդաշնակություն կմտցնի ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի միջեւ: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագիծն ԱԺ աշնանային նստաշրջանի եւ դեկտեմբերի 3-6-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ օրինագծերի փաթեթը մշակելիս նկատի են առնվել ՀԱԿ անդամ կուսակցությունների` ընտրական գործընթացներին մասնակցության փորձն ու դիտարկումները, հայաստանյան եւ օտարերկրյա դիտորդական առաքելությունների եզրակացություններն ու առաջարկությունները: Հեղինակներն առաջարկում են որոշ փոփոխություններ կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում, որոնց կիրառմամբ կբացառվի ընտրողի կամարտահայտման նկատմամբ հսկողության իրականացումը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց կառավարության բացասական եզրակացությունը:
Որոշվեց նախագծերի փաթեթի հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը հետաձգել մինչեւ մեկ տարով:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագիծը: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՀՀ սահմաններից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիները հանրապետության սահմաններում բնակվող ՀՀ քաղաքացիների հետ հավասար իրավունք ունեն ու պետք է ունենան ընտրելու եւ ընտրվելու օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն ՀՀ օրենսդրությամբ:
Հանձնաժողովը օրինագծին դրական եզրակացություն չտվեց:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար դրական եզրակացություն տվեցին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծին:

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply