Վազգեն Սաֆարյանն առաջակում է Զանգեզուրում քիմիկո-մետալուրգիական կոմբինատ կառուցել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 28, 2012 17:06

«Նաիրիտ»-ի նորովի գործարկման և մոդերնիզացման  համար անհրաժեշտ է մոտ կես միլիարդ դոլար գումար: Այս կարծիքին է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ վերջերս կայացած ղազախ գործընկերների հետ հանդիպման ժամանակ խոսք է եղել նաև «Նաիրիտի» մասին, իրենք առաջարկել են ներդրումներ կատարել` գործարանը ճգնաժամից դուրս բերելու համար, և ղազախները չեն անտեսել այդ առաջարկը. «Ղազախստանում «Նաիրիտի» արտադրանքի կարիքը կա. «Ղազախական կողմից արձագանքներ եղան, բայց մեր առաջարկները տնտեսաքաղաքական ոլորտի մեջ հռետորական են մնում»:

Սաֆարյանը խոսեց նաև Զանգեզուրում քիմիկո-մետալուրգիական կոմբինատ կառուցելու իրենց առաջարկության մասին` նշելով, որ այդ կոմբինատի, ինչպես նաև ձուլարանի կառուցմամբ իրենք կարճ ժամանակում կստանան ավելի մեծ շահույթ, քան մեր բյուջեն է:

«Մեր մասնագետները որոշակի հաշվարկներ են կատարել Զանգեզուրի տարածքում կառուցելու քիմիկո-մետալուրգիական կոմբինատ: Սա թեպետ նոր բան է և առայժմ մտահղացում է, բայց մենք ունենք որոշակի հաշվարկներ, այն առումով, որ 50 տարուց ավելի է` Զանգեզուրի կոմբինատը գործում է, և այնտեղ կուտակվել են մեծ քանակությամբ պոչամբարներ, որոնք 1.5 մլրդ դոլար են կազմում: Դրանց մեջ կա 5-7% պարունակությամբ մետաղի պարունակություն: Որպեսզի մենք նոր երկաթահանքեր չբացենք, կարելի է այդ պոչամբարները վերամշակել, որից կարելի է կորզել լրացուցիչ 170 տ սելեն, 70 տ ծծումբ, 3.6 տ ոսկի, 140 տ արծաթ և այլ մետաղներ»,-ասաց Սաֆարյանը` նշելով, որ այդ կոմբինատի կառուցման համար իրենք պետք է տարբեր առաջարկներ անեն տարբեր երկրներին, մասնավորապես` Չինաստանին, որը մետաղի կարիք ունի:

Բանախոսի դիտարկմամբ` այս կոմբինատի կառուցումը կխթանի իրականացնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը` կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծը:

Եթե ներդրումներ չարվեն այս գործում, հարկ կլինի վարկ վերցնել, որը 2 տարում հնարավոր է մարել, որից հետո կոմբինատը կաշխատի խոշոր շահույթով, կարծում է Վազգեն Սաֆարյանը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply