2013թ.-ի բյուջեն որոշակի առաջընթաց ապահովում է. Վազգեն Սաֆարյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 28, 2012 16:38

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով 2013թ.-ի բյուջեն որոշակի առաջընթաց ապահովում է թե´ ծախսերի մասով և թե´ եկամուտների. “Եթե մենք եկամուտները հավաքելու ենք 990 մլրդ դրամի չափով, բնականաբար բյուջեի ծախսերը լինելու են ավելի շատ”:

Սակայն, ըստ Սաֆարյանի, երբ մենք նայում ենք, թե ինչ է դա տալու մեր տնտեսությանը, ինչ է տալու մեր սոցիալական ոլորտին, ապա հասարակության պահանջները կառավարությունից ավելի շատ հարձակողական են:

Բանախոսի խոսքով` շարունակել այս նույն կուրսը և ամեն տարի 100 մլրդ դրամով ավելացնելով բյուջեի ծախսային մասը՝ ակնկալելով, որ դա մեզ բարեկեցություն կբերի, ստիպված կլինենք սպասել շատ երկար տարիներ: “Պետք է կարողանանք ավելի կտրուկ քայլեր կատարել, որպեսզի էական և շոշափելի առաջընթաց ապահովենք”:

Այդ կտրուկ քայլերը Վ. Սաֆարյանը տեսնում է արդյունաբերության զարգացման մեջ: Նա կողմնակից է հենց այդ տարբերակին: Ըստ նրա անձնական դիտարկման` միայն խոշոր արդյունաբերության զարգացմամբ է հնարավոր երկրի տնտեսությունը ոտքի հանել և զարգացնել նաև փոքր ու միջին բիզնեսը, քանզի մեկ խոշոր արդյունաբերական ձեռնարկության գործարկման դեպքում այդ ընկերությանը կսպասարկեն տասնյակ և հարյուրավոր փոքր ու միջին ձեռնարկություններ:

Սաֆարյանի համոզմամբ` պետությունը պետք է սկսի լուրջ քայլեր կատարել Հայաստանի տնտեսության մեջ, պետք է ներդրումներ անի մասնավոր հատվածում և ավելի արդյունավետ սկսի աշխատել, քանի որ տնտեսության պետական կարգավորումն այսօր ավելի քան անհրաժեշտ է:

Վազգեն Սաֆարյանը նշեց, որ ինքը միշտ էլ կողմ է եղել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, սակայն, դա ունի քաղաքական ենթատեքստ. “Մենք այսօր ունենք 80.000-ից ավելի ձեռներեցներ կամ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներ: Նրանք այսօր ինչ-որ չափով պաշտպանված չեն եղել, և մեր պահանջների արդյունքում էր, որ կառավարությունը հարկային փաթեթում փոփոխություն մտցրեց` ուղղված փոքր ու միջին բիզնեսի պահպանմանն ու զարգացմանը:

Ըստ Սաֆարյանի` դրա քաղաքական ենթատեքստն այն է, որ այդ ձեռներեցները, կարողանալով ապահովել բավարար եկամուտ, այլևս ընտրություններին չեն գնա ու այս կամ այն թեկնածուի կողմից առաջարկվող 5-10 հազար դրամը վերցնելով իրենց ձայնը չեն վաճառի, այլ արդեն սեփական կողմնորոշմամբ կընտրեն նրան, ում ցանկանում են:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply