Սանկտ-Պետերբուրգում ադրբեջանցիները «սարքել» են Մասիսի քաղաքապետի եղբոր գլխին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2012 11:32

Սանկտ-Պետերբուրգում ադրբեջանցիները «սարքել» են Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբոր Գրիշա Հակոբյանի գլխին եւ նրա ուղեբեռի մեջ տասնյակ կիլոգրամներով հաշիշ են տեղադրել, որպեսզի նրան դուրս թողեն ծաղիկի բիզնեսի շուկայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը եւ ավելացրեց, որ եղբորը 2 ամսով կալանավորել են:

«Եղբորս փաստաբանները բողոքարկել են որոշումը: Մինչեւ դեկտեմբերի 14-ը բողոքը քննարկվելու է: Եղբայրս Սանկտ-Պետերբուրգում զբաղվում է ծաղիկի բիզնեսով: Սակայն ադրբեջանցիները ցանկանում են, որ իրենք ընդհանուր շուկային տիրանան եւ չեն ուզում, որ այլազգին լինի այդ բիզնեսում: Հիմնական պատճառներից մեկն էլ նա է, որ եղբայրս Սանկտ-Պետերբուրգի ծաղիկի բիզնեսում միակ հայն է: Մի քանի ծաղիկի մեծածախ օֆիսներ են, որոնցից մեկը իրենն է: Մնացած բոլորը ադրբեջանցիներինն է»,- պատմեց Մասիսի քաղաքապետը:

Հարցին, թե ինչ ապացույցներ կան, որ թմրամիջոցը իր եղբորինը չէ, նա ասաց. «Տվյալ ապրանքը, որ եկել է կոնկրետ այդ ապրանքի արկղի վրա, իր ֆիրման չէ գրված եղել: Լրիվ ուրիշ ֆիրմայի անուն է եղել գրված: Իսկ, թե ինչպես է այդ թմրամիջոցը հայտնվել իր ապրանքների արկղերի մեջ, դա ոչ մեկը չի կարողանում ասել»: Նրա խոսքով, 21 տարի է , ինչ եղբայրը Սանկտ-Պետերբուրգում զբաղվում է ծաղկի բիզնեսով: Իսկ ընտանիքի մի մասը Հայաստանում է, մյուս մասն էլ այնտեղ, բայց անընդհատ գնում, գալիս են: Ծաղիկներն էլ ներկրում է Եվրոպայից, Կոլումբիայից, Մարոկոյից եւ այլ երկրներից: Հարցին, թե հնարավոր է, որ այդ ճնշումներից եւ ազատ արձակվելուց հետո եղբայրը թողնի ծաղկի բիզնեսը, Սաշա Հակոբյանն արձագանքեց. «Ես եղբորս ճանաչելով ասեմ, որ ինքը չի թողնի այդ բիզնեսը, քանի որ սկզբունքի հարց կա: Ես եղբորս հետ չեմ խոսել, բայց խոսողներ եղել են: Ինքը իրեն շատ լավ է զգում եւ վստահ է, որ կհասնի իրականության բացահայտմանը»,- ամփոփեց Մասիսի քաղաքապետը:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply