Թուրքիայի հայկական կառույցները թիրախ են դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2012 9:53

«Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միության» նախագահ Գյոքսել Գյուլբեյը «Twitter»–յան իր էջում թիրախ է դարձրել գլխավորապես Ստամբուլում և Թուրքիայում գտնվող հայկական դպրոցները, եկեղեցինեը և հիմնարկները, որը մեծ արձագանք է գտել սոցիալական մեդիայում:
Այսպես Գյուլբեյը իր էջում «Ստամբուլի Հայոց պատրիարքության հիմնարկներն ու եկեղեցիները» վերնագրի տակ մեկ առ մեկ տարածել է դրանց հասցեները`մասնանշելով իբրև թիրախներ: Այս հրապարակելուց մեկ օր առաջ էլ Գյուլբերը լուրեր էր տարածում, որ թուրքական իշխանություններում ծագումով հայ երկու պատգամավոր կա:
«Ակոս»-ը գրում է, որ Գյուլբեյը, որը թշնամությունն ու հայերին թիրախի տակ առնելը իր համար մասնագիտություն է դարձրել, զերծ չմնաց նաև Ստամբուլում գործող հայկական կառույցներին «հայկական խմբավորումներ» անվանելուց: Նա նշել է, որ պետք է թույլ չտալ, որպեսզի գործեն հայերին պատկանող 57 կառույցն ու 21 դպրոցը: Ավելի վաղ նա բողոքել էր ներքին գործերի նախարարությանը, նշելով, թե այսքան հայկական կառույցների կարիք չկա:
Մշտապես հակահայկական գործունեությամբ զբաղվող այս միության մասին Իգդիրում Ադրբեջանի դեսպան Ասիման Ալիևը ասել է. «Մենք խրախուսում ենք միության արած աշխատանքները: Ինչպես և միությունն է ասում`հայերի այս անհիմն ստերի բացահայտման մեջ արված գործողությունների համար ձեզ շնորհավորում եմ և խրախուսում եմ արդարացի ձեր բոլոր գործերը»: Ադրբեջանցի դեսպանը կարևորելով միության կատարած աշխատանքը և՜ Թուրքիայի, և՜ Ադրբեջանի համար, նշել է. «Ձեր միությունը շատ ազդեցիցկ դեր է խաղացել Թուրքիայում հայերի հողի անհիմն պահանջները հրապարակ հանելու և ցեղասպանության սուտ լինելը հասարակությանը հասցնելու հարցում»:
Քանի որ «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միության» գործողությունները մեծ արձագանք են գտել թուրքական լրատվամիջոցներում, ապա մեջբերենք նաև հարցի առնջությամբ «Ակոս»–ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի`«Radikal»-ին տված մեկնաբանությունը: «Գյոքսել Գյուլբեյի արած գործողությունները դիտարկում եմ որպես բացարձակ ազգայնականի պահվածքի դռսևորում: Այստեղ ավելի խորը և մութ մտայնություն է ի հայտ գալիս: Հայկական կառույցների հասցեները հրապարակելով և դրանք որպես թիրախ մատնանշելով` ակնհայտ հարձակումներ են նախապատրաստվում: Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի իրավապահները գործի անցնեն`«հասարակական անդորրը խախտելու» և «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու» հոդվածներին համապատասխան: Սա վտանգավոր իրավիճակ է և անհրաժեշտ է րոպե առաջ վերջ դնել սրան»,-նշել է Քոփթաշը:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply