Պետդեպարտամենտ. «Որևէ հիմք չկա` կանգնեցնելու Ցեղասպանության բանաձևը»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | March 18, 2010 4:22
Չնայած Օբամայի վարչակազմի ընդդիմությանը, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի սպանությունները Ցեղասպանություն ճանաչող ԱՄՆ Կոնգրեսի բանաձևը կշարունակվի առաջ գնալ. այս մասին հաղորդում է The Associated Press-ը` հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Փիլիպ Գորդոնի խոսքերը:
Նշենք, որ Օբամայի վարչակազմը օրենսդիրներին պահանջել էր ընթացք չտալ, որ բանաձևը դրվի Կոնգրեսի ընդհանուր նստաշրջանի քվեարկությանը:
Պետքարտուղարի օգնական Փիլիպ Գորդոնը լրագրողներին հայտնեց, որ Կոնգրեսի ղեկավարները որևէ հիմք չունեն` կասեցնելու բանաձևի ընթացքը:
Այս հայտարարությունը, փաստորեն, հակասում էր Պետդեպարտամենտի ավելի վաղ արած հայտարարությանը:
«Կոնգրեսը անկախ մարմին է. նրանք անելու են այն, ինչ որոշեն»,-ասաց Գորդոնը Բրուքինգս ինստիտուտում իր ելույթի ժամանակ:
Թուրքիան խիստ ընդդիմանում է բանաձևին. մասնավորապես հետ էր կանչել Վաշինգտոնում իր դեսպանին այն բանից հետո, երբ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը դատապարտող այդ օրինագծին:
Գորդոնն այս առումով ընդգծեց, որ հանձնաժողովի որոշումը ազդեց ամերիկա-թուրքական հարաբերություններին այն դեպքում, երբ Միացյալ նահանգները Թուրքիային դիտում է` Իրանի միջուկային ամբիցիաները չեզոքացնելու գործում դերակատար: Բայց նա նաև հավելեց, որ ԱՄՆ-ը արտաքին քաղաքական խնդիրների լայն սպեկտրում Թուրքիայի հետ համագործակցության վատթարացում չի տեսնում:
Գորդոնը նշեց, որ բանաձևը խոչընդոտում է Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Միևնույն ժամանակ Գորդոնը ժխտեց այն տեսակետը, թե Հայաստան-Թուրքիա գործընթացը կասեցված է:
«Ես իրոք կարծում եմ, որ երկու երկրների ղեկավարությունները նպատակադրված են անելու դա (վավերացնելու արձանագրությունները)»,-ասաց նա լրագրողներին:
Գորդոնը նաև նշեց, որ Օբամայի վարչակարգի մոտեցումն այն է, որ լավ կլիներ` պատմական խնդիրներով զբաղվեին այդ երկու երկրները` դիտարկելով այն` որպես երկխոսության գործընթացի մաս:






Facebook
Tweet This
Email This Post
